Ձախողում 4-րդ փորձից. ՍԴ դատավոր նորից չընտրվեց

ապրիլի 16, 2019

Ապրիլի 16-ին խորհրդարանը դարձյալ ՍԴ դատավոր չընտրեց: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուի՝Գոռ Հովհաննիսյանի օգտին կողմ քվեարկեց ընդամենը 24, դեմ՝ 75 պատգամավոր:

Սա ՍԴ դատավոր ընտրելու խորհրդարանի 4-րդ փորձն էր: Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնը չի համալրվում 2018 թվականի մայիսից:

ՍԴ դատավորի առաջին թեկնածուն էմիլ Բաբայանն էր, որի ընտրությունը տապալվեց 2018-ի մայիսի 4-ին: Երկրորդը Ելիզավետա Դանիելյանն էր՝ առաջադրված Դատավորների ընդհանուր ժողովի կողմից , նա նույնպես խորհրդարանում բավարար ձայներ չստացավ: Երրորդ թեկնածուն Վահե Գրիգորյանն էր, որին դարձյալ առաջադրել էր ՀՀ նախագահը, սակայն թեկնածությունը նախորդ գումարման խորհրդարանի մեծամասնությունը չպաշտպանեց:

Գոռ Հովհաննիսյանն ապրում և աշխատում է Գերմանիայում, սահմանադրական իրավունքի մասնագետ է, դասավանդում է գերմանական համալսարաններից մեկում : Ասաց, որ երկու շաբաթով արձակուրդ է վերցրել՝ Հայաստանում ՍԴ անդամի ընտրությանը մասնակցելու համար:

«Անդրադառնալով իմ անձին՝ կարող եմ ասել, որ երբեք քաղաքական որևէ կուսակցության չեմ հարել, երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ, մտադիր էլ չեմ զբաղվել, երբեք քաղաքական որևէ ուժի ներկայացուցչի ծառայություն չեմ մատուցել, ծառայություն չեմ ստացել, դրա համար էլ որևէ մեկից որևէ բան չեմ ակնկալում ու որևէ մեկին որևէ բան պարտք չեմ», - խորհրդարանում ասաց թեկնածուն։

Նաև նշեց, որ գիտի՝ Հայաստանում դատարանների նկատմամբ վստահության պակաս կա, և ցանկանում է իր օրինակով ապացուցել, որ Հայաստանում դժվար չէ լինել անկախ ու օբյեկտիվ դատավոր։

Գոռ Հովհաննիսյանը նաև մի ուշագրավ հայտարարություն արեց. «Հարգելի խորհրդարան, ես միաժամանակ նաև գիտակցում եմ, որ ինքս որոշակի զոհողության եմ գնում իմ այս քայլով: Ես պատրաստ եմ հրաժարվել իրավունքի ոլորտում առաջատար երկրում՝ Գերմանիայում, իմ գիտական կարիերայից, իմ ընկերներից, իմ գործընկերներից և շատ այլ բաներից, և դա միայն մեկ նպատակի համար՝ ես ուզում եմ իմ ներդրումն ունենալ հայկական իրավունքի զարգացման մեջ»:

«Զոհողություն» բառը տարակուսանք առաջացրեց պատգամավորների շրջանում. «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Վարդևան Գրիգորյանը, որպես ավագ ընկեր, թեկնածուին հորդորեց. «Ուղղակի պիտի խնդրեի, որ Հայաստան վերադառնալը զոհաբերություն չհամարեք»:

Այս հորդորից հետո թեկնածուն ցավ հայտնեց, որ իր ձևակերպումը ճիշտ չի հասկացվել ու երկար բացատրեց, թե ինչ նկատի ուներ. «Ես նկատի ունեմ, որ երկար տարիներ ապրելով, աշխատելով երկրում, մարդը ստեղծում է մի կյանք՝ իր շրջապատով, գործընկերներով ու հեշտ չի ուղղակի վերցնել, եզրափակել քո մի ամբողջ կյանքը ու նոր կյանք սկսել: Բայց ես պատրաստ եմ դրան»:

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյանի հարցը թեկնածուին շատ պարզ էր՝ 2008-ի մարտի 1-ի ոճրագործության ժամանակ ի՞նչ զգացումներ է ունեցել: «Պիտի ասեմ, որ մարտի 1-ին, կոնկրետ էդ շրջանում ես չեմ եղել Հայաստանի Հանրապետությունում: Լուրերով եմ հետևել էդ դեպքերին, ու կարելի է ասել՝ես սարսափած էի, ես անընդհատ զանգում էի տուն, որպեսզի իմանամ՝ հո իմ հարազատները էդ ամենի մեջ չե՞ն խառնվել և ի՞նչ է կատարվում ընդհանրապես: Ես շատ անհանգիստ վիճակում էի», - եղավ Գոռ Հովհաննիսյանի պատասխանը:

Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները նաև համոզված չէին, որ Գոռ Հովհաննիսյանի փորձը բավարարում է օրենսդրությամբ սահմանված պահանջին: Ըստ Սահմանադրության ՝ ՍԴ դատավորը պետք է առնվազն 15 տարվա մասնագիտական փորձառություն ունենա: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ թեկնածուի փաստաթղթերում թերություններ են նկատել, ուղարկել են լրամշակման, բայց լրացումներից հետո փաստաթղթային շփոթը չի վերացել:

«Կարծում եմ՝սա ոչ միայն քաղաքական որոշման հարց է, ոչ միայն մասնագիտական, այլ նաև Ազգային ժողովի՝ որպես ինստիտուտի նկատմամբ ունեցած հարգանքի հարց է։ Շատ կան շատ լավ թեկնածուներ, որոնք այս կամ այն առումով մի քիչ չեն համապատասխանում, հիմա մենք պետք է ամեն անգամ ոտնահարե՞ն ք այս հարցերը, անտեսե՞նք դրանք։ Գաղտնի քվեարկություն է լինելու, յուրաքանչյուրդ իր դիրքորոշումը կարող է հայտնել քվեարկությամբ»,- նշեց Արարատ Միրզոյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները լուրջ վերապահումներ չունեին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Գոռ Հովհաննիսյանը լավ թեկնածու է, կապ չունի ո՛չ նախկին, ո՛չ գործող իշխանության հետ և բավարարում է անկախության չափանիշներին: «Բարգավաճ Հայաստան» -ը դիրքորոշում չհայտնեց, բայց խմբակցության պատգամավորների մեծ մասը չմասնակցեց փակ գաղտնի քվեարկությանը:

Ընտրությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հովհաննիսյանն ասաց, որ նիստերի դահլիճում իրեն ուղղված հարցերից հետո քվեարկության նման ելքը սպասելի էր: «Փաստաթղթերի հետ կապված պրոբլեմը, որ այդքան բարձրացվեց ու քննարկվեց, կարող եմ ասել՝ արհեստական էր», -ասաց նա;