Իշխանություն-ընդդիմություն. «լավագույն» ավանդույթները շարունակվում են

ապրիլի 16, 2019

Ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում կռիվ էր: ԲՀԿ-ն կռիվ ուներ «Իմ քայլի» հետ, «Իմ քայլը»՝ ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի»: Իրար հետ վիճեցին Էդմոն Մարուքյանն ու Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Համազասպ Դանիելյանը: Վեճն ու կռիվը տևեց ավելի քան մեկ ժամ, ի վերջո Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հարցրեց. «Էս կռիվն ինչի՞ մասին էր»:

Ինչից է դժգոհ ընդդիմությունը

«Բարգավաճ Հայաստանը» պոպուլիստ է, «Իմ քայլը»՝ դեմագոգ. միմյանց մասին այսպիսի կարծիք ունեն ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ու Տիգրան Կարապետյանը՝ «Իմ քայլից», և դա բարձրաձայնեցին նիստերի դահլիճում, օրակարգի հաստատման ժամանակ: Առիթը ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի 3 նախագծերն էին, որոնք չէին արժանացել կառավարության և գլխադասային հանձնաժողովների հավանությանը, իսկ դահլիճում քվեարկության արդյունքում չընդգրկվեցին նաև նիստերի օրակարգ:

ԲՀԿ-ն փոփոխություններ էր առաջարկում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և «Զինապարտության և զինվորականների կարգավիճակի մասին» օրենքում. վերջինի նպատակը 18 տարեկան զինվորներին մարտական հերթապահության չուղարկելն էր: ԼՀԿ-ն առաջարկում էր փոփոխել զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը և ընդլայնել շահառումների շրջանակը:

Այս հարցերի շուրջ 1.5 ժամ տևած քննարկումը ի ցույց դրեց իշխանության և ընդդիմության հարաբերության՝ ծանոթ ու անծանոթ կողմերը:

Նախորդ իշխանության նման՝ նոր իշխանությունը նույնպես օգտվում է ընդդիմության գաղափարներից՝ մերժելով նրա ներկայացրած նախագծերը: Այդպես է վարվել, մասնավորապես, ԼՀԿ-ի նախագծի պարագայում. գաղափարը կյանքի է կոչել որպես կառավարության որոշում, իսկ նախագծին տվել է բացասական եզրակացություն: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ կառավարությունը զբաղված է գրագողությամբ. «մեր գաղափարները օգտագործելիս գոնե մի տեղ նշեք»,- ասաց նա:

«Իմ քայլը»՝ երիտասարդ ու դուխով

Խորհրդարանական երեք խմբակցություններից անփորձն ու երիտասարդը լինելու հանգամանքը հանգիստ չի տալիս «Իմ քայլը» խմբակցության երիտասարդ պատգամավոր Մխիթար Հայրապետյանին: «Լուսավոր Հայաստանի» հետ հերթական վեճի ժամանակ նա սպառնալու նման ամբիոնից խնդրեց փոխել հռետորաբանությունը. «Չեմ ուզում ընկալվի որպես սպառնալիք, որ եթե դուք չփոխեք էս ամենը, մենք կփոխենք մեր ոճը։ Ես չեմ ուզում որեւէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ «դուխ»-ի հետ կապված՝ առնվազն էս հատվածը (նկատի ունի «Իմ քայլ»-ին- հեղ.) պրակտիկորեն ապացուցել է, որ ունի»։ Իմ քայլի երիտասարդ պատգամավորի հայտարարությանն ի պատասխան ԼՀԿ-ից արձագանքեցին՝ էս ով ա:

Պատասխանը իր ելույթում տվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ասելով. «Մխիթար Հայրապետյանն ա, հարցեր կա՞ն»:

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կմիանա՞ն

Իշխանության շարունակական մերժումը ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին մղում է միասնության. նրանք կողմ են քվեարկում միմյանց նախագծերին ու միասին փոխադարձում ընդդիմությանն ուղղված քննադատությանը, երբեմն էլ դա անում միմյանց փոխարեն: Օրինակ, երբ Համազասպ Դանիելյանը խոսում էր սաբոտաժ անելու մասին, նկատի ուներ կոնկրետ ԲՀԿ-ին: «Ընդդիմություն ներկայացող խմբակցությունների նախագծերի բովանդակությունը վիճելի է, ուստի «պոպուլիզմ» բառը տեղին է: Գեւորգ Պետրոսյանից ողջամտության մասին ելույթներ ենք լսում, ԲՀԿ-ն էլ խոսում է «նախկին»-ի մասին: Լո՞ւրջ եք ասում, ժողովուրդ: Եկեք դադարեցնենք այս ամենը: Էլի եմ ասում՝ լո՞ւրջ եք ասում, թե ով է ավելի մոտ ժողովրդին: Ակնհայտ է, որ սաբոտաժի մարտավարություն է ընտրված՝ հանրության ականջին օգտակար որոշումներ բերելու համար, որոնց իրականացումը իրենք էլ չեն պատկերացնում, հետո էլ պրոֆեսիոնալիզմի մասին են խոսում»: 
Դանիելյանին, սակայն, սաբոտաժի մասով նախ հակադարձեց Էդմոն Մարուքյանը՝ ասելով. «Ի՞նչ ա նշանակում սաբոտաժ. կառավարությունը մի նորմալ բան ա արել, ու մենք չե՞նք ընդունել: Աշխատեք, աշխատեք, որ չասեք սաբոտաժ»: Հետաքրքրվեց նաև, թե ինչ նկատի ուներ պատգամավորը՝ ասելով «իրենց տարբեր բաներ կոչող ընդդիմություն»: «Հետո կբացատրեմ»,-տեղից բղավեց պատգամավոր Դանիելյանը: «Եթե կարողանաս, կբացատրես»,-արձագանքեց Մարուքյանը:

ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը Համազասպ Դանիելյանին հորդորեց մի քիչ զուսպ լինել ու հիշեցրեց՝ չլինեին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը և էլի մի քանի հոգի, շատերը դահլիճում նստած չէին լինի: «Մի՛ եղեք մեծամիտ, ամեն օր պարտական եղեք Նիկոլ Փաշինայնին, որ դուք այսօր այստեղ նստած եք»: Նաիրա Զոհրաբյանի կոչը ուղղված էր նաև «Իմ քայլի» պատգամաավոր Սոֆյա Հովսեփյանին, որը անհեթեթություն էր անվանել ԲՀԿ-ի նախագիծը: