Կառավարության օպտիմալացման նախագիծն ընդունվեց

ապրիլի 18, 2019

Ազգային ժողովը վերջապես քննարկեց «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 71 կողմ և 40 դեմ հարաբերակցությամբ: Կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ էին:

Նախագծի՝ շուրջ 3 օր տևած քննարկումը բավական բուռն էր. կառավարության նախաձեռնությունը քննադատեցին ոչ միայն խորհրդարանական ընդդիմության պատգամավորները, այլև մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ: Քննարկումը նաև առիթ էր՝ մեծամասնություն- փոքրամասնություն հարաբերությունները հերթական անգամ պարզելու համար:

Նախագծով առաջարկվում է 5-ով կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից հասցնելով 12-ի: Նախատեսվում է լուծարել Սփյուռքի նախարարությունը, Գյուղատնտեսության նախարարությունը միավորել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, Մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Կրթության ու գիտությանը: Որոշ նախարարություններ վերաձևավորվելու և անվանափոխվելու են: Կրճատվելու է 3 փոխվարչապետերից մեկի հաստիքը. չի լինելու առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Կառավարությունն իր նախաձեռնությունը հիմնավորում է տարբեր նախարարություններում գործառույթների ու ստորաբաժանումների կրկնությամբ, պետական ապարատի արհեստական ուռճացվածությամբ: Ըստ գործադիրի՝ նախկին իշխանությունները պատական գերատեսչությունները դարձրել են զբաղվածության կենտրոն՝ իրենց հարազատների ու կուսակիցների համար աշխատատեղեր ապահովելով: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով՝ նախագծի նպատակը կառավարության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելն է:

Կրճատվողների չհստակեցված թիվը

Ընդդիմախոսների հիմնական մտահոգությունը օրինագծի ազդեցության գնահատումն էր: Արդյոք հաշվարկվե՞լ է, թե օպտիմալացման արդյունքում քանի աշխատող է կրճատվելու և որքան գումար է տնտեսվելու: Կառավարությունը հստակ պատասխան չուներ: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ միանգամից կարող են կրճատվել մի քանի տասնյակ աշխատողներ, շուրջ 3 հարյուր աշխատող էլ կմնա ռեզերվում, իսկ տնտեսման մասին հաշվարկ չներկայացվեց:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը նկատեց, թե տևական ժամանակ է, ինչ նախարարությունների ենթակայության տակ տնվող ՊՈԱԿ-ներում, մարզպետարաններում ու այլ գերատեսչություններում կրճատումներ են ընթանում, մինչդեռ կառավարությունը ներկայացնում է, թե նոր պետք է աշխատողները կրճատվեն:

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Պետրոսյանը, հարկատուների միջոցների խնայումը դրական նպատակ համարելով, նկատեց, թե տնտեսումը պետք է սկսել պետական համակարգը ձախողող «անիրազեկ» և «անգրագետ» մարդկանց չնշանակելուց:

«Կառավարության այս կառուցվածքը, ինչպես նաև ծրագրի թերությունները, ևս մեկ անգամ ապացուցում են, որ անհնար է իրականացնել տնտեսական հեղափոխություն: Այս մեկ տարին դա ցույց տվեց»,- քվեարկությունից առաջ ԲՀԿ-ից հայտարարեց Միքայել Մելքումյանը:

ԼՀ խմբակցությունից Արման Բաբաջանյանը հաշվարկ ներկայացրեց, ըստ որի՝ մինչև կրճատումները պետական ապարատի ծախսերը կազմում են 54 տոկոս, կրճատումից հետո կկազմեն 53,4 տոկոս: Բացարձակ թվով՝ տնտեսվելու է շուրջ 1 մլրդ 62 մլն դրամ, որն ըստ պատգամավորի՝ փոքր խնայողություն է:

Ֆինանսների նախարարի մերժված հրաժարականը

Ի դեպ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարությանը հարցապնդում էր ներկայացրել և պահանջել տեղեկատվություն՝ օպտիմալացման արդյունքում կրճատվող աշխատողների թվի, նրանց հետագա ճակատագրի, տնտեսվող գումարի և այլ հարցերի վերաբերյալ: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացմամբ՝ գործադիրը հարցերին հստակ չի պատասխանել: Հարցապնդման քննարկման ժամանակ Մարուքյանը հայտարարեց, որ ստացված գրությունը վիրավորական է և պահանջեց պատասխանը ներկայացրած ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հրաժարականը: Խորհրդարանը 41 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայներով չընդունեց Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետին ներկայացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը:

Սերժ Սարգսյանի չհնացող կոստյումը

Ընդդիմադիր պատգամավորների մյուս մտահոգությունը վերաբերում էր ԱԱԾ-ի ու Ոստիկանության կարգավիճակին: ԼՀ-ն առաջարկում է նախարարությունների թիվը դարձնել 14, այդ կառույցները ընդգրկել կառավարության կազմում ու այդպիսով մեծացնել խորհրդարանի վերահսկողությունը: Ըստ Մարուքյանի՝ այդ փոփոխությունն անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկատարի հեղափոխական շրջանում տված խոստումը: Հակառակ դեպքում, նրա խոսքով, իշխանությունը պահպանում է սուպերվարչապետական համակարգը և հագնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կոստյումը: «Ձեր ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանինն է, կոստյումից երկու կոճակ եք հանել, գիտեք, թե բան եք փոխել»,- հայտարարեց Մարուքյանը:

«Ես, իհարկե, հավատում եմ, որ պարոն Մարուքյանն ամենայն մանրամասնությամբ կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումին, բայց ես ընդգծում եմ, որ մենք միշտ կրել ենք մեր կոստյումը և կրելու ենք մեր կոստյումը: Ոչ ցանկություն ենք ունեցել որևէ մեկի կոստյումը կրել, ոչ էլ ցանկություն է եղել որևէ մեկի կոստյումը մեր հագով ձևելու տեսլականը»,- հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը

Վահագն Հովակիմյանը նաև նկատեց, որ կառավարության կառուցվածքի փոփոխության իրավունքը Սահմանադրության 147 հոդվածի ուժով կառավարությանն է, և ընդդիմությունը կարող է միայն առաջարկություններ անել: Նույն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հակադարձեց, թե աշխարհում չկա որևէ կառավարություն, որը կնվազեցնի իր լիազորությունները: Ըստ նրա՝ կառավարությունը ներկայացրել է կառուցվածքի այն մոդելը, որով ինքն է պատրաստվում աշխատել: Լիլիթ Մակունցը միաժամանակ ընդդիմությանն առաջարկեց միասին մշակել մի նախագիծ, որը հնարավորություն կտա ԱԺ հարցուպատասխանին հրավիրել նաև ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարներին:

Կառուցվածքային փոփոխությունը քննադատեց նաև «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը՝ տեսակետ հայտնելով, որ ճիշտ չէ Մշակույթի նախարարությունն այլ նախարարության մեջ ընդգրկելը:

«Հարգելի պարոն վարչապետ, ինչո՞ւ չեք կատարում ձեր խոստումը՝ կապված ԱԱԾ-ի ու Ոստիկանության կարգավիճակի հետ»,- արդեն կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակը հարցրեց ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե ընդամենը մեկ տարի է, ինչ այդ կառույցները գործում են անմիջապես վարչապետի ենթակայության ներքո, մինչ այդ եղել են կառավարության առընթեր մարմիններ: «Չեմ կարծում, թե տարին մեկ պետք է կառավարման մարմինների կարգավիճակ փոխենք: Գործունեության որոշակի փուլ ամփոփելուց հետո կքննարկենք նաև այդ տարբերակը: Հնարավոր է՝ փուլային լուծումների գնանք: Բայց սուպերվարչապետական համակարգի դեպքում ուզում եմ ուշադրություն հրավիրել մի փաստի վրա. ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը եկել են ԱԺ հանձնաժողովներ և անձամբ հաշվետու եղել պատգամավորներին: Սրանք աննախադեպ փաստեր են, որ ուզում եմ արձանագրենք», -պատասխանեց վարչապետը: