Աջակցություն՝ մարտիմեկյան իրադարձություններից տուժածներին

ապրիլի 22, 2019

Խորհրդարանն ապրիլի 23-ին առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած օրինագիծը: Նախագծով աջակցություն ստանալու իրավունք ունեն 10 զոհերի իրավահաջորդները և այն անձինք, որոնք մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով ստացել են ծանր կամ միջին ծանրության մարմնական վնասվածք: Աջակցության ձևն ու չափը նախագծով չի սահմանվել, այն որոշելու է կառավարությունը: Նախատեսվում է, որ օրենքի ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում գործադիրը պետք է քննարկի ու հաստատի աջակցության տրամադրման ընթացակարգը: Ըստ նախագծի՝ տուժողները կամ նրանց իրավահաջորդները համապատասխան հանձնաժողովին իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել օրենքի ընդունումից հետո 3 տարվա ընթացքում

Տուժածների շրջանակը կարող է ընդլայնվել

Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց թիվը հստակ չէ: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հարցմանը Հատուկ քննչական ծառայությունից պատասխանել են, որ ծանր և միջին ծանրության վնասվածք ստացել է 63 քաղաքացի, նրանցից 32-ը՝ ոստիկան: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ներկայացմամբ՝ տուժել է 187 անձ: Նախարարի համար միանշանակ չէ զոհերի թիվը: «Երբ ես տուժողի իրավահաջորդ էի, հայտարարել էի՝ առնվազն 10 զոհ»,- խորհրդարանում ասաց նախարարը:

Կարող է փոխվել նաև վիրավորների թիվը: Զեյնալյանի կարծիքով՝ հնարավոր է լինեն վնասվածք ստացած անձինք, որոնք ժամանակին խուսափել են հետապնդումներից, չեն ցանկացել դիմել իրավապահ մարմիններին և դատաբժշկական փորձաքննություն անցնել, կամ գուցե արտագաղթել են: Օրենքի ընդունումից հետո նրանք կարող են ներկայացնել իրենց փաստաթղթերն ու աջակցություն ստանալ:

Ոչ թե հատուցում կամ փոխհատուցում, այլև աջակցություն

Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը նախագիծը ներկայացրել էին դեռ 2 ամիս առաջ. այն նախատեսում էր 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց հատուցում տրամադրել: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելուց հետո նախագիծը կառավարության առաջարկով փոփոխվել էր: Արտակ Զեյնալյանը բացատրեց, որ քանի դեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է տուժածների գործերը, ճիշտ չէ փոխհատուցում սահմանելը:

«Սա վնասի հատուցում չէ, և որևէ կերպ պետք չէ շփոթել փոխհատուցման հետ։ Այս գործերը քննվում են ՄԻԵԴ-ում, ավարտվել է գրագրությունը, մոտենում ենք վճիռների կայացման փուլին։ Մեր առաջարկությամբ է հատուցման մասին օրենքը դարձել է աջակցության մասին օրենք»,- ասաց նա:

Այսինքն, տուժողները կարող են օգտվել թե այս աջակցությունից, թե ՄԻԵԴ-ի որոշմամբ սահմանված փոխհատուցումից: Երկուսն էլ տրամադրում է ՀՀ կառավարությունը:

Պատահակա՞ն, թե՞ պլանավորված զուգադիպություն

«Սա միայն նյութական աջակցության նախագիծ չէ: Այս օրինագծով ընդգծում ենք պետության դերը՝ որպես քաղաքացիների իրավունքների, ազատությունների և ժողովրդական արժեքների պաշտպանի»,- հայտարարեց Լենա Նազարյանը:

Փոխնախագահը նաև ընդգծեց, որ նախկին կառավարության կողմից տուժածների նկատմամբ ցուցաբերվել է տարբերակված մոտեցում՝ տուժած ոստիկաններին աջակցություն տրվել է, շարքային քաղաքացիներին՝ ոչ:

«Այս օրենքն այն մասին է, որ Հայաստանում որևէ մեկն իրեն այլևս թույլ չի տա Ազատության հրապարակն անվանել թատերական հրապարակ, որ օլիգարխների սափրագլուխները կամ ոստիկաններն այլևս ձեռք չեն բարձրացնի ժողովրդի վրա: Այս օրենքն այն մասին է, որ ՀՀ-ում արտոնյալներ ու անձեռնմխելիներ չկան, և, ի վերջո, այն մասին է, որ որևէ մեկն իրեն թույլ չի տա ՀՀ քաղաքացուն սպառնալ, թե Մարտի 1-ից դասեր չի քաղել»,- հավելեց Ալեն Սիմոնյանը:

Ուղիղ մեկ տարի առաջ նույն օրը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն էր արել նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Հետաքրքիր զուգադիպությամբ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց Սերժ Սարգսյանի հրաժարականից ուղիղ մեկ տարի անց:

Ուշագրավ է, որ խորհրդարանում այս օրինագծի քննարկման ժամանակ հայտնի դարձավ նաև, որ ՀՔԾ-ն մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործից անջատված մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է հսկողությունն իրականացնող դատախազին: Այդ գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով մեղադրվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը:

Կողմ է նաև ընդդիմությունը

Նախագիծը պաշտպանում են նաև խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները:

«Այն, որ այս օրենքն ավելին է, քան օրենքը, որ քաղաքական մեսիջ է, պատասխանատվության ընկալում, դա ակնհայտ է: Մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը՝ շնորհակալություն հայտնելով նման նախագիծ ներկայացնելու համար: