«Ցեմենտի օրինագծին» կանդրադառնան աշխատանքային խմբի քննարկումներից հետո

ապրիլի 29, 2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը սպասում է, թե երբ է ԲՀԿ խմբակցության ղեկավար, խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանը իրեն նվիրելու «ԱրարատՑեմենտ» գործարանը: Գագիկ Ծառուկյանը ԱԺ ամբիոնից էր խոստացել իր սեփականությունը հանդիսացող ցեմենտի գործարանը նվիրել նրան, ով կապացուցի, որ ինքը այն ձեռք է բերել ընդամենը 200 հազար դոլարով: Ընդ որում, ցեմենտի թեման այնքան կարևոր էր ԲՀԿ ղեկավարի համար, որ նրան ստիպեց պատգամավորական գործունեության ընթացքում երկրորդ անգամ ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից:

Հայկ Գևորգյանը գործարանը ընդամենը 200.000 դոլարով սեփականաշնորհելու մասին ԱԺ-ում հայտարարել էր ապրիլի 19-ին: Ասել էր նաև, թե այդ նույն ժամանակ մեկ ուրիշ ընկերության կողմից կար գործարանում 35 մլն դոլարի ներդրում իրականացնելու առաջարկ։ Ավելի ուշ նա ներկայացրեց «ԱրարատՑեմենտ» գործարանը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ռոբերտո» ընկերությանը հանձնելու՝ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշումը, որը վավերացրել է այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այս հրապարակումից հետո էլ Գագիկ Ծառուկյանը գործարանը Հայկ Գևորգյանին նվիրելու ուղղությամբ որևէ քայլ չարեց։ «Ես պատասխանատու եմ իմ ասածների ու արածների համար, ուրիշներն էլ թող պատասխանատու լինեն իրենց ասածների ու արածների համար»,- Parliamentmonitoring.am-ին ասել էր պատգամավոր Գևորգյանը:

Փոխարենը, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, թե «ԱրարատՑեմենտի» պարտքերի և այլ պարտավորությունների հետ միասին գործարանի արժեքը կազմել է ավելի քան 10 մլն դոլար։ Եղել է նաև ավելի քան 6 մլն դոլարի ներդրում։ Իսկ փաստը, թե գործարանի սեփականատեր հանդիսացող «Ռոբերտո» ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, ԲՀԿ-ի կողմից անտեսվեց։

Ի պաշտպանություն տեղական արտադրողի՞, թե՞ ԲՀԿ ղեկավարի

«ԱրարատՑեմենտի» վերաբերյալ այս բացահայտումների պատճառը «Պետական տուրքի մասին» օրենքում կառավարության առաջարկած այն փոփոխությունն էր, որի համաձայն ներկրվող 1 տոննա ցեմենտի համար սահմանին պետք է գանձվի 22.000 դրամ պետտուրք։ Նախագծին կից հիմնավորում կամ ազդեցության գնահատական գործադիրը չի ներկայացրել, բայց քննարկումների ընթացքում կառավարությունն ու մեծամասնության ներկայացուցիչները մեկնաբանեցին, թե դա արվում է տեղական ցեմենտ արտադրողների շահերը պաշտպանելու համար։ Նման փոփոխություն ներկայացնելու անհրաժեշտությունը առաջացել է, երբ պարզվել է, որ 2018թ. կտրուկ ավելացել է Իրանից ներկրվող ցեմենտը, որը անհամեմատ էժան է տեղական ցեմենտից։ Եվ եթե դրա վրա պետտուրք չսահմանվի, տեղական ցեմենտը բարձր գնի պատճառով չի վաճառվի, մեր 3 գործարանները կդադարեն աշխատել՝ առանց գործ թողնելով շուրջ 2000 աշխատողի։

ԲՀԿ-ն կառավարության նախաձեռնությունը դրական էր գնահատում, բայց դժգոհում էր, որ փոփոխությունը, ընդունվելու դեպքում, գործելու է ոչ թե մշտապես, այլ ընդամենը 1 տարի: Բացի այդ ԲՀԿ-ն առաջարկում էր նույնքան տուրք սահմանել նաև ներկրվող ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա, բայց առաջարկը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում արդեն մերժվել էր, ինչի պատճառով էլ Գագիկ Ծառուկյանը հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին համարեց «ժողովրդի թշնամի»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նկատեց, որ ելույթներից տպավորություն է, թե օրինագիծը ընդունվում է ոչ թե տեղական արտադրողի, այլ ԲՀԿ-ի համար։ «Այո, կա շահերի բախում, դա բոլորը տեսնում են, բայց անտեսում և հանգիստ քննարկում են։ Տնտեսական լուրջ ազդեցություն ունեցող վերաբերմունք ենք ձևավորում այս նախագծով։ Ակնհայտորեն, սա չպետք է ընդունվի: Աշխատանքային խումբը պետք է քննարկի՝ ինչպես անենք, որ պաշտպանենք տեղական արտադրողին և, միաժամանակ, չխաթարենք մրցակցությունը»,- հայտարարեց նա։

ԲՀԿ-ն, համոզմամբ, որ կառավարության այդ առաջարկությունը ապագա չունի, և կարճ ժամանակ հետո նորից փոխվելու է, նախագծին դեմ քվեարկեց, դեմ էր նաև ԼՀԿ-ն: Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց միայն իշխող ուժի «կողմ» քվեարկությամբ:

ԲՀԿ-ն բոյկոտեց

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 25-ին որոշեց մինչև երկրորդ ընթերցումը աշխատանքային խումբ ստեղծել՝ հասկանալու համար, թե ինչ ազդեցություն կունենա կառավարության ներկայացրած այդ օրինագիծը։ Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, թե դիմել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնին «ԱրարատՑեմենտում» աուդիտ անցկացնելու և ցեմենտի ինքնարժեքն ու այլ մանրամասները պարզելու համար։ Ստացել են նախնական համաձայնությունը։ Կդիմեն նաև ցեմենտ արտադրող մյուս գործարաններին։

ԲՀԿ-ն, սակայն, բոյկոտեց այդ նախաձեռնությունը։ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ նման որոշում են կայացրել, որպեսզի իրենց չմեղադրեն շահերի բախման մեջ։ «Այդ քննարկումների ժամանակ բարձրացվող հարցերի պատասխանները մենք գիտենք։ Մենք գիտենք, թե ցեմենտի ինքնարժեքի մեջ որքան են կազմում ծախսերը, ինչքան է նստում կլինկերը։ Մեզ համար նորություն չի լինելու։ Մենք զերծ ենք մնում, որ պարոն Ծառուկյանի շահագրգռությունը շատ չշահարկվի, մյուս կողմից էլ ասում ենք, որ այդ աշխատատեղերի փակվելու պատասխանատվությունը ձեզ վրա է մնում», - նշեց Մելքումյանը։

Բաբկեն Թունյանի խոսքով՝ ուսումնասիրությունները կտևեն շուրջ մեկ ամիս, և հետո միայն նոր կանդրադառնան «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու մասին նախագծի երկրորդ ընթերցմանը։ Նա չբացառեց, որ ուսումնասիրությունների արդյունքում նախագիծը կարող է լուրջ փոփոխությունների ենթարկվել: