Սև ամպեր՝ Գագիկ Ծառուկյանի գլխին

ապրիլի 29, 2019

ՔՈ-ն ընդդեմ ԲՀԿ-ի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխին սև ամպեր են կուտակվել. «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը դիմել է դատախազություն և ԱԺ նախագահին հորդորել բարձրացնել նրա պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը:

Ապրիլի 29-ին ՔՈ-ն հայտարարեց, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով: ՔՈ-ն քրեական հետապնդում հարուցելու հիմք է համարել Սահմանդրության 95-րդ հոդվածը՝ համաձայն որի «Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»

Բացի այդ՝ ՔՈ-ն գլխավոր դատախազին հորդորում է օրենքով նախատեսված կարգով անցկացնել քննություն` պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առկայության վերաբերյալ։ Նկատենք՝ այս հոդվածը վերաբերում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հանցակազմին: Դրա առաջին մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ»:

Նշենք, որ Գլխավոր դատախազին դիմելու հարցում արտախորհրդարանական քաղաքական ուժի համար հիմք են հանդիսացել ապրիլի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում, ինչպես նաև ԱԺ նիստերի դահլիճում Պետական տուրքի մասին օրինագծի շուրջ քննարկման ընթացքում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները: Գագիկ Ծառուկյանը ցեմենտի բիզնեսի վերաբերյալ խոսում էր առաջին դեմքով, իր անունից և կրկնումէր, որ ինքը ցեմենտի գինը իջեցրել է, ցածր գներով արտահանում է Վրաստան և այլն:

Գլխավոր դատախազից բացի, ՔՈ-ն դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով իրականացնել համապատասխան գործողություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի կատարման համար, այն է՝ Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը։ Ինչպես նաև խնդրել են ստեղծել ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և անցկացնել քննություն խնդրո առարկայի վերաբերյալ:

«Մանրամասնելով՝ նշենք, որ խոսքը վերաբերում է ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածին, ինչի հաստատման դեպքում նշված պատգամավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսը պետական կառավարման համակարգից պետք է տարանջատված լինի և վերջ», -ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների մի մասը հրաժարվեց մեկնաբանել ՔՈ-ի նախաձեռնությունը: Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը Parliamentmonitoring-ին ասաց, որ Գագիկ Ծառուկյանը վաղուց բիզնեսով չի զբաղվում: «Գագիկ Ծառուկյանի բիզնեսները 2002 թվականից հավատարմագրման են հանձնված: Նա ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում», -ասաց Տոնոյանը:

«Իմ քայլը» կզբաղվի ՔՈ-ի նախաձեռնությամբ և Գագիկ Ծառուկյանով

ՔՈ-ի նախաձեռնությունը քննարկման թեմա է դարձել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ապրիլի 29-ի փակ նիստում, որին, ի դեպ, մասնակցել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Մենք քննարկել ենք այդ հարցը, բայց խմբակցությունն այդ մասին որևէ դիրքորոշում չի ձևավորել: Հնչել են տարբեր կարծիքներ», -փակ նիստից հետո լրագրողներին ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նաև տեղեկացրել է, որ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հարցով ԱԺ նախագահը հանդես կգա հայտարարությամբ:

Խորհրդարանական մեծամասնության ղեկավարի խոսքով՝ ՔՈ-ի հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ իրենք դիտարկում են երկու հարթությունում՝ իրավական և քաղաքական: Իրավական գնահատականները, ըստ Մակունցի, կտան իրավապահ մարմինները:

«Իսկ քաղաքական առումով, ինչպես նախկինում ենք հայտարարել, այնպես էլ հիմա ենք ասում՝ չի կարող լինել այնպես, որ իշխանությունը ու բիզնեսը սերտաճեն: Հենց սա մենք նկատի ունենք, երբ հայտարարում ենք, որ Հայաստանում գոյություն չունի օլիգարխիա», -հավելել է Մակունցը:

Այդուհանդերձ, պատգամավորի կարծիքով՝ օրենսդրության մեջ որոշակի ձևակերպումներ կան պատգամավորի կողմից ձեռնարկատիրական գործունեության մասին, ինչի շուրջ հավանաբար առաջիկայում ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը քննարկումներ կազմակերպի և գուցե նաև օրենսդրական փոփոխություններ նախաձեռնի: