ՔՈ-ն ընտրել է հայտնի դառնալու ամենակարճ ճանապարհը. Ի. Տոնոյան

մայիսի 2, 2019

Հարցազրույց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ

Հարցազրույցը արվել է մինչև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ մայիսի 2-ի ֆեյսբուքյան գրառումը: Դրանում խորհրդարանի ղեկավարը տեղեկացնում է, որ գրություն է ուղարկել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ ակնկալելով նրա՝ «առնվազն սպառիչ հրապարակային պարզաբանումները խնդրի վերաբերյալ»: Խնդիրը առնչվում է պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բիզնես գործունեությանը, ինչի մասին ԲՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է տարբեր առիթներով:

- «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող դիմումի առիթով գլխավոր դատախազը հայտարարեց, որ դիմումն ուղարկվել է ՀՔԾ: Սպասո՞ւմ էիք նման ընթացք: Ի՞նչ զարգացումներ կարող են հաջորդել:

-Գագիկ Ծառուկյանն արդեն ասել է, որ ՔՈ հարցապնդումը բացարձակ հիմնազուրկ է, սակայն բնական է, որ օրենքով սահմանված կարգով ցանկացած դիմում պետք է պատկան մարմիններն ուսումնասիրեն և համապատասխան եզրակացություն տան: Անձամբ իմ գնահատմամբ՝ սա Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելով սեփական գոյության մասին հիշեցնելու փորձ է, ոչ ավելին: Որոշ «քաղաքական ուժեր» չունեն քաղաքական հետագիծ, ընտրություններում վստահության քվե չեն ստացել և սեփական քաղաքական օրակարգի բացակայությունը փորձում են կոմպենսացնել կայացած ուժերի անունը շահարկելով: «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, որի անունն, ի դեպ, շատերին հայտնի է դարձել հենց այս պատմության շնորհիվ, ընտրել է ամենակարճ ճանապարհը՝ շահարկել Գագիկ Ծառուկյանի անունը:

-Տեսնո՞ւմ եք քրեական գործ հարուցելու հիմքեր, խախտե՞լ է պարոն Ծառուկյանը Սահմանադրությունը և օրենքները:

-Գագիկ Ծառուկյանն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրության և օրենքի տառին համապատասխան: Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, և այդ մասին հայտարարել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ պարոն Ծառուկյանը 2002 թվականից իր բոլոր բիզնեսները հավատարմագրային կառավարման է հանձնել «Մուլտի Գրուպ» կոնցեռնին:

-ԲՀԿ պատգամավորները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը հավատարմագրային կառավարման է հանձնել իր բիզնեսները, բայց նա իր գրեթե բոլոր հարցազրույցներում առաջին դեմքով պատմում է. «Ես այս գործարանն եմ բացել, ես ցեմենտը Վրաստան եմ տանում…»: Ձեր ընդդիմախոսները հենց այս փաստարկներն են բերում իրենց քննադատություններում: Ի՞նչ կաս եք այս մասին:

ուրաքանչյուր սեփականատեր իրավունք ունի վերահսկել իր կապիտալը: Այո, Գագիկ Ծառուկյանը նշել է, որ այս կամ այն նախաձեռնությամբ է հանդես եկել, սակայն այն պահից, երբ այդ նախաձեռնությունները դարձել են կենսունակ բիզնես ծրագրեր, դրանք հանձնվել են հավատարմագրային կառավարման:

-Հնարավո՞ր է՝ այս քննարկումների արդյունքում Գագիկ Ծառուկյանը վայր դնի պատգամավորական մանդատը:

-Ես երբեք քաղաքական նոստրադամուսության կողմնակից չեմ եղել և այս դեպքում ևս բացառություն չեմ անի: ԲՀԿ-ն ընտրություններում ստացել է տասնյակ հազարավոր քաղաքացիների վստահության քվեն և այսօր խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժն է, իսկ Գագիկ Ծառուկյանն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրության և օրենսդրության տառին համապատասխան:  

-«Իմ քայլի» որոշ պատգամավորներ հայտարարել են, որ Գագիկ Ծառուկյանը պետք է բացատրություն տա: Ըստ Ձեզ, ի՞նչ է դա նշանակում, ինչպե՞ս եք դա պատկերացնում և ի վերջո, տեսնո՞ւմ եք բացատրություն տալու անհրաժեշտություն:

-«Իմ քայլի» իմ գործընկերները կարող են ունենալ իրենց սեփական կարծիքն ու դիտարկումները այս հարցի հետ կապված, սակայն չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանը որևէ բացատրություն տալու անհրաժեշտություն ունի:

-Տեսնո՞ւմ եք այս ամենում քաղաքական ենթատեքստ:

-ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, վայելոււմ է հասարակության վստահությունը, և բնական է, որ ինչ-որ փուլում սա կարող է այնքան էլ հաճելի չլինել այս կամ այն քաղաքական ուժին: Մենք մեր խորհրդարանական գործունեությունն իրականացնում ենք՝ անկախ այն բանից՝ դուր է գալիս դա ոմանց, թե՞ ոչ:

ամուլը գրեց, որ հնարավոր է՝ ԲՀԿ-ն վայր դնի իր 26 մանդատները՝ պարտադրելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Կարո՞ղ է նման բան լինել:

-Որևէ մեկը չի կարող կասկածել ԲՀԿ-ի միասնականությանը ցանկացած հարցում: ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միասնական և կուռ ընտանիք է և ցանկացած որոշման դեպքում հավատարիմ է մնալու այդ սկզբունքին: