Աննախադեպ դատավարություն՝ երեք նախագահների մասնակցությամբ

մայիսի 2, 2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 2-ի նիստում քննարկեց ՀՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդումը: Այն հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հաղորդումը կքննարկվի նաև ԱԺ մայիսի 7-ի լիագումար նիստերի ժամանակ: Փաստաթուղթը քվեարկության չի դրվի, խորհրդարանի կողմից կընդունվի ի գիտություն:

Հանցագործություններն աճել են, սպանությունները` նվազել

«2018թ. Հայաստանում արձանագրվել է հանցագործության 22.551 դեպք, որից 11.344-ը՝ Երևան քաղաքում: Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2266-ով կամ 11.2%-ով: Հանցավորության շարժընթացի վերլուծությունը վկայում է, որ հանցագործությունների դեպքերի աճն ապահովվել է առավելապես միջին ծանրության և ծանր հանցագործությունների հաշվին»,- նշված է դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդման մեջ:

Ըստ հաղորդման՝ նվազել են սպանությունները. 2018-ին գրանցվել է սպանության 36 դեպք: Ցուցանիշը նվազագույնն է վերջին 3 տասնամյակների ընթացքում: 2017թ. համեմատ 2018թ. նվազել է նաև անչափահասների հանցավորության ցուցանիշը` 359 դեպք 403-ի փոխարեն: Ի տարբերություն Երևանի՝ մարզերում այդ ցուցանիշն աճել է:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում գլխավոր դատախազը նշեց, որ 3-4 անգամ աճել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը։ Ըստ Արթուր Դավթյանի՝ աճել են բնակարանային գողությունները և ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ հանցագործությունները: «Իսկ գրպանահատության մասով շատ ահավոր վիճակ է. կարելի է ասել նույն անձինք, քաղաքին հայտնի նույն անձինք են, ովքեր ամեն օր, ամեն ժամ այդ գործն են անում, բայց տուժողները հաղորդում չեն տալիս՝ ամենատարբեր պատճառներով։ Պատահում է, որ 2 հազար, 3 հազար դրամ են տանում, բողոք չեն ներկայացնում, մտածում են՝ էդ մի քանի հազար դրամը երևի իրենց պետք չի»,- հավելեց Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազությունն անդրադարձել է նաև 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցված խախտումներին: Ստացված 442 ահազանգերից 11-ի դեպքում հարուցվել է քրեական գործ, որից 9-ի վարույթը կարճվել է, 1-ի վարույթը կասեցվել է՝ անձը հայտնի չլինելու հիմքով, 1-ի նախաքննությունը շարունակվում է:

Դատախազության հաղորդման մեջ հիշատակվել է նաև 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործը: 2018թ. հուլիսի 3-ին այդ գործին միացվել 2008թ. փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում պաշտպանության նախարարի կողմից, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, սահմանադրական կարգը տապալելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Քրեական հետապնդում է հարուցվել նախկին հինգ պաշտոնյաների` նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՊՆ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի և նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ:

Հաղորդման համաձայն՝ գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել են 1000-ից ավելի անձինք, նշանակվել է 23 փորձաքննություն, փորձաքննության է ներկայացվել ավելի քան 146 միավոր հրազեն և մեծ քանակությամբ զինամթերք: Նշենք, որ շուրջ 11 տարի քննվող գործից նախկին պաշտոնյանների մասով անջատված գործի նախաքննությունն ավարտվել է. գլխավոր դատախազության կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել և ապրիլի 29-ին ուղարկվել է դատարան:

Բացառիկ և աննախադեպ` երեք նախագահների մասնակցությամբ

Լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանը շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման չի ենթարկվում, ինչպես նշում են նրա պաշտպանները, նրան մեղսագրվում է կոնկրետ արարք, որը համադրվել է ՔՕ կոնկրետ հոդվածի հետ: Գլխավոր դատախազի ներկայացմամբ՝ Մարտի 1-ի գործի դատավարությունը լինելու է բացառիկ և աննախադեպ: «Դուք կտեսնեք երրորդ հանրապետության նվազագույնը 3 նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակով, կտեսնեք բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնատար անձանց»,- հայտարարեց նա։

Հարցին, թե ամբողջ դատավարությունը դռնբա՞ց է լինելու, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ դռնփակ կանցկացվեն փոքր հատվածներ: Հրապարակային կլինեն ցուցմունքները։ Գլխավոր դատախազի տեղեկացմամբ՝ նախկին պատգամավոր և ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանից արտահանձնելու գործընթացը բնականոն հունի մեջ է: Նա չբացառեց Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից քաղաքացիական ապաստան է խնդրելու հնարավորությունը: «Էքստրադիցիոն գործընթացի իրականացման ընթացքում անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով։ Միջազգային իրավակարգավորումների համաձայն՝ այս գործընթացը գաղտնի է։ Մենք էլ ենք ունենում նման գործեր, երբ անձը մեր երկրից հայցում է ապաստան, մենք պարտավոր ենք պահպանել սահմանված ընթացակարգերը», - հայտարարեց Դավթյանը` հավելելով, որ եթե նրան ապաստան տրամադրվի, ապա կմերժվի անձի հանձնումը։

Նախկին պատգամավոր և բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գտնվելու վայրի մասին դատախազությունը որևէ տեղեկություն չունի, չգիտեն, թե որտեղ է , արդյոք դիվանագիտական անձնագրով լքե՞լ է Հայաստանի տարածքը, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ։

Անցումային արդարադատության և ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին հետաքրքրում էր, թե գլխավոր դատախազն ի՞նչ կարծիք ունի անցումային արդարադատություն «երևակայական երևույթի» մասին: Արթուր Դավթյանը պատասխանեց, որ միջազգային իրավագիտության մեջ նման տերմին չկա։ «Նման տերմին ոչ մի պետության ներպետական օրենսդրության մեջ չեք գտնի։ Սա ընդհանուր գաղափարախոսություն է, որն ամեն երկրում, ամեն իրավիճակում, ամեն հեղափոխությունից հետո ունեցել է կոնկրետ դրսևորումներ»,- ասաց գլխավոր դատախազը։

Պաշտոնյայի խոսքով՝ մեր երկրում անցումային արդարադատության տրամաբանության շրջանակում իրականացվող քայլերը միջազգային իրավունքի սահմաններում են՝ անձի բոլոր իրավունքների երաշխավորմամբ։ «Այդ ամբողջ պրոցեսը անցնելու է գոյություն ունեցող դատարանների միջով, նոր մարմիններ չեն ստեղծվելու։ Իսկ ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մեխանիզմը հայտնի է, մեր երկիրը միացել է դրան վաղուց: Այժմ պետք է կատարի միջազգային ստանձնած պարտավորությունը»,- հավելեց նա: