Իշխանությունը չի ուզում նախադեպ ստեղծել

մայիսի 8, 2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը խորհրդարանում դարձել է քննարկման թեմա: Առիթը ԲՀԿ ղեկավարի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան մանդատից զրկելու մասին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի դիմումն էր Գլխավոր դատախազություն և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Սահակյանը կարծում է, որ «Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանում Գագիկ Ծառուկյանի ելույթը և լրագրողների հետ զրույցը պարունակում են արտահայտություններ`«ես իմ կառավարիչներին ասել եմ էժանացրեք տասը հազար դրամով ցեմենտը», «կարողա ես նրանց գումար չեմ տալիս» և այլն, որոնք ապացուցում են, որ ԲՀԿ ղեկավարը խախտում է Սահմանադրության 95-րդ հոդվածը և մասնակցում է իր սեփականությունը հանդիսացող ընկերությունների կառավարմանը: Գլխավոր դատախազությունը Սուրեն Սահակյանի դիմումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

Ընթացք տալով Սահակյանի դիմումին` Արարատ Միրզոյանը Գագիկ Ծառուկյանին նամակ էր հղել, թե խնդրի վերաբերյալ առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանում ներկայացնեք: Չուշացավ ԲՀԿ ղեկավարի պարզաբանումը, որ ինքը սեփականատեր է, բայց հետևելով Սահմանադրությանն ու օրենքներին` իր ընկերությունները հանձնել է հավատարմագրային կառավարման: Վերջին նման պայմանագիրը կնքել է 2017թ. մայիսին, իսկ իր քայլերը նպատակ են ունեցել նպաստելու տնտեսական հեղափոխությանն ու ներդրումների ներգրավմանը:

Սուրեն Սահակյանը երկրորդ դիմումն է հղել Արարատ Միրզոյանին՝ Գագիկ Ծառուկյանի հարցը քննարկելու համար ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկով: Միրզոյանը հիշեցնում է՝ էթիկայի հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է ԱԺ նախագահի լիազորություններից, բացի այդ՝ կարող է «տարատեսակ շահարկումների տեղիք տալ»։

Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը՝ ճնշում պատգամավորների վրա

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ միայն խմբակցությունները` համապատասխան որոշման նախագիծ ներկայացնելով: ԱԺ-ն քվեարկությամբ այդ նախագիծը ընդունում է կամ մերժում: ԲՀԿ խմբակցությունից արդեն հայտարարել են, որ նպատակահարմար չեն համարում Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը:

Արարատ Միրզոյանը Գագիկ Ծառուկյանի մանդատի հարցը կարող էր լուծել «Իմ քայլը» խմբակցության միջոցով, բայց այս պահին իշխող մեծամասնությունը նախընտրել է այլ տարբերակ, և «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ որոշել է սպասել ՀՔԾ-ի որոշմանը: Ուշագրավ է, սակայն, որ խմբակցության որոշ անդամներ շարունակում են պնդել, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները կասկած են հարուցում, և որ նա զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

«ԲՀԿ-ն Ծառուկյանին դիրքավորում է որպես սեփականատեր, բայց այլ պատկեր է ստացվում Ծառուկյանի՝ հրապարակային տեքստերը վերլուծելիս։ Մենք դեմ չենք. մարդը կարող է լինել ձեռնարկության սեփականատեր և պատգամավոր միաժամանակ, բայց մեզ համար անընդունելի է, որ պատգամավորն ուղիղ զբաղվի ձեռնարկատիրությամբ»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

«Գագիկ Ծառուկյանի պարզաբանումը չի փարատում կասկածները, որ նա զբաղվում է բիզնես կառավարմամբ »,- հավելում է «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր` Հերիքնազ Տիգրանյանը:

Նույն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, սակայն, նկատում է, որ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հետապնդում: «Եթե մենք էթիկայի հանձնաժողով ենք ստեղծում քաղաքական որոշման հիման վրա, դա կարող է դիտարկվել որպես քաղաքական հետապնդում: Եթե չենք ստեղծում` դարձյալ քաղաքական որոշման հիման վրա, ստացվում է, որ մենք ձեռք ենք բերել քաղաքական պայմանավորվածություն: Լավագույն լուծումը իրավապահ մարմինների որոշմանը սպասելն է»,- հայտարերլ է տիկին Մակունցը:

Ըստ Մակունցի՝ պետք է ստեղծել «էթիկայի կայուն հանձնաժողով», որը նման հարցերով կզբաղվի օրենքի ուժով և ոչ թե որևէ խմբակցության նախաձեռնության և պատգամավորների քվեարկության արդյունքում: «Այն իրավիճակը, որը կա հիմա, բավականին մեծ ճնշում է պատգամավորների ու խմբակցությունների վրա: Մենք հանդես կգանք անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություններով՝ Էթիկայի հանձնաժողովը մշտական դարձնելու համար»,- հավելել է նա:

Գնդակը «Իմ քայլի» դաշտում է

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որ 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների շրջանում քննադատում էր ԲՀԿ-ին և հայտարարում, թե Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը ապացուցում է, որ քաղաքականությունը վերջնականապես տարանջատված չէ բիզնեսից, իսկ ներկրվող ցեմենտի վա պետտուրք սահմանելու մասին նախագծի քննարկման ընթացքում ԲՀԿ-ի վարքագծում ակնհայտ շահերի բախում էր նկատում, չի պատրաստվում Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալ: Խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ ոչինչ չի խանգարում, որ «Իմ քայլը» խմբակցությունը դա անի, իսկ իրենք կպաշտպանեն այդ նախաձեռնությունը: ««Իմ քայլն» ունի բավարար թվով պատգամավորներ և կարող է լուծել հարցը, եթե կա քաղաքական որոշում, եթե կա կամք, որովհետև սա արդեն իրավական հարթությունից դուրս` քաղաքական հարց է»,- ասաց նա:

Արման Բաբաջանյանը հիշում է, որ Արարատ Միրզոյանը մեկ տարի առաջ Հանրապետության հրապարակում ժողովրդին խոստանում էր, որ այսուհետ քաղաքականությունն ու գործարարությունը տարանջատվելու են, բայց, պատգամավորի ներկայացմամբ, Գագիկ Ծառուկյանին բացառություն արվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անցած աշնանը Ծառուկյանին պատկանող «Մայնինգ ֆերմայի» բացման ժամանակ էր նրան «շնորհել» «սեփականատիրոջ» կարգավիճակ: «Դրան նախորդեց նաև հուշագրի ստորագրումը, որն ուներ հեռուն գնացող նպատակներ: Եվ եթե «Իմ քայլն» այսօր նախանձախնդիր է որևէ բան անելու, նախ պիտի այդ հուշագիրը ուժը կորցրած ճանաչի: Իսկ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու հարցում բացառություններ չպետք է լինեն, որովհետև Գագիկ Ծառուկյանը չպետք է առավելություն ունենա ՀՀ որևէ տնտեսվարողի նկատմամբ. Լինել պատգամավոր և մի ամբողջ խմբակցություն ծառայեցնել իր բիզնես շահերին»,- եզրափակեց Արման Բաբաջանյանը: