Գլխավոր դատախազը՝ պատգամավորների թիրախում

մայիսի 10, 2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հետհեղափոխական Հայաստանի այն պաշտոնյաներից է, որին ընտրել է դեռևս 5-րդ գումարման Ազգային ժողովը՝ 2016 թվականին: 2019 թվականի մայիսի 8-ին և 10-ին նա 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում էր հաղորդոմ՝ դատախազության 2018 թվականի գործունեության վերաբերյալ, և ակնհայտ էր, որ իշխող խմբակցության պատգամավորները նրան չէին ընկալում որպես յուրային:

Հաղորդման համաձայն՝ 2018-ին 60%-ով աճել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը. 2017 թվականին արձանագրվել է նման 150 դեպք, 2018-ին՝ 240։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ քրեական գործերի քննության մեթոդաբանությո՞ւնն է փոխվել, թե՞ դա «մեր քաղաքական թիմի քաղաքական կամքի դրսևորման արդյունք է»։

Ըստ գլխավոր դատախազի՝ իշխանության փոփոխությունն է հանգեցրել նման վիճակագրության։

«Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար պետություններն անցնում են ճանապարհ։ Այսօրվա նույնիսկ օրինակելի երկրներն այդ ճանապարհն անցել են, և դա մեկ օրում տեղի չի ունեցել։ Այո, դրա համար հնարավորություններ են ավելանում, քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման համար քայլեր են ձեռնարկվում, քաղաքացին ինքը դառնում է նախաձեռնող։ Կոնկրետ կոռուպցիոն հանցագործությունների մասով ես կարող եմ ասել, որ դրան նպաստել է քաղաքացիների նախաձեռնողականությունը և գործադիր իշխանության նախաձեռնողականությունը», -նշեց Արթուր Դավթյանը:

«Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանի հարցը վերաբերում էր դատախազական համակարգում կոռուպցիոն ռիսկերին։ Նա ասաց, որ հանրության շրջանում արմատացած է կարծիքը, որ դատախազները կոռուպցիոներ են, ու հետաքրքրվեց. «Մենք հաղթահարե՞լ ենք այդ մտայնությունը, այլևս սրբե՞ր են դատախազները»։

Դատախազը հիշեցրեց, որ երկրի վրա սրբեր չեն լինում, և դատախազներն էլ սրբեր չեն։ «Ես, որպես գլխավոր դատախազ, այստեղից ձեր բոլորի ներկայությամբ ասում եմ՝ բացառված է կոռուպցիան դատախազական համակարգում։ Առաջինը դա ասում եմ իմ կենցաղով, իմ ամենօրյա օրինակով», -հայտարարեց Դավթյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանին հետաքրքրվեց՝ ապօրինի հարստացումը, արդեն երկու տարի, քրեականացվել է, կա՞ն այս հոդվածով հարուցված քրեական գործեր։

Գլխավոր դատախազն ասաց, թե այդ հոդվածը թեպետ նորություն է հայաստանյան իրականությունում, բայց արդեն հինգ անձի նկատմամբ դրանով քրեական հետապնդում է իրականացվում։ Իրավապահները ակտիվ են եղել նաև փողերի լվացման հանցագործությունների բացահայտման հարցում։ «Կոռուպցիոն հանցագորոծթյունների և դրանցով քրեական հետապնդումների ակտիվացումը, իմ գնահատմամբ, բերելու է նաև հատկապես փողերի լվացման հոդվածով հետապնդումների քանակական աճի», -ասաց գլխավոր դատախազը՝ խուսափելով ապօրինի հարստացման վերաբերյալ գնահատականներ տալուց։

ԼՀԿ-ից Արման Բաբաջանյանը հիշեց 2017-ի հունիսյան դեպքերը, երբ «Սասնա ծռեր» խմբավորումը գրավեց ոստիկանության ՊՊԾ գունդը, իսկ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական տվեց: Պատգամավորը հարցրեց. «Ձեր ո՞ր արժանիքի համար Սերժ Սարգսյանը Ձեզ առաջադրեց գլխավոր դատախազի պաշտոնում, և եթե Դուք չլինեիք ռեժիմի կամակատարը, արդյոք կնշանակվեիք գլխավոր դատախազի պաշտոնում»։

Դավթյանն ասաց, թե չի հասկանում նշված իրադարձությունների կապը և հորդորեց պատգամավորին ծանոթանալ իր կենսագրությանը։ «Բացեք իմ կենսագրությունը և տեսեք՝ դատախազության համակարգում ինչ գործունեություն եմ ծավալել: Կարծում եմ՝ դրանից հետո հետևություններ կանեք։ Ես երբեք ինձ առաջադրողին չեմ հարցրել, թե ինչո՞ւ իմ թեկնածությունը։ Ինձ համար միակ գնահատականը դատախազության համակարգում իմ անցած ճանապարհն է», պատգամավորին բացատրեց Դավթյանը։

«Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը հայտարարեց նաև, թե Դավթյանը մտերիմ հարաբերություններ ունի «Մարտի 1»–ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հետ, որն այժմ հետախուզման մեջ է, ու հարցրեց. «Դրանի՞ց է բխում այն հանգամանքը, որ չնայած առաջադրված ծանր մեղադրանքներին, անցյալ տարեվերջին Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված առաջին ատյանի որոշումը գլխավոր դատախազությունը չբողոքարկեց՝ կալանքը վերացնելու համար»։

Դատախազը ընկեր չի՞ ճանաչում

Արթուր Դավթյանը նշեց, որ Վահագն Հարությունյանն իր գործընկերն է եղել։ «Ես այսօր էլ բազում մարդկանց հետ ընկերություն եմ անում, և դա նպաստում է մեր ուժերը համատեղ գործին ծառայեցնելուն, բայց դա ոչ մի բան չի նշանակում։ Բոլոր դեպքերում, ոչ միայն իմ գործընկերը, այլ եթե իմ մանկության ընկերը կգործի հանցագործություն, ապա ես՝ որպես գլխավոր դատախազ, մի վայրկյան չեմ վարանելու իրականացնել իմ պարտականությունը»,-ասաց նա։ Այդուհանդերձ, Հարությունյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը չի բողոքարկվել, քանի որ, ըստ Դավթանի, բողոքարկելու հիմքեր չեն եղել։

Այսքանով Դավթյանին ուղղված Բաբաջանյանի խայթոցները չսպառվեցին: Նա ամբիոնից խոստացավ «փչացնել» գլխավոր դատախազի օրը ու հարցրեց. «Արդյո՞ք կոռուպցիա չէ որ գլխավոր դատախազության տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակել եք Ձեր զարմիկ Սարգիս Թարխանյանին, արդյոք կոռուպցիա չէ՞, որ 2017-ին Լոռու մարզի դատախազ եք նշանակել Ձեր սանիկ Արսեն Մարտիրոսյանին, արդյո՞ք կոռուպցիա չէ, որ 2016 թվականին Շիրակի մարզի դատախազ եք նշանակել Ձեր սանիկ Կարեն Գաբրիելյանին, արդյո՞ք կոռուպցիա չէ, որՁձեր մտերիմին՝ Սևակ Հովհաննիսյանին տեղափոխել եք գլխավոր դատախազություն և ընդամենը երկու տարվա աշխատանքային փորձով նշանակել Արարատի մարզի դատախազ: Արդյո՞ք կոռուպցիա չէ, որ գալով գլխավոր դատախազություն, որոշել եք դատախազության վերևի հարկի վրա նոր հարկ կառուցել, և այդ հարկը պետության վրա արժեցել է 160 մլն դրամ, հետո այդ հարկ եք տեղափոխել Ձեր կաբինետը ու այսօր համեստ սենյակ զբաղեցնելու փոխարեն, 140 քմ տարածք եք զբաղեցնում այդ հարկում։ Արդյո՞ք կոռուպցիա չէ, որ պետության միջոցներից 14 մլն դրամով վերելակ եք կառուցել, որն ուղիղ գնում է Ձեր առանձնասենյակ, և այդ հարկի առաստաղներն այնքան եք բարձրացրել, որ հարմարեցնեք այդ պայմաններին։ Եվ վերջապես, արդյոք կոռուպցիա չէ Տարոն Մարգարյանի կողմից Ձեզ հատկացված հողատարծքը Աջափնյակում, որտեղ 2 տարվա ընթացքում մեծ առանձնատուն եք կառուցել, որն արժե 5 մլն դոլար»։

Այս թվարկումից հետո պատգամավորը իշխող մեծամասնությանը հորդորեց չծափահարել հանցագործությունների բացահայտման մասին մեծ թվեր լսելիս։

Իր եզրափակիչ ելույթում գլխավոր դատախազը վստահեցրեց, թե պատգամավորին չհաջողվեց փչացնել իր օրը, քանի որ ներկայացվածից ամաչելու տեղ չունի։ «Ես հասկանում եմ, որ իմ հետևողական ու թույլ տվեք ասել՝ սկզբունքային ոճից մարդիկ խորը ցավ են զգացել։ Ես հասկանում եմ, որ երբեմն այդ մարդիկ պատահական մարդիկ չեն, բավականին լուրջ ռեսուրսներ ունեն, ընդհուպ նրանց ձայներն այս դահլիճում կարող են հնչել, բայց դուք նրանց չտեսնեք։ Էդ ամեն ինչը հասկանալով, քանի դեռ գլխավոր դատախազ եմ, ես անելու եմ էդպես։ Էստեղից կհնչի խոսք, հետևից ականջներ կերևան, ես իմ գործը անելու եմ», -հայտարարեց Դավթյանը։

«Իմ քայլ»-ից Անդրանիկ Քոչարյանը խիստ անբավարար համարեց դատախազի ներկայացրած հաղորդումը և այն որակեց «զրույց-զեկույց»։ «Մենք այդպես էլ չիրազեկվեցինք զուտ դատախազական, այսինքն՝ ձեր կողմից կատարված աշխատանքների մասին, հատկապես նախկին տարիների հետ համեմատության մեջ», -նշեց Քոչարյանը։

Դատախազը հորդորեց գործել՝ բողոքելու փոխարեն

«Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ հայտարարություններին, թե հիմա դատական համակարգը ազատ է: Ասաց՝ միայն հայտարարությունների մակարդակով է այդպես։

«Դուք կարո՞ղ եք վստահաբար պնդել, որ բոլոր դատավորները կամ դատավորների գերակշիռ մեծամասնությունը ազատ է որոշում կայացնելիս, թե՞ ականջի պոչով սպասում է՝ կառավարությունից զանգ կլինի՞ թե չէ։ Ես չեմ հավատում 20 ու ավելի տարի աշխատած մարդկաց, ովքեր աշխատելիս ականջի մեջ ունեցել են իշխանությունից եկող զանգ, ու հանկարծ այսպիսի տրանսֆորմացիա։ Նրանց մեջ նստած է ինքնագրաքննիչը։ Նրանք մտածում են՝ ոնց անեն, որ տեղավորվեն իշխանության կոնյուկտուրայի շրջանակում», -նշեց Զոհրաբյանը։

Գլխավոր դատախազը ընդդիմադիր պատգամավորի հայտարարություններին ուղղորդող պատասխան տվեց. «Պետք չի զանգել դատավորին և ընդհանրապես, ոչ մեկին։ Եթե Ձեզ հայտնի է դեպք, երբ պաշտոնյան իր պարտականությունները բարեխիղճ չի կատարել, պատգամավորական գործիքները բավականին լայն են, ձեռնարկեք քայլեր, գրավոր նրա վերադասի դեմ այդ խնդիրը բարձրացրեք ու ստացեք պատասխաններ։ Հուզական գնահատականներ տալը կարող է լինել, բայց պարզեք, նոր հայտնեք»։

Գլխավոր դատախազի հաղորդումը խորհրդարանը, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, ընդունում է ի գիտություն։ Այն քվեարկությամբ հաստատելու անհրաժեշտություն չկա։