Մայիսի 29-ին ԱԺ-ն նորից ՍԴ դատավոր կընտրի

մայիսի 15, 2019

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար նախագահ Արմեն Սարգսյանը երրորդ անգամ թեկնածու է առաջադրել` Արթուր Վաղարշյանին: ՍԴ դատավորին ընտրելու է Ազգային ժողովը՝ փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով:

ԱԺ երեք խմբակցություններն առայժմ պատրաստ չեն գնահատել նախագահի առաջադրումը, մանրամասնել, թե ինչպես են քվեարկելու ընտրության ժամանակ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը առաջադրումից ժամեր անց հայտարարել է, որ ՍԴ դատավորի ընտրության հարցը խորհրդարանը կքննարկի մայիսի 29-ին:

Երրորդը` ճակատագրով

Նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած երկու թեկնածուներին ԱԺ-ն չի ընտրել: Առաջին թեկնածուն հայտնի փաստաբան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդ Վահե Գրիգորյանն էր: Նրա թեկնածությունն առաջադրվել էր նախորդ տարվա հոկտեմբերին` 6-րդ գումարման ԱԺ գործունեության ավարտին, երբ խորհրդարանական մեծամասնությունը Հանրապետական խմբակցությունն էր: ՀՀԿ-ն չապահովեց անհրաժեշտ 63 կողմ ձայնը. Գրիգորյանի օգտին քվեարկեց 53 պատգամավոր:

Երկրորդ անգամ՝ մարտի 21-ին, նախագահը ներկայացրեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Մինչև առաջադրումը նա հանրությանը հայտնի չէր, ապրում և աշխատում էր Գերմանիայում: Ընտրությունը կազմակերպվեց մեկ ամիս առաջ` ապրիլի 16-ին: Քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից Հովհաննիսյանի թեկնածությանը կողմ քվեարկեց ընդամենը 24 պատգամավոր, մինչդեռ Սահմանադրությամբ պահանջվող երեք հինգերորդն ապահովելու համար անհրաժեշտ էր 79 ձայն:

Նախագահի երրորդ թեկնածուն` Արթուր Վաղարշյանը նույնպես հանրային լայն շրջանակներին ծանոթ իրավաբան չէ: Նա ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչն է:

Թեկնածու առաջադրելու իրավունքը կրկին նախագահինն է 

Սահմանադրության 166-րդ հոդվածի  1-ին մասի համաձայն՝ ՍԴ-ն կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Իսկ Սահմանադրության 213-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները հաջորդաբար կատարում են Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ կառավարությունը:

Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2018թ. ապրիլի 9-ին: Նախորդ մեկ տարվա ընթացքում ՍԴ-ում առաջացել է դատավորի երկու թափուր պաշտոն: Առաջինը տեղը լրացվել է 2018թ. սեպտեմբերի 13-ին. դատավոր է ընտրվել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Արմեն Դիլանյանը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջադրելու իրավունքը կրկին  նախագահինն է, և Արմեն Սարգսյանը կպահպանի այդ իրավունքը, քանի դեռ իր կողմից առաջադրված որևէ թեկնածու չի ընտրվել: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ՍԴ դատավորի հաջորդ թափուր պաշտոնի համար թեկնածու կառաջադրի արդեն կառավարությունը: