Հեղափոխություն դատական համակարգում՝ դատարանների արգելափակմամբ և դատավորների վեթթինգով

մայիսի 21, 2019

Մայիսի 20-ը Հայաստանի դատական համակարգի համար շոկային էր. հանրապետության մի քանի տասնյակ դատարանների մուտքերը քաղաքացիները փակել էին և թույլ չէին տալիս աշխատակիցներին մուտք գործել շենք: Հրահանգը վարչապետ Նիկոլ Փաշինյանից էր:

Նախօրեին ֆեյսբուքյան մի քանի գրառումով վարչապետը հայտարարեց դատական համակարգում ստեղծված վիճակի, այստեղ ժողովրդի իշխանություն հաստատելու և այսպիսով հեղափոխության երկրորդ փուլն սկսելու մասին: Նա քաղաքացիներին կոչ արեց երկուշաբթի առավոտյան, 08:30-ից փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը, իսկ 12.00-ին ինքը հանդես կգա «կարևոր հայտարարությամբ»:

Նիկոլ Փաշինյանի կոչին հետևած մարդկանց թիվը մեծ չէր, բայց ակցիան կայացավ: Ու թեպետ փակվեցին բոլոր դատարանների բոլոր դռները, գրանցվեց պատուհանով շենք մտնելու փորձ. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանին բողոքի ակցիայի մասնակիցները հազիվ հասցրեցին քաշել ու պատուհանից ցած իջեցնել: Արդեն ներքևում դատավորը սայթաքեց ու վայր ընկավ: Ի պատասխան լրագրողի հարցին՝ նա խուսափեց կատարվածին գնահատական տալուց՝ ասելով, թե գուցե մի օր հենց ինքն է լինելու այս գործը քննող դատավորը:

Դատական իշխանության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներին նախորդել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը Արցախի գործող և նախկին նախագահների կողմից անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին: Իսկ ակցիայից և վարչապետի խոստացած ժամը 12.00-ի ելույթից հետո պարզ դարձավ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը էլի մեկ անակնկալ ուներ. նա որոշեց կասեցնել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցը: Հիշեցնենք՝ հենց այս մեղադրանքն է առաջադրվել 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին:

Չի բացառվում, որ Փաշինյանը հենց այս որոշման մասին տեղյակ լինելով է կայացրել դատարանների արգելափակման ակցիա անցկացնելու որոշումը:

Վեթթինգ՝ դատավորների համար

Դատարնների արգելափակման ակցիային մասնակցում էին նաև պատգամավորներ: Օրինակ՝ «Իմ քայլից» Հայկ Սարգսյանը հայտարարեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը փակելումասին: Երբ իշխանության ընդդիմախոսները, հիմնականում՝ նախկին իշխանությունից, հայտարարեցին, որ վարչապետի կոչը սահմանադրական կարգի տապալման հանցակազմ է պարունակում, խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, «Իմ քայլի» պատգամավորները սկսեցին սոցիալական ցանցերում գրել, որ իրենք դատարանների առջև ընդամենը հանդիպում են ընտրողների հետ:

Վարչապետն ինքը ակցիային մասնակցեց մի քանի րոպե ընդամենը. եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրի դիմաց, խոսեց քաղաքացիների հետ, հորդորեց չմրսելու համար թեյ խմել ու հեռացավ:

Արդեն կեսօրին Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը հանդես եկավ շուրջ 20 րոպեանոց ելույթով:

Նա հայտարարեց, որ Հայաստանում դատական իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, և դատական համակարգի գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում հանրության շրջանում: Հետևաբար, ըստ վարչապետի, եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Եվ որպես ճանապարհ, Փաշինյանը ներկայացրեց 5 քայլ:

Առաջին. Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի (vetting):«Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», - հայտարարց վարչապետը:

Երկրորդ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:

Երրորդ. «Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին»:

Չորրորդ կետով վարչապետն անդրադարձավ անցումային արդարադատությանը, նշեց, որ այն «կենսական անհրաժեշտություն է» և անհրաժեշտ է արդեն ամփոփել այդ ուղղությամբ կատարած մի քանի ամիսների աշխատանքը:

Հինգերորդ. գործադիրի ղեկավարը խոսեց նշված ուղղություններով օրենսդրական աշխատանքի կազմակերպման մասին. «Եթե սրա համարան հրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների»:

Հատկանշական է, որ վարչապետի գլխավորությամբ այս հանդիպմանը ներկա չէին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք չեն կարողացել դուրս գալ արգելափակված շենքերից:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպումից հետո տեղեկացրեց, որպայմանավորվածություն է ձեռքբերվել անհապաղ իրականացնել հեղափոխական փոփոխություններ դատաիրավական համակարգում: Որպես առաջին քայլ՝ Մակունցը նշեց մայիսի 24-ին կայանալիք խորհրդարանական լսումները՝ անցումային արդարադատության թեմայով:

«Լուսավոր Հայաստանը» առաջ ընկավ. արտահերթ նիստ՝ լսումներից առաջ

Վարչապետի`դատարանների շենքերը արգելափակելու կոչից հետո ԼՀԿ-ն հայտարարեց հարցը ԱԺ արտահերթ նիստում քննարկելու անհրաժեշտության մասին, իսկ արդեն ակցիայի ավարտից և վեթինգի մասին ելույթից հետո խմբակցության նիստում որոշվեց արտահերթի համար ստորագրահավաք նախաձեռնել:   Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է արտահերթ նիստում քննարկել վարչապետի տարածած հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև վարչապետի՝ 5 կետից կազմված հայտարարությունը:

«Իմ քայլի» պատգամավորները ստորագրահավաքին չմիացան. Լիլիթ Մակունցի մեկնաբանությամբ՝ հարցը քննարկել են և անհամաձայնություն ունեն հատկապես ԼՀԿ-ի նախաձեռնության առաջին մասի հետ: Արտահերթ նիստը, սակայն, կգումարվի՝ ԲՀԿ-ից ԼՀԿ-ի նախաձեռնությանը միացած 18 պատգամավորների շնորհիվ: Համաձայն Սահմանադրության (հոդված 100) և ԱԺ կանոնակարգ օրենքի՝ (հոդված 41,1.3.) արտահերթ նիստ և նստաշրջան գումարում է ԱԺ նախագահը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի, այս խորհրդարանի դեպքում՝ 33 պատգամավորի նախաձեռնությունը: ԼՀԿ խմբակցությունը, հիշեցնենք, ունի 18 պատգամավոր, հետևաբար, ԲՀԿ-ի 18 պատգամավորների հետ միասին նախաձեռնողների թիվը դառնում է 36:

Ավելի վաղ տարածած հայտարարություններով «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քննադատել էին վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչը և հայտարարել, որ դա կվտանգի Հայաստանի միջազգային հեղինակությունը: «Այս պարագայում խաթարվում է ՀՀ-ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները»,- նշվում էր ԼՀԿ-ի հայտարարությունում:

«Բարգավաճ Հայաստանը» կոչ էր անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից և գործողություններից, որոնք ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը, Հայաստանի միջազգային հեղինակությանը՝ վտանգելով տնտեսության զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և նախապես հայտարարված բարեփոխումների կենսագործումը: