Բյուջե 2018թ. կզարգանա՞նք թե՞ կգոյատևենք

հոկտեմբերի 27, 2017

Կառավարությունը սեպտեմբերի 28-ին հաստատել է 2018թ. բյուջեի նախագիծը և ուղարկել Ազգային ժողով: Այս նախագծի ամենակարևոր ցուցանիշը եկամտային մասն է, որը 2017թ. համեմատ ավելացվել է 97 մլրդ դրամով և սահմանվել 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 1 տրլն 210 մլրդի փոխարեն: Ծախսերի համար նույնպես գործադիրը նախատեսել է ավելացում՝ 104 մլրդ դրամով. 1 տրլն 464 մլրդ դրամ՝ 2017թ. 1 տրլն 360 մլրդի փոխարեն: Բյուջեի նախագծով դեֆիցիտը կկազմի մոտ 157 մլրդ դրամ՝ 150 մլրդի փոխարեն: 2018-ի դեֆիցիտի 75,2 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ ներքին աղբյուրներից, իսկ 81,6 մլրդ դրամը կամ մոտ 168 մլն դոլարը պարտք կվերցնեն: 140 մլրդ դրամ նախատեսվում է ներքին և արտաքին պարտքի տոկոսավճարները մարելու համար: Եվ վերջապես՝ նախատեսվում է 4,5 % տնտեսական աճ:

Կառավարությունն ակնկալում է, որ 2018թ. պետբյուջեի եկամուտներ/ՀՆԱ հա¬րա¬բե¬րու¬թյու-նը կկազմի 22.3%` 2017թ. համար հաստատված և 2016թ. փաս¬¬տացի 22.4%-ի փոխարեն: Հարկային եկամուտները և տուրքերը ՀՆԱ-ի նկատմամբ պլանավորվում է 21,3 %` սահմանելով ընդամենը 0,3% աճ. վերջին տարիներին այդ ցուցանիշը 0,4% էր: Ընդունված է համարել, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշն արտացոլում է մեր տնտեսության ստվերայնության մակարդակը: Որքան բարձր է ՀՆԱ-ի նկատմամբ հավաքված հարկերի չափը, այնքան ստվերային հատվածը փոքր է:

Հավելյալ եկամուտները՝ պաշտպանության ոլորտին և տնտեսական հարաբերություններին

Ո՞ր ոլորտներում է կառավարությունը ծախսելու 2018թ. նախատեսված այդ հավելյալ 100 մլրդ դրամը: Բյուջեի նախագծից տեղեկանում ենք, որ այդ գումարից 37 մլրդ դրամն ավելացվելու է պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերին՝ այն կկազմի 246,8 մլրդ դրամ: Հաջորդ խոշոր ավելացումն արվել տնտեսական հարաբերություններ բաժնին, անցած տարվա 93,5 մլրդ դրամի փոխարեն մոտ 150 մլրդ դրամ՝ 56,5 մլրդով ավելի: Այսինքն, բյուջեի հավելյալ 97 մլրդ դրամից 93,5 մլրդը հատկացվել է այս երկու ոլորտներին: Գրեթե կրկնակի ավելացել է մեքենաներ և սարքավորումներ ձեռք բերելու գումարը՝ 17,3 մլրդ դրամից դառնալով 32,4 մլրդ:

Բյուջեի ծախսերի ահռելի մասը՝ 416 մլրդ դրամը, ինչպես միշտ, հատկացվելու է կենսաթոշակներին ու նպաստներին: Անցած տարվա համեմատ մոտ 1,2 մլրդ դրամով կրճատվել են նաև այս ուղղությամբ հատկացվող գումարները: Գրեթե չեն ավելացել աշխատավարձի վարձատրությանն ուղղված գումարները, ավելին, այս երկու ոլորտին հատկացվող գումարների մի փոքր կրճատումը նշանակում է, որ 2018թ. նույնպես աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում չի սպասվում: Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2015թ.՝ 50.000 դրամից դառնալով 55.000 դրամ: Մինչդեռ նույն բյուջեի նախագծով հաջորդ տարվա համար նախատեսվում է 4+/-1,5% գնաճ: Իսկ գնաճը Հայաստանում արդեն տարածվել է լայն սպառման այնպիսի ապրանքների վրա, ինչպիսիք են բենզինը, միսը, կարագը և կաթնամթերքն ընդհանրապես:

Եվս մի կարևոր հանգամանք՝ 2018թ. բյուջեն կրում է խորհրդարանական կառավարման համակարգի ազդեցությունը. կրճատվել են նախագահական ապարատին հատկացվող գումարները, ավելացել են կառավարության աշխատակազմի ֆինանսները: Եթե 2017թ. նախագահականին հատկացվել է 3,8 մլրդ դրամ, իսկ կառավարությունը՝ 1,7 մլրդ, ապա 2018թ. յուրաքանչյուրը ստանալու է 2,3 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ հաջորդ տարի գարնանից մեր երկիրը լիարժեք անցնելու է խորհրդարանական համակարգին, իսկ ՀՀ ղեկավարը լինելու է վարչապետը:

Կկրճատեն

Կառավարությունը կրճատել առողջապահության և կրթության ոլորտներին հատկացվող գումարները: Ընթացիկ տարվա 85,8 մլրդ դրամի փոխարեն 2018թ. առողջապահության ոլորտին կհատկացվի 80 մլրդ, կրթության ոլորտին՝ 127,6 մլրդի փոխարեն՝ 126,9 մլրդ դրամ: Ըստ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, ով 2018թ. բյուջեն համարում է զարգացման բյուջե, այս սահմանափակումները չեն ազդի առողջապահության և կրթության որակների վրա, քանի որ կկրճատվեն այն աշխատակիցները, որոնց թիվը այդ ոլորտներում պահանջվածից ավելի է: Օրինակ, կրճատվելու են դպրոցների պահակները:
Բյուջեի նախագիծն Ազգային ժողովում նախ կքննարկվի մշտական հանձնաժողովներում, այնուհետև լիագումար նիստում: