Չիմացության արդյունք է պնդումը, թե վեթինգը ստորացուցիչ է. Գ. Աբրահամյան

մայիսի 25, 2019

Հարցազրույց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ: 

-Տիկին Աբրահամյան, դատարանների արգելափակման ակցիայից հետո դատական համակարգում կտրուկ փոփոխություններ չեղան: ԲԴԽ նախագահը թեև հրաժարական տվեց, բայց Դատավորների միությունը , առանձին դատավորներ հայտարարություններով իշխանություններին հորդորեցին զերծ մնալ իրենց աշխատանքը խոչընդոտող քայլերից։ Ի՞նչ կարծիք ունեք ստեղծված իրավիճակի մասին։

-Իհարկե չէինք ակնկալում, որ այդ սիմվոլիկ, հանրային ակցիայից հետո զանգվածաբար բոլորը հրաժարական են տալու, դա որպես նպատակ ընդհանրապես դրված էլ չէր ակցիայի իրականացման հիմքում: Սա պարզապես հիշեցում էր, որ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, և հեղափոխությունն իրականում դեռ շարունակվում է, քանի որ իշխանության երկու՝ օրենսդիր և գործադիր մարմինները ձևավորվել են թափանցիկ ընտրությունների և քաղաքացիների ազատ կամարտահայտման արդյունքում, մինչդեռ դատական իշխանությունը ոչ միայն շարունակում է նույնը մնալ և տրված մեկ տարին չօգտագործել ինքնամաքրման, ներքին առողջացման համար, այլև սկսել է ընդվզման փորձեր անել:

-Ի՞նչը դրդեց Փաշինյանին գնալ այդ քայլին, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատարանի որոշո՞ւմը։

-Կարծում եմ՝ դա այսբերգի երևացող մասն էր, խորքում առկա համակարգային խնդիրները շատ ավելի վտանգավոր ու կործանարար են, քան միայն մեկ, հանրային հնչեղություն ունեցող դատական գործը: Բայց դա էլ, այո՛, այսբերգի ցցուն մասն էր, որը ճեղքեց հեղափոխական արժեքների ու թավշյա մոտեցումների նավը, սթափեցրեց նաև մեզ, որ կարծում էինք, թե անցումային արդարադատության հիմնական գործիքների ընտրության մեջ պետք է լինենք խիստ զգուշավոր և ընտրենք հնարավորինս մեղմ, ոչ վիրահատական մեթոդներ: Սակայն վերջին ամիսների տարբեր գործընթացները, հանրային տոտալ անվստահությունը դատական իշխանության նկատմամբ ևս մեկ անգամ հաստատեցին, որ էվոլյուցիոն, բարեփոխումային ուղին այս ոլորտում անպտուղ է:  

-Ի վերջո, Դուք որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, դատարանները փակելու ակցիան իրավաչա՞փ եք համարում։ Ձեր ընդդիմախոսները պնդում են՝ հակասահմանադրական քայլ էր։

-Այնքան կուզեի այդ ընդդիմախոսների հակասահմանադրականության պոռթկումները լսել 2008-ի մարտի 2-ին, երբ Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկում էին արտակարգ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի հրամանագիրը: Ցավոք, երբ այդ օրերին խախտվում էր Սահմանադրությունը, ոտնահարվում էր ՀՀ քաղաքացու հիմնարար՝ կյանքի, իրավունքը, նման բուռն հայտարարություններ չհնչեցին: Չհնչեցին նաև հայտարարություններ, երբ ամբաստանյալ Քոչարյանի կողմնակիցները փակել էին դատարանի մուտքը, աղմուկ աղաղակով շատ հստակ, ուղիղ ճնշում էին գործադրում դատական գործընթացի վրա; Թե որն է այս երկակի չափորոշիչների կիրառման պատճառը, գիտենք բոլորս:

-Տպավորություն չունե՞ք, որ դատական իշխանությունը կարծես պատերազմ է հայտարարել գործադիր և օրենսդիր իշխանություններին։

-Պատերազմ չէի որակի, ինքնապաշտպանության վերջին ճիգերն են: Եթե մարդիկ, ստանալով 800 հազար դրամ, ինչ-որ կոռուպցիոն հրաշքով կուտակել են հարյուր հազարավոր դոլարներ ու անհամար անշարժ գույք, ապա լիովին սպասելի էր, որ դա պաշտպանելու են ամեն գնով և մինչև վերջ: Պարզապես, լինելով հումանիտար գիտության կրողներ, մոռացել էին ֆիզիկայի կարևորագույն օրենքը՝ ցանկացած ազդեցություն ծնում է համապատասխան հակազդեցություն:

-Վարչապետն իր հայտնի հայտարարությամբ առաջարկեց դատավորների վեթինգ իրականացնել։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործիքի կիրառումը Հայաստանում։ Ծանո՞թ եք օրենսդրական նախաձեռնությանը, որն, ըստ Ձեր գործընկերների, շուտով կներկայացվի քննարկման:

-Անցումային արդարադատության մեջ որպես համակարգային բարեփոխումների կարևոր գործիք կիրառվում է վեթինգը: Սոցճամբարի երկրներում՝ Չեխիա, Լեհաստան, Լիտվա, սրա փոխարեն ներդրվել է առավել խիստ՝ լյուստրացիայի գործիքը: Սակայն հանրային հաշտեցման գործընթացը չխաթարելու և դատական, ուժային կառույցներում իրական առողջացման գործընթաց սկսելու միջազգային լավագույն փորձն առաջարկում է հստակ չափորոշիչների և սկզբունքների վրա հիմնված վեթինգի՝ զտման, տարբերակը:

-Շատերը, նույնիսկ դատավորներն ասում են՝ վեթինգը ստորացուցիչ գործիք է։

-Սա պարզապես չիմացության հետևանք է, իրականում ոչ միայն հիասթափեցնող, այլև սարսափեցնող է հատկապես արդարադատություն իրականացնողի կողմից նման մեկնաբանությունը մի գործիքի վերաբերյալ, որի մասին իրենք պետք է լսած լինեին դեռևս ուսանողական տարիներին մարդու իրավունքների խախտումների վերականգնման տարբեր իրավական միջոցների, այդ թվում և քաղաքական ռեպրեսիաներից վերականգնման համար նախատեսված անցումային արդարադատության մասին ուսանելիս:

-Լենա Նազարյանն, օրինակ, ասում է՝ պետք չէ սպասել, որ օրենքը պատրաստ լինի, հիմա էլ մարդիկ կարող են ապօրինի որոշում կայացրած դատավորների անուններ հրապարակել, ներկայացնել փաստեր նրանց կատարած անօրինականություններից։ Այս հայտարարությունը շատերին 37 թվականը հիշեցրեց։ Դուք ճի՞շտ մեթոդ եք դա համարում։

-Ոչ իհարկե, բայց հասարակական ակտիվիզմը ևս անցումային արդարադատության գործիքներից մեկն է, որը շատ երկրներում դրվել է առավել ինստիտուցիոնալ հիմքերի վրա; Հասարակական մոնիթորինգը իրականացնում են ֆորմալ, հասարակական կառույցները, հանրության աջակցությունը, վերահսկողությունը, տեղեկատվության հանրայնացումը աջակցող և այս ողջ գործընթացն առավել ներառական դարձնող մեխանիզմներ են:

-Տիկին Աբրահամյան, հանրությունն ի՞նչ շոշափելի արդյունքներ կարող է սպասել այդ գործիքի ներդրումից, շոկային բացահայտումներ հնարավո՞ր են։

-Իրականում անցումային արդարադատության հիմնական նպատակը ոչ թե շոկեր առաջացնելն է, այլ հենց այդ շոկային վիճակից հանրությանը դուրս բերելը, իսկ դրա համար անհրաժեշտ է արդարության վերականգնում, ճշմարտության բացահայտում, փոխհատուցում և հաշտեցման հնարավորությունների ստեղծում: Չափազանց կարևոր է հասկանալ, որ խնդիրը ոչ թե պատժելն է, այլ՝ հաշտեցնելը, անցյալի անարդարությունների համար հատուցելն ու տուժողներին այդ բոլոր ցավերից ձերբազատելը, որպեսզի հնարավոր լինի կառուցել հանրային փոխվստահության վրա հիմնված առողջ պետություն, և սրան զուգահեռ ստեղծել ինստիտուցիոնալ հիմքեր՝ անշրջելի դարձնելով ժողովրդավարական զարգացումը:

Արդյունքները գնահատելու համար հանրությունը պետք է խորությամբ ընկալի, թե ինչ հետևանքներ են ունեցել իրավունքների խախտումներն իր առօրյա կյանքի վրա: Եթե մենք հստակ արձանագրել ենք, որ մարդիկ ոչ միայն սոցիալական խնդիրներից ելնելով դուրս եկան փողոցներ և աջակցեցին հեղափոխությանը, այլ նաև՝ անարդարության զգացումից խեղդված, եթե մենք տեսանք, թե ինչ զայրույթ ու վիրավորանք առաջացրեց վստահության պակաս ունեցող դատարանի որոշումը, անգամ չվիճարկելով դրա իրավական ճշգրտությունը, ապա ակնհայտ է, որ քաղաքացիներն ակնկալում են արդարության վերականգնում, հատուցում և անցյալի հետ հաշտության վերականգնում: