5-րդ ձախողված փորձ, ինչո՞ւ է ԱԺ-ն մերժում նախագահի՝ ՍԴ դատավորի թեկնածուներին

Մայիսի 29-ին Ազգային ժողովը 5-րդ անգամ ձախողեց Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը՝ այս անգամ ՍԴ դատավորի պաշտոնում չընտրելով նախագահի ներկայացրած 4-րդ թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին: Կողմ էր քվեարկել 30, դեմ՝ 53 պատգամավոր:
Արթուր Վաղարշյանից առաջ, 2018 թվականի մայիսից սկսած, Ազգային ժողովը մերժել է նաև ՍԴ անդամի թեկնածուներ Էմիլ Բաբայանին, Ելիզավետա Դանիելյանին, Վահե Գրիգորյանին, Գոռ Հովհաննիսյանին: Չընտրված թեկնածուներից միայն Ելիզավետա Դանիելյանն էր առաջադրվել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, մյուսներին առաջադրել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
Ըստ կարգի, առաջիկա տասն օրվա ընթացքում կհայտարարվի մրցույթ, ու խորհրդարանին կներկայացվի ՍԴ անդամի հերթական թեկնածուն: Թեկնածու առաջադրելու իրավասությունը դարձյալ ՀՀ նախագահինն է:
Բարդ հարցեր՝ «պարզ մարդուն»
Արթուր Վաղարշյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչն է, Հայաստանի սահմանադրական զարգացմանը, իրավական ինստիտուտներին վերաբերող 120 աշխատությունների հեղինակ է: Որևէ կուսակցության անդամ չի եղել, իր խոսքով՝ որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի, քաղաքական խարդավանքների հետ կապ չունի: Վաղարշյանն ասաց՝ պարզ մարդ եմ, խաբել չեմ սիրում:
«Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնի թեկնածուների առաջադրման պրոցեսին մասնակցում եմ նախորդ տարվանից, երբ հեռուստատեսությամբ լսեցի մրցույթի մասին ու այդ հեղափոխական, ռոմանտիկ շրջանում որոշեցի մասնակցել մրցույթին: Առաջին մրցույթի արդյունքում առաջադրվեց Վահե Գրիգորյանը, երկրորդ մրցույթին չեմ մասնակցել, քանի որ բարդ իրավիճակ էր, Հայաստանում չէի, երրորդ մրցույթին առաջադրվեցի», -կենսագրությունը պատգամավորներին ներկայացնելիս նշեց Արթուր Վաղարշյանը:
ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկմանն ակտիվ էր հատկապես «Իմ քայլը» խմբակցությունը, որի անդամները իրենց հարցադրումներով փորձում էին համոզել, որ նախագահի առաջադրած թեկնածուն այն պրոֆեսիոնալը չէ, որին իրենք ցանկանում են տեսնել Սահմանադրական դատարանում:
Եվ թեպետ թեկնածուն ասաց, որ քաղաքական գործընթացները տարբեր են իրավական պրոցեսներից, այդուհանդերձ, իշխանական խմբակցության պատգամավորներից շատերը փորձեցին ՍԴ դատավորի թեկնածուին քաղաքական հարցեր տալ, ավելին, ունեցան քաղաքական բովանդակությամբ ելույթներ:
«Իմ քայլից» Տաթև Հարությունյանի համար հարցի քննարկումն առիթ էր՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների մասին խոսելու. «Դատավորների ժողովը հստակ հայտարարեց, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը, և այդ մարմինը չի երաշխավորում դատավորների անկախությունը: ԲԴԽ-ն չպետք է մատնվի անգործության, և ԲԴԽ անդամները պետք է հրաժարականի դիմում ներներկայացնեն և նպաստեն դատական համակարգի առողջացմանը»:
Խմբակցության մեկ այլ անդամ՝ Գևորգ Պապոյանը հիշեց վարչապետի կոչով Հայաստանի դատարաններն արգելափակելու ակիցան: Ասաց, թե ժողովուրդը խաղաղ հավաք է իրականացրել՝ կանգնել է դատարանների դիմաց և փորձել երկխոսել դատական իշխանության հետ, հետևաբար, ակիցան հակասահմանադրական որակելը անընդունելի է: Ի պատասխան՝ ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանն ասաց, որ ժողովուրդը ևս պետք է գործիՍահմանադրության և օրենքների շրջանակում: «Ժողովուրդը ազդելու, գոռգոռալու իշխանություն ունի, այլ ոչ թե արգելափակելու: Ժողովրդի իշխանությունը չի նշանակում, որ նա կարող է փակել Ազգային ժողովը ու թույլ չտա, որ այնտեղից դուրս գան, չի նշանակում արգելափակել դատարանները»: Վաղարշյանն ասաց, թե ժողովուրդը կարող է օգտագործել հանրագրի ինստիտուտը և դրա միջոցով ազդել իշխանությունների վրա: Իսկ այդ հնարավորությունը ժողովրդին տալիս է Սահմանադրությունը: «Ամեն ինչ կարգի մեջ պետք է լինի, հասկանո՞ւմ եք», պատգամավորին բացատրեց ԵՊՀ դասախոսը:
«Իմ քայլից» Եղիշե Սողոմոնյանը ուղիղ հարց տվեց՝ երբևէ կաշառք առաջարկե՞լ են թեկնածուին: Վաղարշյանն ասաց, որ հարցը սպասելի էր, հայտարարեց, որ ԵՊՀ-ում կոռուպցիա չկա, իսկ կոռուպցիոն դրսևորումները շատ վառ արտահայտվում են ընդունելության քննությունների ժամանակ: «Համալսարանն իր մթնոլորոտով էականորեն տարբերվել է, և այդպես սևացնել գույները չի կարելի: Ես մի որոշ ժամանակահատված պարապել եմ, բայց դադարեցրի: Մի խոսքով, չեմ ուզում ասել, որ ձեր առաջ հրեշտակ եմ կանգնած, բայց աշխատել եմ, որքան հնարավոր է, մաքուր մնալ», -հավելեց թեկնածուն:
Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ էր Հայաստանի նախագահի առաջադրած թեկնածուին: Այս խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց՝ լավ է ճանաչում թեկնածուին, միասին համալսարանում ճանապարհ են անցել և ծանոթ է նրա մի քանի կանխատեսումներին, որոնք իրականություն են դարձել: «Պարոն Վաղարշյանի կանխատեսումն այն էր, որ մեր քաղաքական իշխանությունը կարող է լեգիտիմացվել բացառապես խարիզմատիկ առաջնորդի միջոցով, ինչը 2018 թվականին մենք տեսանք», -նկատեց պատգամավորը և հավելեց. «Պարոն Վաղարշյանի կանխատեսող միտքը շատ կարևոր է, և այդ միտքը մենք պետք է օգտագործենք»:
«Իմ քայլի» թեկնածուն Վահե Գրիգորյա՞նն է
ՍԴ դատավորի պաշտոնում գործող նախագահն առաջադրում է արդեն չորրորդ թեկնածուին, մինչ այդ ևս երեք թեկնածու նույն թափուր տեղի համար չէին ընտրվել: Իշխող խմբակցության շատ պատգամավորներ մասնավոր զրույցներում չեն հերքում, որ ՍԴ դատավորի անդամի իրենց նախընտրելի թեկնածուն Վահե Գրիգորյանն է, մինչդեռ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ ՍԴ դատավորի թեկնածուները չեն ընտրվում, որովհետև չեն բավարարում պատգամավորներին: Վահե Գրիգորյանը, հիշեցնենք, առաջադրվել է բոլոր մրցույթներում, սակայն Հայաստանի նախագահը նրա թեկնածությունը ԱԺ-ում առաջադրվել է միայն մեկ անգամ՝ նախորդ խորհրդարանում. ՀՀԿ-ն Գրիգորյանի քվեարկությանը չէր մասնակցել՝ տապալելով ընտրությունը: