Նախագահի հետ որևէ խնդիր չկա. Ալեն Սիմոնյան

մայիսի 31, 2019

 Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ

ախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի չորս թեկնածու է ներկայացրել ԱԺ-ին, չորսն էլ չեն ընտրվել: Ընդ որում՝ երկուսը չեն ընտրվել յոթերորդ գումարման խորհրդարանում, որտեղ «Իմ քայլը» խմբակցությունը մեծամասնություն է: Մինչև ե՞րբ պետք է նախագահը թեկնածու ներկայացնի, և դուք չընտրեք:

-Մինչև նորմալ թեկնածու լինի:

-Վերջին թեկնածուն` Արթուր Վաղարշյանը նորմալ չէ՞ր։

-Եթե բավարար լիներ, կընտրեինք։

-Ի՞նչը չհամապատասխանեց ձեր խմբակցության պահանջներին։

-Ես չեմ մասնակցել ընտրությանը, որովհետև նա ինձ հետ փոխկապակցված անձ է՝ ինձ դասավանդել է։ Ես նրան տասնամյակներ գիտեմ, և իմ էմոցիաներն ավելի շատ էին։

-«Իմ քայլը» հայտարարել էր, թե ՍԴ դատավորի ընտրության հարցում խմբակցությունը ազատ է քվեարկելու, բայց տպավորություն էր, թե կա թեկնածուին չընտրելու ներքին որոշում:

-Ինչո՞ւ էր նման տպավորություն ստեղծվել: Նրան տրված ձայների համամասնությունից ակնհայտ էր, որ մեր պատգամավոները ազատ են քվեարկել: Եթե ներքին որոշում լիներ, պարոն Վաղարշյանը չէր ընտրվի ձայների ակնհայտ մեծ տարբերությամբ:

-Գուցե թեկնածուներին մերժում եք, որովհետև նրանց ներկայացրել է նախագա՞հը:

-Ես դա որևէ կերպ չեմ պայմանավորում նախագահի կողմից առաջադրված լինելու հանգամանքով: Կարծում եմ՝ ՍԴ դատավորի, ինչպես նաև այսօրվա քննարկումների պարագայում մեր պատգամավորները շատ ավելի պահանջկոտ են և ավելի բարձր չափանիշներից ելնելով են որոշում կայացնում: Նախագահի հետ որևէ խնդիր չկա:

-Ասում եք՝ նախագահի հետ խնդիր չկա, բայց նախորդ թեկնածու Արման Դիլանյանին, որը դատավորների ընդհանուր ժողովի կողմից էր առաջադրվել, դուք կողմ քվեարկեցիք:

-Նա ընտրվեց, որովհետև բավարարեց մեր պատգամավորների պահանջները: Վստահեցնում եմ, նախագահի նկատմամբ որևէ խնդիր չկա: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ինձ համար ամենապարկեշտ և բանիմաց մարդկանցից մեկն է: Եթե նրա առաջադրած հաջորդ թեկնածուն բավարարի պատգամավորների պահանջները, նա կընտրվի:

-Գուցե ակնկալում եք, որ Արմեն Սարգսյանը թեկնածու առաջադրելուց առաջ խորհրդակցի՞ ձեզ հետ:

-Մենք դրա մասին չենք խոսում, մեր օրակարգում նման պայմանավորվածություն ձեռք բերելու կամ պարտադրելու հարց չկա: Մենք վաղուց ապացուցել ենք, որ ԱԺ-ում գործում ենք` ելնելով օրենքի տառից և ավանդույթից, և որևէ մեկի հետ չենք պայմանավորվում կամ նախապես քննարկում:

-Ի վերջո, ի՞նչ որակներ պետք է ունենա թեկնածուն, որ դուք ընտրեք:

-Դա յուրաքանչյուր պատգամավորի անհատական որոշելիքն է: Համենայն դեպս այնպիսի մարդ պետք է լինի, որը և՛ հասարակության, և՛ մեր շրջանում ունենա լիակատար վստահություն: Օրինակ, նախորդ թեկնածուն` Գոռ Հովհաննիսյանը, իմ համակուրսեցին էր, և ես նրա ընտրությանն էլ չեմ մասնակցել: Ավելին` դրանից առաջ ներկայացված թեկնածու Ելիզավետա Դանիելյանն էլ իմ առաջին ղեկավարն է եղել: Որքան հիշում եմ՝ նրան կողմ եմ քվեարկել, Վահե Գրիգորյանին էլ կողմ եմ քվեարկել:

-Կա կարծիք, որ դուք Արմեն Սարգսյանի թեկնածուներին մերժում եք՝ սպասելով, որ նա նորից Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջարկի:

-Մենք նման հարցեր չենք քննարկում: Ընտրության արդյունքները ցույց են տվել, որ քվեարկության պայմանավորվածություն չի եղել: 30 պատգամավոր կողմ է քվեարկել, դա նշանակում է, որ նրանցից առնվազն կեսը եղել է «Իմ քայլը» խմբակցությունից:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած վեթինգը նաև Սահմանադրական դատարանի՞ն է վերաբերում:

-Այո, բոլոր դատավորների նկատմամբ պետք է կիրառել: Կարծում եմ՝ վեթինգը պետք է կիրառել շատ տարբեր տեղերում: Ես նույնիսկ մտածում եմ, նաև` պատգամավորների, ինչու չէ, նաև լրագրողների նկատմամբ` թեկուզ հանրային մակարդակով:

-Լրագրողների նկատմամբ` ինչո՞ւ: Լրագրողները պետական կառույցներում չեն աշխատում:

-Պարզ է, չի կարելի լրագրողին պարտադրել, որովհետև, ճիշտ եք ասում, պետական կառույցում չի աշխատում: Ըստ իս` պատգամավորներին պետք է պարտադրել, իսկ լրագրողներին առաջարկել: Թող հանրությունը տեղյակ լինի որոշ լրագրողների և նախկին իշխանավորների, օլիգարխների, անգամ քրեական հեղինակությունների հետ կապերի մասին: Կարծում եմ՝ թե՛ պատգամավորները, թե՛ լրագրողները նույն չափանիշներով պետք է անցնեն: Հանրությունը պետք է իմանա ոչ միայն պատգամավորի, այլև չորրորդ իշխանության ներկայացուցիչների մասին, որովհետև նրանցից ոմանք օբյեկտիվ տեղեկություն հաղորդելու փոխարեն ամեն քայլափոխի ինչ-որ պատվեր են կատարում: