Վահե Գրիգորյան. կրկին փորձիր

հունիսի 1, 2019

Մայիսի 31-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել հայտնի փաստաբան, մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին: Սա նախագահի՝ ՍԴ անդամի թեկնածուի 5-րդ առաջադրումն է: Ընդ որում՝ նախագահի առաջադրած 4-րդ թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը չէր ընտրվել վերջին առաջադրումից ընդամենը երկու օր առաջ`մայիսի 29-ին: Վահե Գրիգորյանի թեկնածությունը Արմեն Սարգսյանն առաջադրում է երկրորդ անգամ, առաջին անգամ առաջադրել էր 2018թ. հոկտեմբերին` 6-րդ գումարման ԱԺ-ում, որի ՀՀԿ-ական մեծամասնությունը, քվորում չապահովելով, տապալել էր ընտրությունը: Երկրորդ անգամ նույն թեկնածուին առաջադրելով, ըստ ընդդիմադիր պատգամավորների, նախագահը խախտել է օրենքը:

Նախագահին ճնշել են՝ ըստ ԼՀԿ պատգամավորի

Սահմանադրական դատարանի մասին օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, «եթե ՍԴ նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է դատավորի նոր թեկնածու»:

Օրենքի հենց այս ձևակերպումը հիմք ընդունելով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը պնդում է, որ Վահե Գրիգորյանի առաջադրումը օրինական չէ, քանի որ նա «նոր» թեկնածու չէ: Նա ուշադրություն է հրավիրում փաստին, որ մինչ այս առաջադրված թեկնածուներին, որոնք համապատասխանում էին օրենքի բոլոր պահանջներին, խորհրդարանական մեծամասնությունը չի ընտրել: «Այստեղ մի բան պետք է մտածել. բացառապես ուզում են իրենց քաղաքական կողմնորոշումն ունեցող թեկնածուին առաջ տանել, մինչդեռ ՍԴ դատավորը պետք է լինի ապաքաղաքական անձ: Նախագահն իր հայտարարությամբ ամեն ինչ ասել է: Այնտեղ կամիր գծի պես անցնում է հետևյալ միտքը. եթե ուզում եք այդ թեկնածուին, այլ տարբերակ չեք թողնում, ես էլ ներկայացնում եմ։ Սա ուղղակի ճնշում էր նախագահի նկատմամբ, բայց նախագահը չպետք է տուրք տար այդ ճնշումներին և օրենքի խախտմամբ թեկնածու ներկայացներ»,-ասում է Տարոն Սիմոնյանը։

«Կարևորելով իրավական համակարգի, այդ թվում՝ ՍԴ գործունեության արդյունավետությունը, նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա, հենվելով իր և իրավական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաև ՍԴ դատավորի հավանական թեկնածուների հետ վերջին երկու օրերի ընթացքում ունեցած քննարկումների արդյունքների վրա` Հանրապետության նախագահը առաջարկում է Վահե Գիգորյանի թեկնածությունը»,- նշված է նախագահ Ա.Սարգսյանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Նախագահը տանուլ տվեց՝ ըստ ԲՀԿ պատգամավորի

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով ևս Վահե Գրիգորյանը «ասոցացվում է իշխանությունների հետ, մինչդեռ ՍԴ դատավորը որևէ քաղաքական ուժի հետ չպետք է նույնացվի»: Նա նաև հիշեցնում է, որ թեկնածուն նախորդ առաջադրման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ: «Ի՞նչ է նշանակում ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրվելը: Բա ԱԺ-ն ինչպե՞ս է ոչ լեգիտիմ մարդու կողմից առաջադրած թեկնածուի մասին քննարկումներ կազմակերպելու»,- հարցնում էր ԲՀԿ-ական պատգամավորը:

Վերջինս նաև տարօրինակ էր համարում, որ նախագահը այս անգամ հապճեպորեն թեկնածու առաջադրեց, մինչդեռ ուներ մեկ ամիս ժամանակ: Գևորգ Պետրոսյանը իշխող ուժին զգուշացնում է, որ , որ Վահե Գրիգորյանի թեկնածության շուրջ կարող է սահմանադրականության խնդիր առաջանալ. «Համենայնդեպս, ես նախագահի փոխարեն չէի առաջադրի նույն անձին`հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Այսօր արդեն շատերն են ասում, որ նախագահն իր ինքնավարությունը փրկելու վերջին հնարավորությունը տանուլ տվեց, և եթե պետության գլխի առաջադրած թեկնածուներին ԱԺ-ն շարունակաբար չի ընդունում, նա կամ պետք է հրաժարական տա, կամ էլ գտնվի իր բարձրության վրա և Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթներն ու իրավունքներն ինքնուրույն իրացնելով`կարգի հրավիրի գործադիր իշխանությանը»,- համոզված էր Գևորգ Պետրոսյանը:

Եվ քաղաքական է, և օրինական՝ ըստ «Իմ քայլի»

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Վահե Գրիգորյանի առաջադրումը դրական էր գնահատում, բայց չէր կիսում տեսակետը, թե նա իրենց թեկնածուն է: «Վահե Գրիգորյանը եթե ընտրվի, լինելու է անկախ ՍԴ դատավոր: Եվ նրա հավանական ընտրվելը չի նշանակում էնտեղ մեր մարդն ունենալ: Այդ կառույցը պիտի լինի անկախ, էդ մարդիկ պիտի լինեն անկախ», -լրագրողներին ասել էր ԱԺ նախագահը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ընդունում է, որ ՍԴ դատավորի ընտրության ժամանակ հնարավոր չէ խուսափել քաղաքական բաղադրիչից. «ԱԺ-ն քաղաքական ինստիտուտ է, և ես «Իմ քայլը» խմբակցության անունից չեմ կարող երաշխավորել, որ մեր մոտեցումներում քաղաքական բաղադրիչը զտելու ենք: Իհարկե, նման բան չի կարող լինել: Ցանկացած խմբակցության դեպքում քաղաքական բաղադրիչը մշտապես առկա է, առկա են նաև բոլոր այն իրողությունները, որոնք այսօր կան մեր իրականությունում»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Հերիքնազ Տիգրանյանն էլ չէր ընդունում ընդդիմադիր գործընկերների կարծիքը, թե Վահե Գրիգորյանի առաջադրումը օրինական չէ: « Նոր» թեկնածուի մասին դրույթը նա այսպես էր մեկնաբանում. «Նախագահի ներկայացրած նախորդ թեկնածուները չեն ընտրվել ԱԺ-ի կողմից, ուստի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՀՀ նախագահը մեկամսյա ժամկետում առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու: Քանի որ Վահե Գրիգորյանը նույն թեկնածուն չէ, ուստի, նախորդի նկատմամբ համարվում է նոր թեկնածու։ Վերոհիշյալ նորմի խախտման փաստն առկա կլիներ, եթե անմիջապես նախորդ մերժված թեկնածուն հիմա նորից առաջադրված լիներ, մինչդեռ ՀՀ նախագահն առաջադրել է ոչ թե նույն, այլ մեկ ուրիշ անձի»:

Անցած մեկ տարում Ազգային ժողովը ձախողել է ՍԴ դատավորի 5 ընտրություն`երեքը 6-րդ, երկուսը` 7-րդ գումարման ընթացքում: ԱԺ-ն մերժել է մերժել է Էմիլ Բաբայանին, Ելիզավետա Դանիելյանին, նույն Վահե Գրիգորյանին, Գոռ Հովհաննիսյանին և Արթուր Վաղարշյանին: Չընտրված թեկնածուներից միայն Ելիզավետա Դանիելյանն էր առաջադրվել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, մյուսներին առաջադրել է Արմեն Սարգսյանը:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ առաջադրման ժամկետը լրանալուց հետո, 24 ժամվա ընթացքում, ԱԺ նախագահը հանդես է գալիս ՍԴ դատարանի դատավորի թեկնածուի, ինչպես նաեւ ընտրության անցկացման օրվա ու ժամի մասին հայտարարությամբ: Իսկ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է թեկնածուին առաջադրող մարմնին՝ նշելով պատճառների մասին:

Իսկ ՍԴ դատավորի հաջորդ թեկնածուի առաջադրման իրավունքն արդեն ՀՀ կառավարությանն է: