ԱԺ առաջին քննիչ հանձնաժողովը՝ քառօրյա պատերազմի հարցով

հունիսի 4, 2019

Մշտական հանձնաժողովը նաև քննիչ է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ ուսումնասիրելու 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները: Դրանում ընդգրկված են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամները:

Հանձնաժողովի նախագահը Անդրանիկ Քոչարյանն է: Նա փաստահավաք գործունեությամբ է զբաղվել մարտի 1-ի գործով, եղել է պաշտպանության նախկին փոխնախարար, ծանոթ է համակարգին:

Հունիսի 4-ին նորաստեղծ քննիչ հանձնաժողովը անցկացրել է   աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկել են տեխնիկական հարցեր: Հանձնաժողովը գործունեության ժամկետը 6 ամիս է: Այդ ընթացքում ուսումնասիրելու են 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կանոնների կատարման, զորքերի համալրման, ծառայության, հետախուզական վիճակը:

Խորհրդարանական այս հանձնաժողովը ուսումնասիրելու է նաև հակառակորդի հարձակողական գործողությունների կանխման մասին հրամանատարական որոշումները, դեպքերին տրված իրավական գնահատականի հիմնավորվածությունը: Հանձնաժողովի իրավասու հարցում ուղարկել պետական մարմիններին ու ստանալ նորմատիվային և ոչ նորմատիվային ակտեր՝ կոլեգիայի նիստերի որոշումներ ու զեկուցագրեր, գաղտնի փաստաթղթեր: Իրավասու է նիստերին հրավիրել սպայական կազմի ներկայացուցիչներին, ներկա ու նախկին պաշտոնյաների: Կարող են նաև պատերազմի զոհերի հարազատները, ծառայակից ընկերները հրավիրվել, քանի որ նրանք Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ «հսկայական տեղեկատվության կրող են»:

Կքննեն նաև նախկիններին, եթե գան

Ուշագրավ է, որ նախկին պաշտոնյաները օրենքով պարտավորված չեն ներկայանալ հանձնաժողով և պատասխանել պատգամավորների հարցերին, սակայն, Քոչարյանի դիտարկմամբ, «խորհրդարանական հանձնաժողովի հետ համագործակցելը նրանց համար բարոյական հարթության վրա պետք է լինի»:

Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան… կհրավիրվե՞ն, արդյոք, նրանք հանձնաժողով. Քոչարյանն ասաց՝ կանչելու են բոլորին. «Դուք հիմա անուններ եք տալիսմենք կանչելու ենք բոլորին, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկություններ: Ես համոզված եմ՝ շատերը կարող են օգտվել իրենց իրավունքից և ասել՝չենք գալիս, բայց բարոյական տեսանկյունից ոչ մեկ իրավունք չունի շրջանցել հարցը: Համոզված եմ, որ հրավիրվողների մեծ մասը հանձնաժողովի հետ էֆեկտիվ կաշխատի»: Քոչարյանը հիշեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունը՝ բանակին մատակարարվող բենզինին ջուր խառնելու մասին ու հարցրեց. «Բա Կարեն Կարապետյանին չլսե՞նք, պիտի լսենք, չէ՞: Մենք գիտենք՝ ով է վառելիքի մատակարարը՝ «Ֆլեշ» ընկերությունը, պետք է տեսնենք՝ ինչպես են կատարում իրենց պարտականությունը»:

Եթե ոմանք մերժեն հանձնաժողով ներկայանալու հրավերը, հանձնաժողովը կփորձի գտնել պատճառները. չե՞ն ուզում, որ կատարվածի պատճառները ուսումնասիրվեն, թե՞ թաքցնելուբանունեն: «100-ից ավելի զոհ ենք ունեցել, մեղավորներ չկա՞ն», -ասաց պատգամավորը:

Բացի մարդկային կորուստների պատճառներից, հանձնաժողովն ուսումնասիրելու է տարածքային կորուստների հարցը՝ հաշվի առնելով, որ այդ օրերին Արցախը 800 հա տարածքի կորցրեց:

Քննելու են՝ չքաղաքականացնելով 

Հանձնաժողովի նիստերը լինելու են դռնփակ, իսկ գործունեության արդյունքներով կհրապարակվի զեկույց, որը կներկայացվի Ազգային ժողովին: Քոչարյանը վստահեցմամբ՝ ինչ բնույթի եզրակացություն էլ լինի, լինելու է փաստերի վրա հիմնված: «Զեկույցներ անպայման լինելու են, եզրահանգումների մենք գալու ենք, նույնիսկ բացասական: Թող հասարակությունը գնահատի՝ ճի՞շտ եզրահանգման ենք եկել, թե՞ ոչ: Ամենակարևորը՝ փաստերը պետք է լինեն անառարկելի», -հայտարարեց Քոչարյանը՝ չբացառելով, որ իրենց զեկույցների հիման վրա կարող է նաև քրեական գործեր հարուցվեն:

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը վստահ է, որ հանձնաժողովում լինելու է քաղաքական կոնսենսուս:

«Տուժողների իրավահաջորդները որևէ հարց չպետք է ունենան: Եթե հարցեր կան, պետք է հիմնավորվեն։ Հանձնաժողովում կան տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բայց մենք պայմանավորվել ենք աշխատանքի մեջ զրոյացնել քաղաքական կոմպոնենտը։ Մենք պետք է լինենք անաչառ»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։

Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է մայիսի 20-ին: Անդրադառնալով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերին»՝ վարչապետն ասել էր, թե «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը: