Բյուջեի կատարողականի քննարկում՝ առաջին դեմքերով

հունիսի 5, 2019

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում հունիսի 5-ին մեկնարկեցին 2018թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խորհրդարանին բյուջեի կատարողական է ներկայացնում երկրորդ անգամ:

Նախորդ տարվա հունիսին վարչապետը ներկայացնում էր 2017թ. բյուջեի կատարման հաշվետվությունը, որը ծրագրել ու իրագործել էր Հանրապետականի կառավարությունը, Այս անգամ հաշվետվությունը նախորդների կազմած, բայց 2018-ի մայիսից Փաշինյանի գլխավորած կառավարության իրագործած բյուջեի մասին է:

Չկատարված պարտավորություններ չկան

2018 թվականը քաղաքական աննախադեպ զարգացումների տարի էր. տեղի է ունեցավ հեսափոխություն, անցկացվեցին նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրություններ: Այս պայմաններում, վարչապետի խոսքով, կառավարությունը կարողացավ լուծել ամենակարևոր խնդիրը` պահպանել մակրոտնտեսական կայունությունը:

«2018թ. պետական բյուջեն կատարվել է, կատարման արդյունքներով ՀՀ կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ: 2018թ. արձանագրվել է 5.2 տոկոս տնտեսական աճ՝ ծրագրված 4.5 տոկոսի փոխարեն: Այսինքն 2018թ. այսպիսի գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել պլանը»,- ընդգծեց Ն.Փաշինյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ` բյուջեի եկամուտների փաստացի ցուցանիշն անցած տարի եղել է շուրջ 1 տրիլիոն 342 մլրդ դրամ, ինչը կազմել է ծրագրի 98.3 տոկոսը: Թերակատարում կա նաև ծախսերի դեպքում` 1 տրիլիոն 447 մլրդ դրամ, որը նախատեսվածի 94.7 տոկոսն է: Անդրադառնալով տնտեսական աճի կառուցվածքին` ֆինանսների նախարարն արձանագրեց, որ 2018թ. իրականացված գործողությունները չեն տվել ցանկալի արդյունքը. 5,2 տոկոս աճի մեջ գերակշիռը ծառայությունների ոլորտինն է` 4,8 տոկոս:

Ե՞րբ են բարձրանալու աշխատավարձերն ու թոշակները

Բյուջեի կատարման ընթացքից, տնտեսության զարգացման տեմպերից խորհրդարանական ընդդիմությունը գոհ չէ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ վերջին 10 տարում ներդրումներ/ՀՆԱ ցուցանիշը 41 տոկոսից հասել է 17 տոկոսի: «Այսինքն, 24-25 տոկոսով իջել է։ Հիմա ուզում եք 5 տարում այդ ցուցանիշը 23 տոկոսի հասցնել, ինչը չնչին է»,- հարցրեց պատգամավորը` նկատելով, որ կառավարության քայլերը հեղափոխական չեն, և տնտեսական հեղափոխության համար հիմք չեն ստեղծում։

Մելքումյանը նաև հիշեցրեց, որ 2015-ից թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացել։ «Այս տարվա համար, գիտեք, որոշ խմբերի աշխատավարձի բարձրացում կլինի, թոշակների մասին քննարկումները շարունակվում են»,- պատասխանեց Ատոմ Ջանջուղազյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ շեշտեց, որ ՀՆԱ-ի աճի այս ցուցանիշներով Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը չի փոխվում։ «Նման բան լինել չի կարող, քանի որ որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, նկատվում են»,- չհամաձայնեց ֆինանսների նախարարը։ 

Ռոումինգից զգույշ օգտվել, փոխել հրշեջի նկատմամբ վերաբերմունքը

2018թ. Ազգային անվտանգության ծառայության պահպանման համար նախատեսվել է 20 մլրդ 372 մլն դրամ, ծախսվել է 19,5 մլրդ կամ ծրագրվածի շուրջ 95 տոկոսը: Տնտեսված 472 մլն դրամը վերադարձվել է պետբյուջե:

ԱԱԾ-ի ղեկավարից պատգամավորները հետաքրքվեցին, թե ինչ նորություններ կան գաղտնալսման հայտնի գործից: Արթուր Վանեցյանը հուսադրող նորություններ չուներ: Ասաց, որ ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100 տոկոսանոց գաղտնիություն ապահովելը գրեթե անհնար է, իր տխուր փորձից ելնելով` խորհուրդ տվեց ռոումինգից օգտվելիս «ավել-պակաս» չխոսել: Բայց նաև տեղեկացրեց, որ մշակվում է մի հավելված, որը փորձելու է ԱԱԾ-ն պաշտպանել գաղտնալսումներից: Այն հայկական արտադրանք է, սերվերը գտնվում է ԱԱԾ շենքում:  «Մասնագետներն արդեն պնդում են, որ անհնար է այդ ծրագիրը շրջանցել և գաղտնալսում իրականացնել։ Անգամ եթե մենք ուզենանք գաղտնալսել մեզ, անհնար կլինի։ Աշխատանքային անունը ԱԱԾ է»,- հավելեց Վանեցյանը:

Ոստիկանության ծախսերը եռակի ավելի են եղել՝ 62,8 մլրդ դրամ: 11,2%-ով կամ 2267-ով աճել են հանցագործությունները: Ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների թիվը` 1353 դեպք 2017թ. 634 –ի փոխարեն։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով՝ բացահայտվել է 5,7 մլրդ դրամի վնաս՝ 2017-ի 730 միլիոնի փոխարեն, վերականգնվել է շուրջ 654 միլիոնը։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը դժգոհեց, որ իրենց համակարգում աշխատավարձերը շարունակում են մնալ ցածր։ «Շարքային անձնակազմը հիմնականում հրշեջներ են, ստանում է 122 000 դրամ, որը պահումներով ավելի քիչ է: Իմ կարծիքով՝ շատ ցածր է, և սրա հետ կապված որոշման նախագիծ ենք ներկայացնել կառավարություն, որ փոխենք իրավիճակը»,-ասաց նա։

Նախարարը նաև նշեց, որ շատ երկրներում հրշեջի նկատմամբ հարգանքը շատ ավելի մեծ է, քան Հայաստանում, և պետությունը պետք է ակտիվ լինի այդ հարցում։ Նա նաև դժգոհեց, որ մարդիկ հաճախ չգիտեն, թե որն է ԱԻՆ-ի պարտականությունը։ «Շատ բաներ կան, որ մենք չենք դրա պատասխանատուն, բայց վերագրվում է մեզ, և ժողովրդի մոտ ստեղծվում է տպավորություն, թե մենք այդ ֆունկցիան լավ չենք կատարել»,-ասաց նա և նշեց, որ օրինակ գազի լցակայանները փակելու իրավասություն չունեն, բայց մարդկանց մոտ նման տպավորություն կա։

ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները կշարունակվեն մինչև հունիսի 12-ը: Հունիսի 18-ին հաշվետվությունը կընդգրկվի ԱԺ հերթական նիստերի օրակարգ: