Աբովյանում՝ ինչպես Կապանում

հունիսի 10, 2019

Հունիսի 9-ին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իշխանական թեկնածուի պարտությունը թիմում մեծամասնությունը համարում է ժողովրդավարության հաղթանակ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը պարտվել էր Աբովյանում` ստանալով 8058 քվե: Ընտրություններում հաղթել է անկուսակցական Վահագն Գևորգյանը, որը համարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հովանավորյալը: Ընտրություններին չի մասնակցել ընտրողների շուրջ 60%-ը:

Երկար տարիներ Աբովյանը և Կոտայքի մարզն ընդհանրապես համարվել են Գագիկ Ծառուկյանի հսկայածավալ բիզնես-գործունեության վայր, որտեղ գործարար պատգամավորը հիմնել է տարբեր տեսակի ձեռնարկություններ և անխափան գործունեություն իրականացրել: Բոլոր համապետական ու ՏԻՄ ընտրություններում նրա հովանավորյալ թեկնածուները այս մարզում մեծ արդյունքներ են արձանագրել:

Այժմ, սակայն, իրավիճակն այլ է: Սպասվում էր, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից մեկ տարի անց իշխանական ուժը կհաղթի Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, բայց դարձյալ եղավ այնպես, ինչպես անցած բոլոր ընտրություններում: Իշխանությունը, այսուհանդերձ, ոգևորված է Աբովյանի ընտրություններով՝ դրանք ներկայացնելով որպես ժողովրդավարության հաղթանակ:

«Մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ էլ պարտվեն», -մեկնաբանելով ընտրությունների արդյունքները, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ դեռ հեղափոխությունից առաջ երկար տարիներ անհրաժեշտություն են համարել ՀՀԿ-ի մենաշնորհի վերացումը. «Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունն այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարելու իրենց ընտրությունը։ Իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար, Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրորդում է վարչապետին. «Հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»: Նրա խոսքով՝ ընտրված քաղաքապետը վայելում է իր աջակցությունը, բայց քարոզարշավին ինքը չմասնակցեց, որովհետև քաղաքապետն իր գործով ապացուցել էր, որ գործ է անում: «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ մասնակցեի՝ ի՞նչ կլիներ»,-ասել է Գագիկ Ծառուկյանը լրագրողներին:

ԱԺ Խորհրդարանում մի հարցում միասնական են՝ Աբովյանում ժողովուրդը ազատորեն արտահայտել է իր կամքը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, թե սխալ է կարծել, որ ամենուր պետք է հաղթի իշխանությունը. «Բա ինչո՞ւ ենք մենք երկար տարիներ քննադատել, ասել՝ կուսակցական մոնոպոլիա է»: Այս ընտրություններում, ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, մտահոգիչը ընտրողների մեծ մասի՝ 60%-ի չմասնակցելն է: «Սա ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացին այսքան փոփոխությունից հետո դեռևս չի արժևորում իր մեկ ձայնը այնպես, ինչպես պետք է», -նշել է Մարուքյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով, Աբովյանի ընտրությունների արդյունքները քաղաքացիների ազատ կամքի արտահայտումն էր և ժողովրդավարության հաղթանակը: Բայց, նրա խոսքով, իշխանական քաղաքական թիմը մտահոգվելու առիթ ունի:

«Մենք, որպես քաղաքական թիմ, պետք է վերլուծենք իրավիճակը, մեր հետևությունները պետք է անենք ու աշխատենք այն ուղղությամբ, որը մեզ այս պարագայում հաղթանակ չի բերել»,-ասել է Մակունցը:

Նա հրաժարվել է գնահատական տալ՝ արդյո՞ք ԲՀԿ-ի աջակցությամբ է գործող քաղաքապետը վերընտրվել այդ պաշտոնում, թե ոչ: Խորհրդարանալան մեծամասնության ղեկավարի խոսքով՝ չպետք է նսեմացնել քաղաքացու դերը և ազատ դիրքորոշումը ընտրություններում:

Թեպետ իշխանության ներկայացուցիչները մտածում են ընտրություններում իշխանական թեկնածուի պարտվելու պատճառները գտնելու և դրանից հետևություններ անելու մասին, այդուհանդերձ, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը արդեն ունի իր տեսակետը պարտության պատճառների մասին. «Իմ կարծիքով, նախընտրական ժամանակահատվածում պետք էր շատ ակտիվ աշխատել»:

Ի դեպ, իշխող ուժի թեկնածուն պարտվել էր նաև Կապանում, 2018 թվականի հոկտեմբերին անցկացված քաղաքապետի ընտրություններում: Այս պարտությանը, սակայն, հաջորդել էր «Իմ քայլի» աներկբա հաղթանակը դեկտեմբերին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց այս դրվագը բոլոր նրանց, որոնք Աբովյանում ԲՀԿ-ի հովանավորյալի հաղթանակը դիտարկում էին որպես «Իմ քայլի» պարտություն: