Կառավարությունը խոստանում է լուծել աղքատության, թոշակների խնդիրը, եթե տնտեսական աճ ապահովվի

հոկտեմբերի 31, 2017

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր մեկնարկեցին 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Վարչապետ Կարեն Կարապետյանն իր 5,5 րոպեանոց ելույթում առանձնացրեց փաստաթղթի կարևոր դրույթները:

Մասնավորապես շեշտեց, որ 2018-ին ծրագրվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի ապագայում 5 տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու համար, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել կառավարության առջև ծառացած խնդիրները կայուն երկարաժամկետ զարգացման և սոցիալական առումներով:

Գործադիրի ղեկավարը խոստանում է, որ եկամտային քաղաքականությունը կլինի հավասարակշռված՝ թե՛ ստվերային տնտեսության կրճատման, թե՛ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից:

«Այս քննարկումները լավ հնարավորություն են միասին մանրամասն ուսումնասիրելու մեր ամենակարևոր փաստաթղթերից մեկը: Հուսով եմ՝ կօգտագործենք այս հնարավորությունը. աշխատենք մաքսիմալ արդյունավետ, պրագմատիկ և ռացիոնալ, որպեսզի ստանանք մեր երկրի և քաղաքացու համար այս պահին հնարավոր լավագույն արդյունքը», -ելույթը եզրափակեց վարչապետը։ Նա պատգամավորների հարցերին չսպասեց և արագ լքեց քննարկման դահլիճը։

Փոխարենը բյուջեի նախագծի քննարկմանը «զինված» էր եկել ֆինանսների նախարար Վարդան Արամյանը : Մեկ ժամից ավելի տևած ելույթի ընթացքում հանրապետության գլխավոր ֆինանսիստը սլայդներով անդրադարձավ մինչև 2017 թվականը գրանցված տնտեսական զարգացումներին, 2017-ին իրականացված քայլերին և 2018-ի անելիքներին։ Ըստ Արամյանի՝ կառավարության գերխնդիրը 2018-ին 5 տոկոս տնտեսական աճ ապահովելն է։

«Պետք է հավակնենք հինգ տոկոսանոց աճին և ոչ թե երեք տոկոսանոց։ Երեք տոկոսանոց աճը մեզ հնարավորություն չի ընձեռում լուծել մեր առջև ծառացած խնդիրները», -ասաց նախարարը։

Նախարարին հարց տվող պատգամավորները քիչ էին, «Ելք» խմբակցությունից հարցեր չեղան, համեմատաբար ակտիվ էր «Ծառուկյան» խմբակցությունը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի՝ նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները չբարձրացնելու դժգոհությանն ի պատասխան, Վարդան Արամյանն ասաց, որ դրանց բարձրացումը անխուսափելի է, բայց ոչ հաջորդ տարվա ընթացքում:

«Այսօր ունենք խնդիր՝ չենք կարող վազել տասը հատ նապաստակի հետևից, պետք է թիրախավորենք մեկը կամ երկուսը, որպեսզի արդյունավետ լինի։ Վազեցիր տասը հատ նապաստակի հետևից, ձախողումները շատ են լինելու», - ասաց նախարարը։

Արամյանի խոսքով՝ կառավարությունը խոստացել էր 2017-ին կայունացնել տնտեսությունը, 2018-ին ունենալ զարգացման մեկնարկ և դրանից հետո միայն մտածել աշխատավարձերը, թոշակները բարձրացնելու մասին։

«Այդ ժամանակ ես թոշակառուի առջև ազնիվ կլինեմ և կասեմ՝ եթե հինգ հազար դրամով բարձրացնում եմ քո թոշակը, որը բյուջեում ստեղծում է լրացուցիչ 25 մլրդ դրամի պահանջ, դա ես ի զորու եմ ներքին տնտեսական աճի հաշվին պերմանենտ ապահովել և ոչ թե վարկ եմ վերցնելու ու ձեր թոշակները վճարեմ», - ասաց կառավարության ներկայացուցիչը։

«Ծառուկյան» դաշինքից մյուս հարցը Գևորգ Պետրոսյանինն էր. «Այս բյուջեով ժողովրդի կյանքը փոխվելո՞ւ է։ Ժողովուրդը արդեն հոգնել ա այդ սխեմաների մասին լսելուց, ժողովուրդը հոգնել ա էս նկարչությունից»:

Վարդան Արամյանն ասաց, որ կառավարությունն ամեն ինչ անում է ժողովրդի համար ու հավելեց. «Մենք վստահ ենք, որ երկիրը ճիշտ ուղղությամբ ենք տանում: Ես Ձեզ վստահեցնում եմ՝ եթե մեր տնտեսական քաղաքականությունը այս ուղղությամբ գնա, մենք կկարողանանք շատ հեշտությամբ մեր սոցիալական խնդիրները լուծել: Մեզ պետք է կայուն տնտեսական աճ»:

2018-ի համար կառավարությունը կանխատեսել է 4 տոկոսանոց գնաճ, իսկ այս պահին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով, գնաճը 1.7 տոկոս է: Մինչև տարեվերջ, նրա կանխատեսմամբ, գնաճը կհասնի 2.5 տոկոսի։

«Վերջին երկու տարիներին մենք վտանգավոր չափերի գնաճ չենք ունեցել», -հայտարարեց Ջավադյանը։

Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների թանկացման մասին հարցերին ի պատասխան Ջավադյանը հակադարձում է. «Բայց կան ապրանքատեսակներ էլ, որոնք էժանացել են, օրինակ՝ շաքարավազը, միրգ, բանջարեղեն։ Կենտրոնական բանկը իր գործիքներով երբևիցե չի կարող ազդել կարագի կամ մսի գների վրա: Կարող ենք ազդել ընդհանուր գների մակարդակի, գների կայունության վրա՝ մեր գործիքներով: Էդ կանենք էն պարագայում, երբ կզգանք, որ ունենք ընդհանուր գնաճային երևույթներ: Բայց այդպիսի երևույթ չկա այսօր»։

Բյուջեի նախագծին ճեպազրույցներում անդրադարձել են «Ելք» և Դաշնակցություն խմբակցությունները։

Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով՝ կառավարությունը գնացել է համարձակ փոփոխությունների։ «Այս և եկող տարիները հիմնականում լինելու են տնտեսապես կայունացնող տարիներ, ինչը հիմք պետք է ստեղծի կայուն զարգացման համար։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի սպասել աշխատավարձերի ու թոշակների բարձրացում», -ասել է Վարդանյանը։

«Ելք» խմբակցությունում հաջորդ տարվա բյուջեի նախագիծը որակում են «ոչ ադեկվատ»։ Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ արդեն 3 տարի կենսաթոշակները, սոցիալական և ընտանեկան նպաստները չեն բարձրացել, բայց դրան զուգահեռ արձանագրվել է կայուն գնաճ:

«Տեսանք, որ 2018-ին 4 տոկոս գնաճ է նախատեսվում, իսկ 2017-ին եղել է 2.7 տոկոս, այսինքն` արդեն մենք ունենք 6.7 տոկոս գնաճ։ Հետևաբար, եթե մենք թոշակներն ու ընտանեկան նպաստները չենք բարձրացնում, նշանակում է, որ կառավարությունը վարում է ոչ թե աղքատության հաղթահարման, այլ աղքատության խորացման քաղաքականություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում կշարունակվեն մինչև նոյեմբերի 14-ը։