Աղմկահարույց նախագիծը ժամանակավորապես հանվեց շրջանառությունից

հունիսի 14, 2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ էր դրել մի օրինագիծ, որով Ազգային ժողովին առաջարկում էր փոփոխություն և լրացում կատարել Քրեական օրենսգրքում և քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելուն կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելուն ուղղված գործողությունները: Նախագծի համաձայն իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը պետք է պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք կամ առավելագույնը երկու ամիս կալանք է սահմանվում իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելու դեպքում, եթե բացակայում են քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Այդպիիսով, օրինագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլև իշխանության բոլոր ներկայացուցիչների համար: Հեղինակի ներկայացմամբ՝ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու «Ոստիկանության մասին» օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված` ոստիկանության ծառայողի, ինչպես նաեւ իշխանության այլ ներկայացուցիչների իրավական ապահովության երաշխիքների լիարժեք իրացումը:

Արմեն Խաչատրյանը հավատացնում է, որ նման փոփոխությունների անհրաժեշտությունը ինքը վաղուց է տեսել և մտածել է, որ չի կարելի այդ հարցը թողնել «չկարգավորված»:

«Պրակտիկան է առաջացրել նման իրավական կարգավորումներ անելու անհրաժեշտությունը: Այսօր բազմաթիվ են դեպքերը, երբ իշխանության ներկայացուցչին իր ծառայողական լիազորություններն իրականացնելու ժամանակ վիրավորում են, հայհոյում են, խոչընդոտում են նրա օրինական գործղություններին, ինչը կարող է վտանգավոր լինել ընդհանրապես պետական կառավարման համակարգի և ողջ հանրության համար: Որպես պատգամավոր՝ որոշեցի հնարավորությունը բաց չթողնել և հարցին կարգավորումներ տալ»,- ասաց Արմեն Խաչատրյանը: Առաջարկվող փոփոխությունները հեղինակը կառավարության հետ դեռ չի քննարկել:

Ամոթ է. զարմացած են ու զարհուրած

Նախագիծը դեռ շրջանառության մեջ չդրված, սկսվեցին քննադատությունները: «Ամոթ է, հանեք շրջանառությունից... Պուտինի ականջը կանչի, հա»,- համացանցում գրել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Փաստորեն, քրեականացվում է այն ամենը, ինչով ամբողջ կյանքում զբաղվել է Նիկոլ Փաշինյանը, ինչով զբաղվել են բնապահպանները, Մաշտոցի պուրակի ակտիվիստները, Էլեկտրիկ Երևան, 100 դրամ շարժումները, որոնց մի մասն այժմ խորհրդարանում ու կառավարությունում է՝ դեռ։ Հաջորդ փուլում կխստացվի հանրահավաքների մասին օրենքը և խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներ կմտցվեն»,-կանխատեսել էր քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Կարծում եմ՝ շատ սխալ մոտեցում է, և նույնիսկ մեծամասնության կողմից դրական չի ընկալվի, հենց կառավարությունը բացասական եզրակացությամբ նախագիծը կուղարկի հետ»,- ասում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ «զարհուրած է» գործընկերոջ առաջարկից: Նա համոզված է, որ դա ամենամեծ հարվածն է լինելու խոսքի ազատությանը: «Էդ նախագիծը եթե հասնի Վենետիկի հանձնաժողով, մերժում կստանա, որովհետև երբ մենք ԵԽ անդամ դարձանք, մահապատժի վերացումից բացի հիմնական պարտավորություններից մեկը, որ ՀՀ-ն կատարեց, վիրավորանքը ապաքրեականացնելն էր»,-հիշեցնում է նա։ 

Շրջանառության մեջ՝ ընդամենը մեկ շաբաթ

Նախագիծը շրջանառության մեջ դնելուց օրեր անց հեղինակն այն հետ կանչեց, բայց` ժամանակավոր: Հունիսի 13-ին օրվա երկրորդ կեսին օրինագիծն արդեն ԱԺ կայքից հանվել էր: Արմեն Խաչատրյանը սա բացատրեց նախաձեռնության նկատմամբ արտահայտված հանրային բուռն արձագանքով:

«Ինձ համար ոչ պակաս կարևոր է հանրության արձագանքը և դրանք վերլուծելով` որոշել եմ բոլորին գնահատական տալ, լսել առաջարկությունները, բացասական կարծիքների հիմնավորումները: Կիրականացնեմ հանրայինքննարկումները, իմ կարծիքով՝ կա նախագծի հիմնավորումների տեղեկացվածության խնդիր: Ես կփորձեմ, ինչպես հարկն է, ներկայացնել հիմնավորումներն ու նախագծի անհրաժեշտությունը»,- ասաց նա:

Հեղինակը չի ընդունում Նաիրա Զոհրաբյանի այն կարծիքը, թե Վենետիկի հանձնաժողովը կմերժի նախագիծը: «Դիմում եմ Նաիրա Զոհրաբյանին. եթե Ամերիկայում, Բելգիայում, Դանիայում և այլ երկրներում այդ արարքների համար ավելի խիստ պատիժներ են նախատեսված, ապա ինչ Վենետիկի հանձնաժողովի մասին է խոսքը: Զարգացած երկրներում ավելի խիստ մոտեցումներ կան այսպիսի արարքների դեպքում»:

Ի դեպ, ընդդիմադիր ոչ բոլոր պատգամավորներն էին քննադատում Արմեն Խաչատրյանի նախաձեռնությունը: ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը թեև դեմ է խոսքի ազատության սահմանափակմանը, պնդում է, որ հրապարակային վիրավորանքը պետք է օրենքով պատժվի: «Երբ մենք պատրաստվում ենք քաղաքական հայտարարություն անել, ոչ միայն մածում ենք, թե այն ինչ քաղաքական գնահատական կստանա, այլ թե երեկոյան ինչ հայհոյանքներ կստանանք սոցիալական ցանցերում»:

«Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանի կարծիքով էլ փոփոխությունների գաղափարը օդից չի վերցվել, դրա համար կա սոցիալական պահանջ. «Հասարակության որոշ անդամներ սպառնում, վիրավորում են պաշտոնատար անձանց, ու նրանք չեն կարողանում իրենց քաղաքական, տնտեսական և այլ գործառույթները պատշաճ կատարել: Դա փաստ է: Բայց ես դեռ նախագիծը չեմ ուսումնասիրել ու չեմ կարող ասել՝ դրանով համաչափ կարգավորումներ առաջարկվում են, թե ոչ»: