Վահե Գրիգորյան. նոր Հայաստանի առաջին դատավորը ՍԴ-ում

հունիսի 20, 2019

Ավելի քան մեկ տարվա քննարկումներից հետո Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնը համալրվեց. հունիսի 18-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ և ձայների 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ ՍԴ դատավոր ընտրեց Վահե Գրիգորյանին:

Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները չէին թաքցնում՝ Գրիգորյանը իրենց սրտի թեկնածուն է: Եվ թերևս դա էր պատճառը, որ նրան շատ հարցեր չուղղվեցին, իսկ մտքերի փոխանակման ժամանակ հնչեցին հիացական ու գովաբանող ելույթներ:

ՍԴ դատավորի թեկնածուի իր խոսում Գրիգորյանը անպտուղ գործ համարեց Սահմանադրական դատարանի գործունեությունը քննադատելը, ասաց, որ ՍԴ-ն այն մարմինն է, որի հեղինակությունը հարվածներ է ստացել ավելի շատ ընտրական վեճերի ժամանակ: «Դրա համար բազմաթիվ օբյեկտիվ հիմքեր են եղել, եղել է այն, որ դատարանն իրեն դիստանցավորել է փաստի դատարանի կարգավիճակից, ՍԴ-ն իրեն հեռացրել է փաստերը քննելու՝ իր սահմանադրական լիազորություններն իրականացնելու կարգավիճակից և, արդյունքում, այլ իրավասու ատյանների կայացրած որոշումներով և փաստերի վերաբերյալ գնահատականների վրա է սկսել հիմնել իր դատողություններն ընտրությունների արդյունքում կայացրած որոշումների վիճարկման գործերով», հայտարարեց Վահե Գրիգորյանը:

Այնուհետև նա ներկայացրեց Սահմանադրական դատարանի կազմավորման իր տեսլականը՝ նշելով, որ դրանում պետք է ներգրավվեն հայության տարբեր հատվածների ներկայացուցիչներ: «Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի նախագահի կողմից առաջադրվող երեք թեկնածուներից մեկը պետք է առաջադրվի Հայաստանից, մյուսը՝ Արցախից, իսկ երրորդը՝ Սփյուռքից: Սահմանադրական դատարանը կարող է և պետք է դառնա այն միավորող ատյանը, որը իր մեջ կարող է ներառել այս բոլոր հատվածները: Այս ուղղությամբ որևէ անհնարին բան չկա», - հայտարարեց Գրիգորյանը:

Նաև ասաց, որ մնում է իր տեսակետին՝ նախագահական կառավարման համակարգի կողմնակից է, և այդ ուղղությամբ առնվազն քննարկումներ անհրաժեշտ են: Ինչ վերաբերում է 2015-ին ընդունված Սահմանադրությանը, Գրիգորյանը նման համեմատություն անցկացրեց. «Կներեք շատ կոպիտ արտահայտության համար դա բռնաբարությունից ծնված երեխայի նման է: Մենք բոլորս սիրում ենք նրան և այլն, բայց մենք միշտ հիշում ենք իր ծագումնաբանությունը»: 

Հարցերը՝ քիչ ու մեղմ

Թեկնածուի ելույթը կարճ էր, իսկ նրան ուղղված հարցերն ընդամենը 9-ը. ՍԴ անդամի նախորդ թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին տրված հարցերը կրկնակին էին՝ 18: «Իմ քայլի» պատգամավորները այս թեկնածուի նկատմամբ առավել հանդուրժող էին, և ՍԴ դատավորի նախկին երկու թեկնածուների նման հարցախեղդ չարին: Տաթևիկ Հայրապետյանը հարցրեց՝ իշխող խմբակցությունից ընկերներ ունի՞ Վահե Գրիգորյանը: Վերջինս չժխտեց, ասաց՝ նրանք ամենուր են՝ տարբեր կուսակցություններում, այդ թվում՝ իշխանական: Բայց նաև պնդեց. «Ոչ մի տարօրինակ բան չկա դրանում, ես չէի կարող չունենալ ընկերներ: Իմ գործունեությունը ամբողջությամբ եղել է քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը: Մեր ընկերությունը եղել է գաղափարական հիմքի վրա, որը ամենևին էլ ոչ կուսակցական գաղափարական հիմքն է՝ ժողովրդավարական, ազատ Հայաստանը: Այդ ընկերությունը ձևավորվել է այնպիսի իրավիճակներում, որ մեր խնդիրն է եղել կանխել բացասական երևույթները Հայաստանում: Անկախ այն բանից՝ նրանք իմ ընկերներն են, թե ոչ՝ դատավորի երդում տալու պահից, դատավորները ընկերներ չեն ունենում այլևս»:

«Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանը պարզաբանող հարց ուներ թեկնածուի կենսագրության վերաբերյալ. «Հանդիպեցի մի փաստաթղթի՝ 99 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված դատախազների պաշտոնեական պիտանելիության փաստաթուղթ-ցուցակ: Հետաքրքրվեցի, պարզվեց՝ դա հենց առաջխաղացման ցուցակն է, այսինքն՝ 99 թվականին առաջխաղացում ունեցաք։ Եվ մի ուշագրավ բան էլ կար էդ ցուցակում՝ ձեր անունից երկու համար վերև, կարծես թե, Միշա Գրիգորյանը, եթե չեմ սխալվում, Ձեր հայրն է։ Արդյո՞ք Ձեր հոր՝ էս համակարգում լինելը նաև օգնել է էս բացառիկ ձեռքբերումներին, որովհետև նոր Հայաստանում մենք խոսում ենք կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարի մասին,և կցանկանայինք, որ ՍԴ-ում ընդգրկվող նոր անդամը երբևէ առնչություն չունենար նման բաների հետ»: Գրիգորյանը հաստատեց, որ իր հայրը օգնել է իրեն, բայց նա եղել է բանվոր, և նշված դատախազը իր հայրը չէ: Անդրադառնալով առաջխաղացման ցուցակին՝ Գրիգորյանն ասաց, որ ինքը դատախազական համակարգում եղել է երկամյա զինծառայության ընթացքում և բավական առաջխաղացում է ունեցել: Սակայն, նրա խոսքով, այդ համակարգում աշխատելն իր երազանքը չի եղել և ծառայությունից հետո թողել է աշխատանքը:

Ելույթներ՝ կողմ ու դեմ

Վահե Գրիգորյանի թեկնածությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի սրտով չէր, և նա այդ մասին հայտարարեց ԱԺ ամբիոնից: Նա կասկածի տակ դրեց Գրիգորյանի հայտարարությունը, թե ՍԴ դատավոր դառնալով ինքն այլևս ընկերներ չի ունենալու. «Դուք ասում եք՝ բանտում եք ծանոթացել, մեկս մեկին օգնել է: Բա, եղբա՛յր, որ բանտային պայմաններում ձեզ օգնած մարդը, ձեզանից աջակցություն ակնկալի, հայցի, էդ ո՞նց եք ձեր բանտային օրերի հիշողությունները մոռանալու»: Նրան բարկացրել էր հատկապես Գրիգորյանի համեմատությունը. «Եթե այդ այսպես է, բա ինչո՞ւ եք այդ բռնաբարված ծնունդի արդյունք հանդիսացող երեխայի ուսերին․․․ ուզում եք էդ ուսերով հանգրվանել Սահմանադրական դատարանում»:

«Լուսավոր Հայաստանում» Գրիգորյանի թեկնածության հարցի շուրջ կարծիքները կիսվել էին, ինչը երևաց ելույթների ժամանակ: Խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ասաց, որ Գրիգորյանի թեկնածության առաջադրման մեջ Սահմանադրության խախտում է տեսնում, քանի որ նա նոր թեկնածու չէ. «Էլ ինչպե՞ս ձեզ օգնեմ, բոլոր տարբերակներից ընտրել եք վատագույնը, և ինչքան էլ ես հարգեմ պարոն Գրիգորյանի մասնագիտական գիտելիքները, նրա անձը, անցած ճանապարհը, ես և իմ գործընկերներից շատերը չեն կարող անտեսել օրենքի պահանջը»: Նույն խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Գրիգորյանի թեկնածությունը համարում է իր արժանապատվության, ինքնության հարց: Նա հայտարարեց, որ այս ընտրությունը դատաիրավական համակարգի բարեփոխման սկիզբ է, և այս ընտրությունը նախանշում է ապագան, մոլորության մեջ ենք և սխալվում ենք։ Այսօրվա ընտրությունն ընդամենը հնարավորություն է՝ թույլ չտալու, որ այդ իսկ ինքը ընտրում է ապագան: «Եթե մեզանից ոմանց թվում է, թե նախկին իշխանությունն իսպառ հեռացել է, մենք չարաչար իշխանության պարագլուխներն ու նրանց նորելուկ արբանյակները վերադարձի հույս ունենան»,- հայտարարեց Բաբաջանյանը: Ընդդիմադիր պատգամավորը ԱԺ ամբիոնից իր տեղը վերադարձավ իշխանական խմբակցության պատգամավորների ծափերի ներքո:

Ե՛վ «Բարգավաճ Հայաստան»-ում, և՛ «Լուսավոր Հայաստան»-ում որոշել էին քվեարկել ազատ՝ առանց միասնական դիրքորոշման:

ՍԴ նոր անդամի երդումը` ինտրիգային հայտարարությամբ

Ընտրությունից հետո Վահե Գրիգորյանը լրագրողներին ասաց, որ պատրաստվում է արդյունավետ աշխատել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: «Որքան էլ որ ձեր համար հիմա տարօրինակ հնչի, ես դա պատկերացնում եմ բացառապես արդյունավետ՝ ինչ կարգավիճակում և ինչ տևողությամբ էլ որ դա լինի: Ես հուսով եմ, որ կլինի արդյունավետ», -ասաց նա:

Երդումից առաջ, սակայն, Գրիգորյանը այլ հայտրարություն արեց:

«Այսօր այս երդումը տալով՝ դառնալու եմ Սահմանադրական դատարանի երկրորդ դատավորը. դուք չեք սխալվում՝ լսելով այն, ինչ ես ասում եմ, ես դառնալու եմ երկրորդ դատավորը։

Սահմանադրական դատարանում այս երդումը տալու պահից լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարանի քվորումը պահանջում է առնվազն 5 դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, իսկ Սահմանադրության 166-րդ և 170-րդ հոդվածների պահանջով՝ Սահմանադրական դատարանը կազմված է բացառապես դատավորներից և որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները, մինչդեռ Սահմանադրական դատարանը անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է Սահմանադրական դատարանի անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով», -հայտարարեց Գրիգորյանը։

Նրա գնահատմամբ՝ կազմի մեծամասնության մասով խնդիր ունենալը ճգնաժամ է Սահմանադրական դատարանի համար։ «Սահմանադրական դատարան մուտք գործելով որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորն այս օրերին բացակայում է, ես, ստանձնելով Սահամանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին », - հայտարարեց Վահե Գրիգորյանը։