2018թ.բյուջեի կատարողաականն ընդունվեց

հունիսի 20, 2019

«Խիստ կասկածում եմ, որ աշխարհում կա որևէ երկիր, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն, և մակրոտնտեսական կայունությունը պահպանվել է, ու տնտեսությունը ռեցեսիայի առնվազն տևական փուլ չի մտել: Այս առումով, կներեք արտահայտությանս, այլ կերպ կառավարության աշխատանքը, քան փայլուն, ուղղակի հնարավոր չէ գնահատել»,-2018թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ավարտիին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Եվ յոթերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի վերջին օրը` հունիսի 20-ին, խորհրդարանը 95 կողմ և 17 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2018թ. բյուջեի կատարողականը: Փաստաթղթին կողմ քվեարկեցին իշխանական «Իմ քայլը» և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, «Բարգավաճ Հայաստանը» դեմ էր:

Սա հաշվետվությունն էր 2018թվականին, մինչև հեղափոխությունը վեցերորդ գումարման խորհրդարանում նախկին իշխանության ընդունած բյուջեի: Այդ բյուջեն անցած տարվա առաջին 4 ամիսներին կատարվել է նախկինների կողմից, իսկ մայիսի 8-ից հետո դրա կատարումը ստանձնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը: Այս հանգամանքը նկատի ուներ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երբ հայտարարեց, թե դահլիճում նստածներից ֆինանսական այդ փաստաթղթին կողմ է քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ով այն ժամանակ իշխող ՀՀԿ-ից էր:

Տնտեսությունն ունի լավ տրամադրություն, դատավորները կստանան 2, 5-3 մլն դրամ

«Ամփոփելով 2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը՝ թուլ տվեք ասել, համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի է, և խիստ կասկածում եմ, որ երբևէ որևէ այլ երկրում նման բան տեղի է ունեցել: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել. 2018 թ. ՀՀ-ում տեղի են ունեցել նախագահի 1 փոփոխություն, վարչապետի 5 ընտրություն, վարչապետի 2 փոփոխություն, ԱԺ արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ, մի քանի քաղաքներում արտահերթ ընտրություններ, և ի վերջո, տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն»,- իր ամփոփիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի ներկայացմամբ՝ անցած տարի ունեցել ենք 5,2 տոկոս տնտեսական աճ այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած կառավարությունը դրել էր 4,5 տոկոս աճի կանխատեսում, գործող կառավարությունն էլ, ըստ գործադիրի ղեկավարի, չունի չկատարված որևէ պարտավորություն: Նա անդրադարձավ նաև կառավարության աշխատանքի արդյունքներին ու ապագա ծրագրերին` 2, 5-3 մլն դրամի կհասցվի նոր ներգրավված դատավորների աշխատավարձը: Այս հարցում Հայաստանին 2-3 տարի կաջակցեն միջազգային դոնորները, և մեր երկրի բյուջեն որոշ ժամանակ չի կրի այդ բեռը: Երբ հանրությունը կտեսնի, որ ՀՀ-ում կայացել է անկախ դատական համակարգը, զուգահեռաբար կառավարությունը լուծել է սոցիալական խնդիրները, կհամաձայնի բյուջեից տարեկան 10 մլրդ դրամ հատկացնել այդ նպատակին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր պետական բյուջեն մեծ հաշվով գումարի խնդիր չունի: Հակառակը` ունի միջոցները արդյունավետ ծախսելու մտահոգություն: Հենց այդ պատճառով բյուջեի ծախսային մասը թերակատարվել է ոչ միայն 2018թ., այլև այս տարի: Խնդիրն այն է, որ երկու տասնամյակ մեր պետական համակարգն աշխատել է ատկատի մեխանիզմով և պետությունից տարբեր պատվերներ ստացած ընկերություններից անորակ գործեր ընդունելով: Եվ այս շրջանը վարչապետը համարեց նման համակարգի դեմ պայքարի փուլ:

Ելույթի ավարտին նա հայտարարեց, որ Հայաստանում տնտեսությունը գտնվում է շատ լավ տրամադրվածության մեջ: «Այնպես որ, սիրելի գործընկերներ, ես կարծում եմ՝ մենք բոլորս այսօր պետք է ունենանք լավ տրամադրություն ոչ թե նրա համար, որ ՀՀ-ում բոլոր հարցերը լուծված են, այլ նրա համար, որ ՀՀ-ում լուծվում են շատ կոնկրետ հարցեր»,- հավելեց նա:

Ընդդիմությունը դժգոհ է

Ընդդիմադիր խմբակցությունները բնականաբար քննադատեցին կառավարության գործունեությունը: ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գոհ չէր իշխանության կադրային քաղաքականությունից: Ասաց՝ տրվել են խոստումներ, որոնք դրժվել են, իսկ քաղաքական դաշտը բաժանվել է սևերի ու սպիտակների: «Կարո՞ղ էին արդյունքները ավելի լավը լինել: Կարծում եմ՝ այո, եթե կառավարությունը լիներ մի քիչ ավելի լսող, մի քիչ ավելի համագործակցային, եթե այդ վեհ գաղափարները որոշ մարդկանց ուղղակի չկտրեին մայր հողից։ Բան ենք ասում, մեզ ասում են՝ դուք խոսում եք ժողովրդի կառավարության ներկայացուցչի հետ, ոնց կարելի է էդպես խոսել կամ ժողովրդի պատգամավորին ո՞նց եք նման բան ասում: Տպավորություն է, թե ընդդիմությունը, չգիտեմ, որ ժողովրդի պատգամավորն է կամ որ ժողովրդի ընդդիմությունն է: Թե՞ կարող է ինչ-որ տարբեր ժողովուրդներ են մեզ ընտրել»,- հարցրեց նա` հավելելով, թե բյուջեի կատարման «էքստրաօրդինար պայմաններից ելնելով` կողմ կքվեարկեն հաշվետվությանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Մարուքյանին հակադարձեց՝ դիմելով իր կուսակից պատգամավորներին: Ասաց. «Վատ կադրային քաղաքականություն է, մի տարի է պաշտոնավարում եք, ոչ մեկիդ էրեխու հաշվին մի 10 միլիոն դոլարն ինչ է, որ չկա»։

Քննադատությունները շատ էին հատկապես ԲՀԿ-ից. Գևորգ Պետրոսյանը թվարկեց, թե ապրանքները թանկացել են, արտագաղթը չի նվազել, սոցիալական խնդիրները տեսանելիորեն չեն լուծվել, պատերազմի սպառնալիքի աճին զուգահեռ «Հայաստան-Արցախ հարաբերությունների մշուշը թանձրանում է»։ «Ինչո՞վ է բյուջեի կատարողականը դրական»,- հարցրեց նա։

Սերգեյ Բագրատյանն էլ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, թե 10 մարզպետ եկել է հաշվետվություն ներկայացնելու, և «Իմ քայլը» խմբակցությունից որևէ մեկը մի հարց չի տվել։ «Միայն ես տասը մարզպետի հարց եմ տալիս։ Ինչի՞ վրա եք զարմանում. հանրապետության 10 մարզը համակարգող մարզպետներին մի հարց չեն ունեցել, պարո՛ն վարչապետ»: 

Միքայել Մելքումյանն էլ նկատեց, թե նախատեսվում էր 2018-ին 80 մլն դոլարով մեծացնել կապիտալ ներդրումների ծավալը, բայց չի կատարվել: Բացատրեց, որ եթե քաղաքացին երկրում անվտանգություն, արդարություն եւ աշխատանք է պահանջում, ապա բյուջեի կատարման շրջանակում անհրաժեշտ են արդյունավետություն, արտադրողականություն եւ շահութաբերություն: «Ես այդպես էլ չտեսա, որ բազմակողմանի ներկայացվեն կապիտալ ներդրումների տնտեսական կամ սոցիալական արդյունավետությունը: Այս մասին զրո տեղեկատվություն է, միայն ասացին, որ արտահանման հատվածում շահութաբերությունը 8 տոկոսով ցածր է, քան մյուս ոլորտներում, բայց ոչ մի խոսք չեղավ այն մասին, թե դա ինչպես է համադրվում ներքին շուկայի խնդիրների հետ»,- դժգոհեց ԲՀԿ պատգամավորը:

Մինչդեռ ԲՀԿ-ն, նաև ԼՀԿ, ըստ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի, 2018թ. բյուջեն ինչ-որ ժամանակ կատարել են միասին՝ «Իմ քայլի» հետ միասին կառավարություն ձևավորելով: Նրանք, պատգամավորի խոսքով, իրենց քվեարկությամբ անուղղակիորեն գնահատական են տալիս իրենց աշխատանքին: