Վարչապետին իրավիճակը ճիշտ չեն ներկայացնում. Ս. Բագրատյան

հունիսի 24, 2019

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:

-Կառավարության՝ ԱԺ ներկայացրած Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկվող տարբերակում, առաջինի համեմատ, որոշ փոփոխություններ են կատարվել: Օրինակ, իջեցվել է գրավատների համար սահմանված պետտուրքը: Այս տարբերակն ինչպե՞ս եք գնահատում:

-Դրանք հեղափոխական փոփոխություններ չեն, չեն սպասարկում տնտեսության թռիչքաձև զարգացմանը:

-Տնտեսական հեղափոխություն ապահովող ի՞նչ փոփոխություններ կառաջարկեք:

-Քննարկման ընթացքում առաջարկել եմ, որ հարկային օրենսդրությունը հնարավորինս պարզեցվի, առաջարկել եմ անցում անցում շրջանառության հարկի. այն հարկատեսակին, որը պարզ է ու բոլորին հասկանալի: Եվ մենք կգտնենք այն դրույքաչափը, որն ընդունելի կլինի թե՛ կառավարության, թե՛ տնտեսվարողների համար: Տնտեսվարողը, վճարելով այդ մեկ հարկատեսակը, կիմանա, որ այլևս հարկային մարմինների հետ գործ չունի: Չընդունեցին: Կարծում եմ այս պահին կառավարության գործողություններում որոշակի զգուշավորություն կա, կառավարությունը ռիսկային փոփոխությունների չգնաց:

-Բայց կառավարությունը ընդունեց ձեր առաջարկությունը և շրջանառության հարկի շեմը թողեց 115 մլն դրամ:

-Դա այն մինիմալն էր, որն անրհաժեշտ էր տնտեսության մեջ որոշակի ակտիվություն ունենալու համար, բայց դա բավարար չէ: Տնտեսական հնարավորություններն ամբողջությամբ գեներացնելու համար առաջարկում ենք այդ շեմը հասցնել, օրինակ, 500 մլն կամ 1 մլրդ դրամի:

-2018թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թեև բյուջեն իրենց իշխանությունը չի ընդունել, բայց իրենք այն փայլուն են կատարել: ԲՀԿ-ն քննադատում էր կառավարությանը: Ի՞նչը չէր գոհացնում ձեզ. ի վերջո, ժամանակին դուք ևս մասնակցում էիք դրա կատարմանը:

-Երբ այդ բյուջեն ընդունվում էր, մենք այն քննադատել ենք: Ասում էինք, որ ներառական և վերարտադրական չէ, ունի սպառողական որակներ: Այդ բյուջեով նախատեսված թվային տվյալները, իհարկե, կատարվել են, բայց մենք քննադատում էինք, որովհետև դրա կատարման ժամանակ քաղաքացու վիճակի բարելավում չի եղել:

- Բայց ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, բյուջեն կատարել են բավական բարդ պայմաններում` հեղափոխություն, վարչապետի 5 ընտրություն, ԱԺ և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:

-Համաձայն եմ, որ հեղափոխություններին, սովորաբար, հաջորդում է տնտեսական անկումը, և դա մեզ մոտ չգրանցվեց: Բայց հեղափոխությունից վեց ամիս հետո պետք է տնտեսության զարգացման տեսլական լիներ: Այստեղ է, որ կառավարության կատարողականը չի բավարարում, թեև, իհարկե, ջանում են արդյունավետ կառավարում իրականացնել: Եթե վարչապետը հայտարարում է, թե առանց իզմերի պետության մասին է խոսքը, պետք է հասկանանք` այո, առանց իզմերի, բայց ինչպե՞ս: Մենք ուզում ենք զարգացած բարձր տեխնոլոգիանե՞ր, թե՞ հզոր գյուղատնտեսություն, արդյունաբերությո՞ւն, թե՞ ծառայություններ բարձրակարգ մատուցում:

-Բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ասացիք, թե մշտական հանձնաժողովներում դրա ներկայացմանը «Իմ քայլը» խմբակցությունից 10 մարզպետներին որևէ հարց չուղղվեց: Ի՞նչ էիք ուզում այդպիսով ցույց տալ:

-Ես այդպես պատասխանեցի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին, որ հայտարարեց, թե բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ամենաշատ հարցերը տվել են իրենք: Ես մի օրնակով ապացուցեցի, որ այդպես չէ, քանի որ 10 մարզպետներին հարցեր ուղղեցի միայն ես, բայց ներկա էին նաև մեծամասնության պատգամավորները: Ես ուզում էի ապացուցել, որ նրա հնչեցրած թվերը չեն համապատասխանում իրականությանը: Ունենալով 88 պատգամավոր և հնչեցնել ընդամենը 230 հարց՝ նշանակում է մեկ պատգամավորը ընդամենը 2,5 հարց է տվել, մինչդեռ միայն ես շուրջ 70 հարց եմ տվել: Նիստը վարող Վարազդատ Կարապետյանը հարցնում էր, թե մարզպետներին ով հարց ունի, իրենցից որևէ մեկը ձայն չէր հանում: Իսկ ես կատակում էի, թե, փաստորեն, քննություն եմ անցկացնում, քանի որ մենակ ես էի մարզպետներին հարց ուղղում: Ինչպե՞ս կարող են դա համարել դրական արդյունք: «Իմ քայլի» պատգամավորներն առանձնապես ակտիվ չէին նաև մյուս գերատեսչությունների ղեկավարների զեկույցները քննարկելիս: Ես ուզում էի վարչապետին ասել, որ իրեն ճիշտ չեն ներկայացնում իրավիճակը:

-Իսկ բյուջեի հաշվետվության քննարկմանը «Իմ քայլի» հարցերի սակավությունը ի՞նչ էր նշանակում:

-Եթե ամբողջ հանրապետությունն ընդգրկող 10 մարզի պատասխանատուներին իշխանական խմբակցությունը որևէ հարց չի ուղղում, եզրակացություններն ու վերլուծությունները թողնում եմ վարչապետին: Այս դեպքում աշխատանքի ինչպիսի՞ արդյունավետություն կարող ենք ակնկալել: Կամ հակառակ ուղղությամբ գանք: Ես մարզպետներին խնդրում էի ներկայացնել երեք գործ, որ իրենք են նախաձեռնել ու իրականացրել: Կառավարությունից ստացված որոշումներով գործողություններ բոլորն են անում, իրենք ի՞նչ են արել: Վայոց ձորի մարզպետն ասաց, որ «Իմ քայլի» գործընկերների հետ որոշել են վերանորոգել Խնձորուտ գյուղի ճանապարհը: Կարծում եմ՝ դա հնարավոր չէ, քանի որ միլիարդավոր դրամների մասին է խոսքը, բայց որ որոշել են, ուրախացնում է: