Իշխանությունն ընդլայնում է ընդդիմության լիազորությունները, ընդդիմությունը դեմ է

հունիսի 25, 2019

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հունիսի 25-ին դեմ քվեարկեցին ընդդիմության լիազորությունների ավելացում նախատեսող օրենսդրական փաթեթին՝ ներկայացված Աժ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից: Խորհրդարանի նախագահը ԱԺ կանոնակարգ և հարակից մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրինագծերով առաջարկում էր ընդդիմադիր խմբակցություններին տալ ինքնավար մարմիններում` Հանրային ծառայությունները կարգավորող և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովներում անդամի թեկնածու առաջադրելու իրավունք:

Այս կառույցներում անդամների թեկնածուներ առաջադրում է վարչապետը, նրանց ընտրում և նշանակում է Ազգային ժողովը: Փոփոխություններով լրացուցիչ երաշխիքներ կձևավորվեն ընդդիմադիր խմբակցությունների համար՝ նման կարևոր մարմիններում իրենց թեկնածուներն առաջադրելու առումով: Բացի այդ՝ հօգուտ խորհրդարանի և կառավարության կնվազեն վարչապետի լիազորությունները, և կավելանա խորհրդարանական վերահսկողությունը այդ մարմինների վրա: «Կառավարությունն ի վերջո կոլեգիալ մարմինն է, իսկ կառավարությանը և Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը նույնացնել չարժե»,- ասաց ԱԺ նախագահը:

Ընդդիմադիր խմբակցությունները, սակայն, այդ մարմիններում կարող են առաջադրել ընդամենը մեկ թեկնածու, և դա էր անհամաձայնության պատճառը, որ նրանք դեմ եղան նախագծին: Նրանք առաջարկում էին յուրաքանչյուր ընդդիմադիր խմբակցությանը տալ մեկ թեկնածու առաջադրելու իրավունք, իսկ ԱԺ-ն քվեարկությամբ կընտրի, թե ով պետք է լինի այդ մարմիններում իրենց ներկայացուցիչը: Հակառակ պարագայում ընդդիմադիր խմբակցությունները միասնական թեկնածու ներկայացնելու խնդիր կունենան: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց նրանց առաջարկությունը:

Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց   84 կողմ և 33 դեմ ձայնով:

Ընդդիմության տանը կռիվ կլինի

«Լուսավոր Հայաստան» խմբակցության համար անհասկանալի է, թե ընդդիմադիրներն ինչպես են որոշելու՝ իրենցից որի թեկնածուն պետք է առաջադրվի: «Նախագիծը նպատակ ունի կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տանը: Սա խիստ ապաքաղաքական և անհեռատես նախագիծ է այն առումով, որ, այո, ընդդիմադիր խմբակցությունները կարող են միասնաբար քննադատել իշխանությանը, բայց նրանք այս հարցում չեն կարող գործել միասնաբար, որովհետև այդ խմբակցությունները ունեն տարբեր նպատակներ, առաջադրում են տարբեր խնդիրներ և տարբեր վերահսկողության գործիքներ:

Չի բացառվում, որ ունենանք 6 ընդդիմադիր խմբակցություն: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ այդ 6 ֆրակցիաները մեկ թեկնածու առաջադրեն»,- հարցրեց նա Արարատ Միրզոյանին: ԱԺ նախագահի կարծիքով՝ բաշխումը պիտի լինի փոխադարձ համաձայնությամբ՝ իրար մեջ պիտի որոշեն, թե որ մարմնում որ խմբակցությունն է ներկայացուցիչ ունենալու:

ԲՀԿ-ից Սերգեյ Բարգատյանն այլ առաջակ ուներ՝ թող հանձնաժողովների նախագահներին առաջադրի կառավարությունը, իսկ ընդդիմադիր խմբակցություններն առաջադրեն անդամներին: «Մեզ վիրավորում եք՝ աչքերդ բացեք, ախորժակներդ զսպեք: Չգիտեմ ինչու՝ ուզում եք մեզ վատ դրության մեջ դնել: Մեր ներկայացրած նախագիծը մերժեցիք: Քննարկեիք մեր նախագիծը, ավելացնեիք ձեր նախագծի լավագույն կողմերը և ԼՀ-ի առաջարկները: Պետության հզորացման համար ուժեղ ընդդիմություն է պետք, վստահեք ընդդիմությանը, և մենք կհաղթենք: Ոժեղացրեք ընդդիմությանը»,-կոչ արեց նա:

 «Ի՞նչ ասեմ, ժողովուրդ ջան, եկեք չանենք այս փոփոխությունները, թող բոլոր թեկնածուներին առաջադրի վարչապետը»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը:

Կլինեն նաև փոփոխություններ

Արարատ Միրզոյանը նախագծերի նույն փաթեթով առաջարկում էր նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Բարձրագույն դատական խորհրդին օժտել նոր գործառույթներով, մասնավորապես, սահմանված դեպքերում և կարգով ներկայացնել դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություն. «Ակնհայտ է, որ ուղղված է այս հակակոռուպցիոն մարմնի շեշտակի ուժեղացմանը, դերի բարձրացմանը»:

 «Աջաբսանդալ ենք սարքում և վեթինգի մասին առանձին օրենք ունենալու փոխարեն տարբեր օրենքներով փորձում ենք վեթինգ իրականացնել: Այն դեպքում, երբ մենք կարող էինք լրիվ առանձին մարմին ունենալ, որը կարող էր անցումային այս շրջանի համար և, ինչու չէ, նաև արդեն կանոնավոր վեթինգի համար ամբողջ համակարգը դատական, նաև ուժային ամբողջությամբ իրականացնել»,- «Լուսավոր Հայաստանից» հակադարձեց Արման Բաբաջանյանը:

Նախագծով առաջարկվում էր հակակաոռուպցիոն նոր մարմնի 6 անդամներից 2-ի առաջադրումը վերապահել ընդդիմադիրներին, 2-ինը՝ իշխող խմբակցությանը, մյուս 2-ինը՝ Բարձրագույն դատական խորհրդին:

Իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը հունվարի 1-ից պետք է փոխարիներ ավելի քան 6 տարի գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, դեռ չի ստեղծվել: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքն ուժի մեջ էր մտնել 2018թ. ապրիլի 10-ին` խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հաջորդ իսկ օրը: Հետո 45-օրյա ժամկետում ԱԺ նախագահի կարգադրությունով պետք է ստեղծվեր մրցութային խորհուրդ`կազմված Փաստաբանների պալատի, Հանրային խորհրդի, ՄԻՊ գրասենյակի, Սահմանադրական դատարանի և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներից: Այդ խորհուրդը պետք է ԱԺ-ին առաջադրեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուներին: Անցած տարի հունիսի վերջին խորհուրդն ստեղծվել էր, բայց մինչև 6-րդ ԱԺ լուծարումը որևէ գործողություն չէր արել: 7-րդ գումարման նորընտիր խորհրդարանը ստիպված օրենսդրական փոփոխություն կատարեց և մինչև 2020թ. հունվարի 1-ը հետաձգեց այդ մարմնի ստեղծումը: