Վեթինգը՝ ըստ օրենսդիրի ու գործադիրի

հունիսի 29, 2019

Վեթինգը՝ կոնսենսուսով

Լրատվամիջոցներում, պատգամավորների հարցազրույցներում, Ազգային ժողովի միջանցքներում ամենաշատ քննարկվող թեման շարունակում է մնալ վեթթինգը, բայց դրա մասին փաստաթուղթ խորհրդարանում դեռ չկա: Ավելին, ԱԺ մեծամասնությունը, կարծես, չի էլ պատկերացնում, թե որ փաստաթղթի հիման վրա է վեթինգն իրականացվելու: Կառավարությունը, սակայն, սկսել է վեթինգի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների ու դրանից բխող օրենսդրական փոփոխությունների մշակումը:

Վեթինգի մասին իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից հայտարարություններ անում է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ամենասկզբում՝ դեռ մայիսին, նա ասաց, որ վեթինգի նախագծի մշակման գործընթացը, որը սկսել է «Իմ քայլը» խմբակցությունը, վերջնականացման փուլում է: Հենց այդ ժամանակ նա հորդորեց խորհրդարանական ընդդիմությանը առաջարկություններ ներկայացնել: Այս հայտարարությունը տարակուսանք էր առաջացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում, և Էդմոն Մարուքյանը հարց էր բարձրացրել. «Ի՞նչ իմանանք՝ ի՞նչ եք գրել, որ դրա շուրջ առաջարկներ տանք»:
Այժմ արդեն Մակունցն այլ հայտարարություններ է անում: Նա օրերս լրագրողներին ասել էր, որ դատավորների վեթինգի մասին նախագիծ չի լինելու, և այն իրականացնելու են Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) ու նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման մարմինը:

«Կան հարցեր, որոնք Բարձրագույն դատական խորհուրդը պետք է իրականացնի, քննարկի։ Վեթինգի հիմնական գործընթացը իրականացնելու է հենց Բարձրագույն դատական խորհուրդը, բայց կան հարցեր, որը նրա լիազորությունների տիրույթից դուրս է, հետևաբար, դրանք պետք է ուսումնասիրության և քննության ենթարկվեն այլ մարմնում, որը, ենթադրաբար, Կոռուպցիայի կանխարգելման մարմինն է»,- «Ազատության» հետ զրույցում ասել էր Մակունցը: Նրա ներկայացմամբ, վեթինգի մասին նախագիծ, որպես այդպիսին, չի լինելու, բայց օրենսդրական որոշ փոփոխություններ, նախաձեռնություններ կլինեն:
Հունիսի 22-ին, կառավարության նիստից հետո, սակայն, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը միանգամայն այլ հայտարարություն է արել: Նա ասել է, որ արդարադատության նախարարությունը դատաիրավական բարեփոխումների շրջանակում սկսում է վեթինգի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների ու դրանից բխող օրենսդրական փոփոխությունների մշակումը։ Լրագրողների հարցին՝ ի վերջո, լինելո՞ւ է վեթինգի մասին առանձին օրենքի նախագիծ, նախարարը դրական պատասխան է տվել՝ դժվարանալով նշել, թե ի՞նչ նախագիծ է լինելու։ Կառավարության պաշտոնյան նաև ընդգծել է այդ նախաձեռնության շուրջ համակողմանի, շահագրգիռ կողմերի հետ քննարկումը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը գործնականում չի պատկերացնում՝ ի՞նչ փաստաթուղթ է լինելու, ո՞վ է մշակելու այդ փաստաթուղթը, բայց մի բանում համոզված է՝ դատավորների վեթինգի մասին նախագիծը պետք է ընդունվի լայն կոնսենսուսով:

«Ի վերջո, ինչ փաստաթուղթ էլ լինի, պետք է գա ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, կքննարկենք, կպարզվի՝ ինչ է: Բայց ասեմ, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի խորհրդարանական բոլոր երեք ֆրակցիաների համար: Այսինքն՝ նախագիծը մինչև շրջանառության մեջ դնելը պետք է համաձայնեցնել ֆրակցիաների, ինչպես նաև քաղհասարակության ու շահագրգիռ կողմերի հետ», - Parliamentmonitoring-ին ասել է Նիկոլայ Բաղդասարյանը:

Ըստ պատգամավորի՝ առանց լայն կոնսենսուսի, այդ մեխանիզմը արդյունավետ չի գործի. «Նման փաստաթուղթը կոնսենսուսով պետք է ընդունվի, որպեսզի ունենանք արդյունք, իսկ արդյունքը ոչ թե տասը դատավորի աշխատանքից հանելն է, այլ այն, որ հասարակության շրջանում վստահություն ձևավորվի դատական համակարգի նկատմամբ»:

Վեթինգը՝ ըստ «Լուսավոր Հայաստանի»

Թեպետ «Լուսավոր Հայաստանը» սրտնեղած էր, բայց դատավորների վեթինգի վերաբերյալ առաջարկություններ ներկայացրեց: «Լուսավոր Հայաստանի» մոտեցումների համաձայն՝ պետք է ստեղծվի վեթինգի առանձին հանձնաժողով, որտեղ ընդգրկված կլինեն ապաքաղաքական անձինք, դատավորների վեթինգի գործընթացը կարգավորող իրավական ակտը պետք է ունենա առնվազն օրենքի մակարդակ, և եթե Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտություն առաջանա, ապա պետք է կատարվեն նաև սահմանադրական փոփոխություններ: Վեթինգի գործընթացը, ըստ ԼՀ-ի, պետք է ֆինանսավորվի բացառապես ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, այն պետք է իրագործվի օրենքով սահմանված ժամկետում, ավարտվի օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 18 ամսվա ընթացքում։ Այդ ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է երկարացվել մեկ անգամ՝մինչև ևս 6 ամսով:

Բարձրագույն դատական խորհուրդը, հիշեցնենք, դեռ կազմավորման փուլում է: Այն կազմված է 10 անդամից՝ 5 դատավորից և 5 իրավաբան-գիտնականից: 10-ից 5-ը հրաժարական էր տվել, խորհրդարանը 2 նոր անդամ արդեն ընտրել է, 3-ի ընտրությունն առջևում է: