Հովիկ Աբրահամյանի առանձնատունը մի քանի անգամ թերագնահատված է. Բ. Թունյան

հուլիսի 1, 2019

Հարցազրույց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ:

-Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի մեծ փաթեթն ընդունվեց: Դրա արդյունքում ի՞նչ փոփոխություններ են լինելու Հարկային օրենսգրքում:

-Ամենակարևոր փոփոխությունը վերաբերում է գրավատների և փոխանակման կետերի համար նախատեսված պետական տուրքերի նվազմանը: Գրավատների համար սահմանված 6 մլն դրամը առաջին տարվա համար դարձրել ենք 1,5 մլն, այնուհետև` 2 մլն դրամ: Փոխնակման կետերի համար առաջարվել էր 3 մլն դրամ, առաջին տարում դարձրել ենք 0,5 մլն, այնուհետև` 2 մլն դրամ: Կարծում եմ՝ սա տանելի բեռ է: Բարձրացրել ենք բանկերի ու վարկային կազմակերպությունների պետտուրքը: Հարկային այս փոփոխություններով շահութահարկի ու եկամտահարկի նվազման շնորհիվ բանկային համակարգը մի քանի մլրդ դրամ շահում էր: Մենք կարծում ենք՝ ով ավելի շատ է օգտվում, պետք է կրի պետական տուրքի բեռը: Մի շարք փոփոխություններ են եղել փոքր ու միջին բիզնեսի համար` 115 էջ մլն դրամի շեմն է վերականգնվել, հանրային սննդի ոլորտի հարկման բեռն է նվազել. ընդհանուր առմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում շուրջ երեք տասնյակ փոփոխություններ են եղել:

-«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից քննադատում են, որ այդ փոփոխությունները տնտեսական հեղափոխության, թռիչքային զարգացման հնարավորություն չեն տալիս:

-Բայց ո՞վ ասաց, որ սրանք տնտեսական հեղափոխական փոփոխություններ են: Կառավարությունն էն գլխից հայտարարել էր, որ լուծում է երկու խնդիր` պարզեցնում է հարկային ռեժիմները, սահմանում է միկրոբիզնեսի 24 մլն դրամի շեմը: Եվ կառավարությունը հայտարարել էր, որ հետագայի համար կմշակի նոր փաթեթ, որը լուրջ վերլուծություններից հետո կներկայացվի ԱԺ-ին: Սա միջանկյալ փաթեթ էր:

-Հարկային օրենսգրքի հիմնական փոփոխությունները ե՞րբ եք ներկայացնելու:

-Հենց այս պահից սկսելու ենք աշխատել դրա վրա։

-Իսկ նոր փոփոխությունները կապահովե՞ն ձեր ընդդիմախոսների ակնկալած թռիչքաձև աճը կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած տնտեսական հեղափոխությունը։

-Նախ հասկանանք, թե որն է ԲՀԿ-ի ասած թռիչքաձև աճը. շատ ցեմենտ արտադրե՞լը, թե՞ բիզնեսում առավել մեծաթիվ մարդկանց ներգրավելու հնարավորություններ տեղծելը: Կամ՝ 10 տոկոսանոց տնտեսական ա՞ճն է, որի բարիքներից մի խումբ մարդիկ են օգտվում, թե ՞ 5 տոկոսանոց աճը, որը բաշխվում է հավասարապես։ Եթե նախկինում իշխող կոալիցիաների մաս կազմած մեր գործընկերները գոնե իրենց ոլորտներում թռիչքաձև զարգացում ապահոված լինեին, կընդունեինք քննադատությունները։ Կամ՝ ԲՀԿ-ն ասում է, թե համահարթ հարկումը դեմ է սոցիալական արդարության սկզբունքներին։ Մենք առաջիկայում կներկայացնենք նախագծերի փաթեթ և կտեսնեք, թե սոցիալական արդարությանը միտված նախաձեռնություններն ինչ արձագանք են ստանում:

-Ինչի՞ մասին է խոսքը:

-Խոսքը անշարժ գույքի գնահատման և հարկման փոփոխության և պարտադիր համատարած եկամուտների հայտարարագրման մասին է: Դուք լրագրող եք և ստանում եք 150 հազար կամ բարձր աշխատավարձ, հարկվում եք 23 կամ 28%-ով, բայց մյուսը, որ բազմաթիվ գույք ունի ու դրանք վարձով է տվել, նրա եկամուտը հարկվում է 5, 10%-ով կամ դիվիդենտ է ստանում: Սրա արդարությունը ո՞րն է: Պետք է լինի կոնսոլիդացված եկամուտների համակարգ, որ իմանան՝ մարդը տարվա մեջ որքան եկամուտ է ունեցել` ներառյալ աշխատավարձը: Եվ եթե նա կրթության, առողջապահության վրա ծախսեր է կատարել, հարկման բազան հնարավոր է իջեցվի: Դրա համար ենք ասում, դուք, թողած իրական հարուստներին, շատ ստացողներին, ֆիքսվել եք գրանցված աշխատավարձի վրա:

-Գույքահարկի բարձրացո՞ւմ է նախատեսվում:

-Ոչ, դեռ նման նախագիծ չկա: Առաջին փուլով պետք է գույքի վերագնահատում լինի՝ շուկայական արժեքը մոտենա կադաստրային արժեքին: Այդ երկու արժեքների միջև եղած մեծ տարբերությունը պիտի փոքրանա, հետո ֆինանսների նախարարությունը վերլուծի, թե հարկման ինչ դրույքաչափեր սահմանի: Չստացվի, որ ծնողներից ժառանգած բնակարանի գույքահարկը մի քանի անգամ ավելանա: Անշարժ գույքի հարկման փոփոխության թիրախը բարձր ու գերբարձր արժեք ունեցող գույքն է:

-Օրինակ, Մոնումենտում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան կադաստրային արժեքը 310 մլն դրամ է: Համապատասկանո՞ւմ է շուկայական արժեքին:

-Մի քանի անգամ թերագնահատված է: Մեր երկրում 15 տարվա հնամաշ «Օպել» մեքենայի համար մարդ ավելի շատ գույքահարկ է վճարում, քան 200 հազար դոլարանոց բնակարանի համար: Գույքի կադաստրային ու շուկայական արժեքների միջև նման շեղում է առաջացել, քանի որ շահերի բախում է եղել: Մարդիկ, որոնք պետք է կարգավորեին այդ հարցը, իրենց դեմ էին անելու: Այդ մի քանի մլն դոլար արժեցող շինությունները հո մերը չե՞ն, տեսեք` ում են պատկանում: Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, որոնք սոցիալական արդարությունից են խոսում, բայց ողջ կյանքում միայն պետական պաշտոն են զբաղեցրել, հարցրեք, թե ինչ արժեքի գույք ունեն: Մեկ այլ խնդիր էլ կա՝ ժամանակին բազմաթիվ մարդիկ շինություններ են սեփականացրել, չեն օգտագործել և տարեկան կոպեկներ են վճարել գույքահարկի համար: Գալիս է գործարարը, ցանկանում է այն գնել բիզնես նպատակների համար: Նրան այնպիսի գին են առաջարկում, որ գնել հնարավոր չէ, բայց շինությունը պարապության է մատնված: Պետք է չօգտագործվող շինությունների հարկն այնպես բարձր լինի, որ կամ օգտագործես, կամ զիջես օգտագործել ցանկացողին: Քայլերը, որ նախատեսվում են առաջիկայում, գուցե կտրուկ թվան, բայց դրանք կլինեն հավասարակշռված, ոչ շոկային: Որևէ մեկը որևէ մեկին չի ցանկանում սնանկացնել, ուղղակի կա սոցիալական արդարության խնդիր: Սոցիալական արդարությունը, այո, պետք է վերականգնվի: