ԲԴԽ անդամի ընտրությունը տապալվեց

հուլիսի 1, 2019

ԱԺ հուլիսի 1-ի նիստում Բարձրագույն դատական խորհրդի կազմում խորհրդարանական մեծամասնության առաջադրած թեկնածուն չընտրվեց։ Հատուկ այդ հարցի համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստում Աննա Մարգարյանի օգտին քվեարկել էր քվեարկությանը մասնակցած 85 պատգամավորներից 66-ը, մինչդեռ, ըստ ՀՀ Սահմանադրության, անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-րդի կողմ ձայնը։

Ընդդիմությունը մեծամասնության թեկնածուին դեմ էր

«Լուսավոր Հայաստանը» դեմ էր մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խմբակցության դիրքորոշումը բացատրեց իրենց առաջադրած թեկնածուին մերժվելու հանգամանքով։

«Սրանով ոչ միայն խախտվում է քաղաքական բազմազանությունն առհասարակ, այլև խմբակցությունների կողմից անկախ մարմիններում թեկնածուներ առաջադրելու իրավունքը դառնում է ապրանքային, որովհետև այն ընդհանրապես չի կարողանում կյանքի կոչվել: Ելնելով այս ամենից, մեծամասնության կողմից բանակցությունները տապալելու այս քայլերից՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու», -հայտարարեց Գորգիսյանը։

Քվեարկությունից հետո խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները ընտրության տապալումը բացատրեցին գործուղման մեջ գտնվող պատգանավորների մեծ քանակով:

Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում խորհրդարանը պետք է ընտրի ԲԴԽ ևս մեկ անդամի։

Ըստ Սահմանադրության՝ ԲԴԽ 10 անդամներից 5-ին, որոնք իրավաբան-գիտնականներ են, ընտրում է Ազգային ժողովը, իսկ մյուս 5-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովը։ Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջությամբ համալրված կարող է համարվել, եթե թափուր պաշտոններում թեկնածուներ առաջադրի Դատավորների ընդհանուր ժողովը։ ԲԴԽ լրատվական ծառայությունից փոխանցում են, որ 10 հոգանոց կազմը համալրերու համար ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը դիմել է Վճռաբեկ դատարանի նախագահին՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից դատավորներ նշանակելու համար։

Դատավորների ընդհանուր ժողովը տեղի է ունենալու հուլիսի 11-ին, որի ընթացքում էլ պետք է առաջադրվեն ԲԴԽ անդամի երեք թեկնածուները։

Մեծամասնությունը թեկնածուին դեմ չէր

ԲԴԽ անդամ չընտրված թեկնածուի կենսագրությունը բավական հարուստ էր՝ իրավաբանական գիտությունների դոկտոր է, Փաստաբանների միության անդամ, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոկտոր է, ուսանել է արտերկրում, դասախոսություններով է հանդես գալիս տարբեր հարթակներում։

Մինչև ընտրությունը, Աննա Մարգարյանը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի գործունեության իր տեսլականը, ասաց, որ արդարադատության համակարգը երկրում պետք է գործի անաչառ, ինքնուրույն, անկախ։ Իսկ Բարձրագույն դատական խորհուրդը, ըստ Մարգարյանի, պետք է աջակցի այդ համակարգի կայացմանը՝ մի կողմից հնարավորություն տալով աշխատել արդյունավետ, իսկ մյուս կողմից՝ փորձելով նպաստել դատական համակարգի հանդեպ հանրային վստահության մեծացմանը։

«Չեմ կարող ասել, որ այժմ դատական համակարգի նկատմամբ մեր բնակչության վստահությունը բարձր է», -ասաց նա։

Ինչ վերաբերում է դատավորների անկախությանը, ապա ըստ Աննա Մարգարյանի, դրան հասնելու համար առաջին հերթին պետք է նրանց սոցիալական վիճակը բարելավել։ «Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ դատավորն իրեն զգա պաշտպանված, առաջին հերթին՝ սոցիալապես, որը ոչ միայն աշխատավարձն է, այլ նաև՝ կենսաթոշակը։ Քանի դեռ մենք բոլորս անաշխատունակ ենք, մենք ապագայի մասին չենք մտածում, բայց ինչքան մտածում ենք ավելի մեծ տարիքի մասին, կենսաթոշակը դառնում է երաշխիք։ Կենսաթոշակային ֆոնդի բարձրացումը, կարծում եմ, կարևոր է», -նկատեց Աննա Մարգարյանը։

Մարգարյանը կարևորեց դատական համակարգը երիտասարդ կադրերով համալրելը, նաև պատգամավորներին զգուշացրեց՝ կարճ ժամանակում որակյալ ու ցանկալի դատական համակարգ ձևավորել հնարավոր չէ։ «Այս գործընթացը ժամանակատար է», -նշեց նա։

Թեկնածուն դեմ էր վեթինգ եզրույթին

Իշխանական խմբակցության պատգամավորների հարցերը համեմված էին թեկնածուին ուղղված գովասանքներով։ Պատգամավորներից Սերգեյ Ատոմյանը ասաց, որ թեկնածուի հետ առանձնազրույցից գոհ է մնացել ու հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի վեթինգի և անցումային արդարադատության մասին։

Թեկնածուի պատասխանը, թերևս, անսպասելի էր. Նա հորդորեց հրաժարվել «վեթինգ» եզրույթից.«Իմ կողմից կլինի խնդրանք՝ընդհանրապես հրաժարվել «վեթինգ» բառից, որովհետև այն ոչ միշտ է դրական պոտենցիալ պարունակում: Այստեղ խնդիրը զուտ վեթինգի հարցը չէ, մենք ունենք մի խնդիր՝ապահովել բարեվարքություն դատական համակարգում, ապահովել արդար, անաչառ, մարդու իրավունքները հարգող և սեփական ներքին համոզմունքների ու իրավունքի վրա հիմնվող դատավոր: Դրանք պիտի լինեն այն չափանիշները, որոնց հետևելու ենք, հետևաբար ասել, որ իրականացնելու ենք վեթինգ կլասիկ իմաստով, ես ձեռնպահ կմնայի»:

Նրա խոսքով՝ դատավորների առաջ պետք է հստակ պահանջներ, չափորոշիչներ դրվեն, որոնց չհետևելու դեպքում նրանք կարող են պատասխանատվության ենթարկվել։ Թեկնածուն ասաց, որ ԲԴԽ-ին պետք է տալ լրացուցիչ լծակներ, օրինակ՝ սեփական նախաձեռնությամբ այս կամ այն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցում։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ ԲԴԽ-ին վեթինգի գործընթացը պատվիրակելը ճիշտ չէ, և հարց է առաջացնում՝ իսկ ո՞վ է վեթինգի ենթարկելու ԲԴԽ-ին։

«Դատավորները շատ լավ կարող են չենթարկվել այս կանոնին ու ասել՝ a судьи кто?», - հավելեց Բաբաջանյանը։

Աննա Մարգարյանը համաձայնեց ընդդիմադիր պատգամավորի հետ ու ասաց. «Առաջինը հենց պետք է սկսել Բարձրագույն դատական խորհրդից։ Ես ինքս դրան պատրաստ եմ։ Բայց նաև պնդում եմ, որ առաջին հերթին պետք է կանոնակարգվեն ԲԴԽ-ի գործունեության դրույթները՝ ինչքանով են թափանցիկ այդ կառույցի որոշումները, ինչքանով է դրանք հանարվոր բողոքարկել»։