Սամվել Ալեքսանյանը հաջողակ բիզնեսմեն է. էդ հաջողությունից թող մի քիչ էլ իմ վրա ընկնի. Վանիկ Ասատրյան

նոյեմբերի 2, 2017

Հարցազրույց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանի հետ:
 
-Դուք խորհրդարան եք եկել Լոռու մարզից, սկզբում Սպիտակի քաղաքապետն էիք, հետո՝ Լոռու փոխմարզպետը: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Ազգային ժողովում:

-Քանի որ նոր եմ եկել, ինձ համար ադապտացման խնդիր կա: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ սկսել եմ հարցեր տալ, հայտարարության ժամանակ էլ ելույթ եմ ունեցել: Այսինքն, ես ուզում եմ, որ, իրոք, ժողովրդից ստացած ձայների համար պատասխան տամ:

-Դեռ նախագիծ չե՞ք հեղինակել:

-Դեռ՝ ոչ, բայց նախատեսում եմ: 2008 թվականից Սպիտակ քաղաքում բնակարանաշինությանը վերաբերող նախագիծ կա հաստատված, էդ հարցի հետ կապված՝ կառավարության հետ հարցուպատասխանի մեջ եմ, գրավոր եմ դիմել, ստացել եմ դրական պատասխան: Իմ նպատակն է լուծել Սպիտակում մարդկանց անհատական բնարականների վերականգնման հարցը:

-Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է զինծառայությանը վերաբերող օրինագիծը: Դրա քննարկման ժամանակ Դուք ելույթ չունեցաք և հարց չտվեցիք: Այսինքն, ճի՞շտ եք համարում ծառայությունը՝ առանց տարկետման իրավունքի:

-Անցյալը ցույց է տալիս, որ Հայաստանում տարկետումը կոռուպցիոն խնդիրներ է առաջացնում. միջնորդություններ էին լինում, ու բանակից ազատվում էին: Եթե երիտասարդը ունի սովորելու ջիղ, ոչ բանակը կխանգարի, ոչ էլ օրենքները: Կրթության ոլորտում մենք ունենք շատ լավ օրենքներ, որոնք աջակցում են երիտասարդներին, բայց մենք էլ պետություն ենք, և մեզ պետք է բանակ:

-ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկում են 2018 թ. բյուջեի նախագիծը: Ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:

-Նոր ենք ստացել, առայժմ եզրակացություն չունեմ:

-Արդեն հայտարարվել է, որ 2018-ի բյուջեով թոշակ ու աշխատավարձ չեն բարձրանալու, մինչդեռ այսօր արդեն ապրանքների թանկացումը ակնհայտ է: Սա, ըստ Ձեզ, մտահոգիչ չէ՞:

-Եթե թանկացում լինի, ու թոշակ չբարձրանա, միանշանակ, սոցիալական խնդիր է: Բայց այդ մասին մենք տեսակետ կհայտնենք, երբ քննարկենք ֆրակցիայում:

-Բայց Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, երբ մարդկանց եկամուտները չեն աճում, իսկ ապրանքը թանկանում է:

-Նախագիծը դեռ չենք քննարկել, ես չեմ կարող գնահատել կամ չգնահատել: Եթե ընտանիքում անդամներից մեկը մի բան է պահանջում, որը չունի տվյալ ընտանիքի գլխավորը ու չի կարա տա, իհարկե, ընտանիքի անդամների մեջ չի կարա կոնֆլիկտ լինի: Պիտի հարմարվեն:

-Այսինքն՝ ժողովուրդը պետք է հարմարվի՞, եթե կառավարությունը թոշակ ու աշխատավարձ չի բարձրացնում:

-Եթե հիմնավորեն, որ կա ինչ-որ տեղ, բերեն էդ փողը, տան: Բայց եթե չգիտեն՝ որտեղի՞ց բերեն, տան: Թանկացումը և աշխատավարձի չափը պետք է համահունչ լինեն, և ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք ունենք ընդամենը ունենք 31 ձայն, ինչ հարց էլ առաջ քաշենք, չենք կարող ազդել: Քվեարկության ժամանակ մենք ազդեցություն չենք ունենա:

-Ոչ վաղ անցյալում Դուք ՀՀԿ անդամ էիք, այսօր «Ծառուկյան» դաշինքի կազմում եք, ընդդիմադիր դաշտում: Ինչպե՞ս կատարվեց այս անցումը:

-Ես եղել եմ կուսակցության մեջ, աշխատել եմ քաղաքապետ, մեծ պարգևներ եմ ստացել: Դրանից հետո կուսակցական հարցեր չեն եղել: Ես ծանոթացել եմ «Ծառուկյան» դաշինքի, հատկապես Ծառուկյանի ներկայացրած ծրագրին, որը ինձ հոգեհարազատ է: Ողջունել եմ ծրագիրը ու ստացել եմ առաջարկ «Ծառուկյան» դաշինքից: Շատ ուշ եմ ստացել առաջարկը՝ 2017-ի փետրվարի 12-ին, երբ նախընտրական շտաբները ստեղծված էին: Կուսակցություն փոխելու թեմա չի եղել մեջ:

-Այսինքն, ՀՀԿ-ն Ձեզ անուշադրությա՞ն էր մատնել:

-Ես ինքս եմ ինձ ուշադրություն դարձնում, որևէ մեկի ուշադրության կարիքը չունեմ: Ժողովուրդն է ինձ ուշադրություն դարձնում:

-Դուք, որպես մարզից ընտրված պատգամավոր, դիմել էիք ԱԺ աշխատակազմ՝ Երևանում բնակարան վարձակալելու համար: Բայց, ասում են, որ Դուք այդ նպատակով բյուջեից գումար ստանալու կարիքը չունեք, և ավելին, ձեր դստեր համար տուն եք գնել պատգամավոր դառնալուց հետո:

-Ես էնքան ուրախ կլինեի, որ իմ երեխանցը բնակարան տայի: Հիմա էլ, եթե ես հնարավորություն ունենայի, քեզ էլ բնակարան կտայի: Բայց էդ սաղ սուտ ա: Լոռու մարզի ժողովուրդը շատ լավ գիտի իմ հնարավորությունները: Էն ժամանակ, երբ բիզնեսս լավ ա գնացել, ես իմ գործարանում հինգ հատ հարսանիք եմ արել: Ես կարողացել եմ, այո, տուն էլ նվեր տամ: Էդ տեղեկությունը պատվեր էր, որովհետև վերջում էլ նշել էին, որ ընտրությունների ժամանակ Ծառուկյանը ֆինանսավորել է: Ուզում են իմ ու Ծառուկյանի մեջ կռիվ գցեն: Ես տուն առել եմ 94 թվին, վաճառել եմ 2002-ին:

-Ի դեպ, Ձեզ պատկանող Սպիտակի տրիկոտաժի գործարանը վերագործարկելու մտադրություն չունե՞ք:

-Արդեն սկսել եմ դրա վրա աշխատել, ծրագրեր եմ մշակում: Ութ տարի է՝ չի աշխատում, ու ես մեծ պրոբլեմների մեջ եմ: Բայց եթե իմանամ, որ էս երկրում մենակ ես եմ էդ ձևի, ինձ ինֆարկտ կխփի։

-Հնարավո՞ր է՝ Ծառուկյանը ներդրումներ կատարի գործարանը վերագործարկելու նպատակով:

-Ամեն ինչ հնարավոր է, չի բացառվում, բայց ես իրան չեմ դիմել էդ հարցով:

-Տրիկոտաժի գործարան է աշխատեցնում նաև Սամվել Ալեքսանյանը։ Նա կարող է Ձեզ մրցակից լինել։

-Ինչո՞ւ եք նրա անունը շեշտում միայն, կա նաև Կարի ֆաբրիկան Ես էնքան ուրախ եմ, որ Սամվել Ալեքսանյանը հաջողակ բիզնեսմեն է։ Էդ հաջողությունից թող մի քիչ էլ իմ վրա ընկնի։ Եկեղեցու խունկն էլ է հատնում։ Մարդը և սև «պալասա» է ունենում և սպիտակ, ոչ մեկ թող չպածենա, որ անընդհատ պետք է սպիտակ «պալասայով» գնա։