Նոր մարմին՝ ՀՔԾ-ի փոխարեն. ինչո՞վ է այն զբաղվելու

հուլիսի 3, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որը ղեկավարելու է հենց ինքը՝ վարչապետը։ Խորհրդի հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է, կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականությունների վերաբերյալ որոշումների ընդունումը: 

Խորհրդի աշխատանքները համակարգելու է փոխվարչապետը: Խորհրդի կազմում են լինելու նաև կառավարության աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ։

Ռազմավարությունը, որ այս խորհրդում քննարկման թեմա է դառնալու, արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել հունիսին: ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը քննարկման փուլում են և կառավարության հաստատմանը դեռ չեն ներկայացվել։ Ենթադրվում է, որ քննարկման արդյունքում ստացված առաջարկությունների հիման վրա կազմված վերջնական փաստաթուղթը կներկայացվի գործադիրի դատին։ Ըստ նախագծի՝ կոռուպցիայի դեմ պայքարը իրականացվելու է հատուկ ինստիտուտների միջոցով, մի քանի ճակատով։

Նախորդ 3 ռազմավարությունները իրավիճակը չեն փոխել

Ռազմավարության նախագծի ներածական մասում քննադատություն կա ուղղված նախկին իշխանություններին. ասվում է, թե կառավարությունը հրապարակային հարթակներում հայտարարել է կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի մասին, սակայն խնդիրների համակարգային ու հիմնարար լուծմանն առնչվող կոնկրետ գործնական քայլեր չի արել։ Արդյունքում մշակվել, ընդունվել է հակակոռուպցիոն երեք ռազմավարություն, բայց կոռուպցիայից բխող անբարենպաստ հետևանքներն իրենց բոլոր դրսևորումներով շարունակում են մեծ տեղ զբաղեցնել հասարակական կյանքում: 

Ասվածը հիմնավորելու համար հեղինակները վկայակոչել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի (2014-2018թթ.) մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը, որի համաձայն, չնայած ոլորտում իրականացված փոփոխություններին, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը չի գրանցում շոշափելի և տեսանելի հաջողություն քաղաքական կամքի դրսևորման բացակայության պատճառով: Նշվում է նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշը, որը փաստել է Հայաստանում կոռուպցիայի համակարգային բնույթը: 

Նոր կառավարությունը և պայքարը կոռուպցիայի դեմ

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում օրենսդրական դաշտի համապատասխան կարգավորումներից հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա պետք է ստեղծվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, սակայն իշխանափոխությունից հետո գործընթացը առկախվեց, և սկսվեց գործողությունների նոր փուլ։ Այժմ իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի համար հանրությանը նոր առաջարկներ է ներկայացնում՝ անհրաժեշտ համարելով հակակոռուպցիոն առանձին մարմնի, հանձնաժողովի ու մասնագիտացված դատարանների ստեղծումը

Ի՞նչ են անելու Հակակոռուպցիոն կոմիտեն և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 

Ռազմավարության հեղինակները նախատեսում են հակակոռուպցիոն առանձին ինստիտուցիոնալ մարմնի ստեղծում։ Այդ մարմնին կտրվեն անկախության երաշխիքներ, այն կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով:

Առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանումով։ Այն իր մեջ կներառի քննություն իրականացնող բոլոր մարմինների հակակոռուպցիոն վարչությունները։ Մասնավորապես, ըստ ռազմավարության հեղինակների՝ Հակակոռուպցիոն կոմիտեին են փոխանցվելու Քննչական կոմիտեի կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունը, Ոստիկանության կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար նախատեսված հաստիքները և գործիքակազմը, Պետական եկամուտների կոմիտեի կոռուպցիոն հանցագործություններով նախաքննության իրականացման համար նախատեսված հաստիքները և գործիքակազմը, Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հաստիքները և գործիքակազմը։ Բացի այդ, ըստ ռազմավարության նախագծի՝ ՀՔԾ-ի Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության և Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության գործառույթները համապատասխան հաստիքներով և գործիքակազմով փոխանցվում են Քննչական կոմիտեին։ Սա ենթադրում է, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվելու է։ Այդ մասին օրերս լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ 

«Նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության լուծարում, բայց դա դեռևս նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա, կապրենք, կտեսնենք», -ասել էր Խաչատրյանը։

Հատուկ շեշտվում է Հակոկոռուպցիոն կոմիտեի անկախության անհրաժեշտությունը և առաջարկվում է, որ ի տարբերություն Հայաստանի այլ քննչական մարմինների, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թեկնածուներն ընտրվեն մրցութային խորհրդի կողմից՝ բաց մրցույթի արդյունքում: 

Մրցութային խորհուրդը կազմված է լինելու Ազգային ժողովի (կառավարող և ընդդիմադիր խմբակցություններ),  կառավարության  և Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած անդամներից: Խորհրդի նիստերը ԶԼՄ-ի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար լինելու են բաց և տեսաձայնագրվելու են:Մրցութային խորհրդի  կողմից ներկայացված՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն նշանակվելու է վարչապետի կողմից: Հակակոռուպցիոն կոմիտեն օժտված է լինելու նաև ֆինանսական ինքնուրույնությամբ և հաշվետու է լինելու վարչապետին և Ազգային ժողովին:

Հակակոռուպցիոն կոմիտեից զատ գործելու է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Ռազմավարության նախագծով առաջարկվում է Հանձնաժողովին, բացի իր գործառույթներից, վերապահել ևս 13 գործառույթ՝ իրավական ակտերի և դրանց նախագծերի հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատում, հակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգ, հակակոռուպցիոն կրթական գործառույթների իրականացում և համակարգում, հակակոռուպցիոն ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում ու համակարգում, պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց՝ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնների սահմանում,պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց՝ նախորդ օրացուցային տարում ստացված գրանցված նվերների կանոնների պահպանման միասնականության ապահովում։ 

Ռազմավարությամբ առաջարկվում է նշանակման ենթակա՝ պետական պաշտոնի հավակնող անձանց բարեվարքության կանոնների պահպանումը (չպահպանումը) ու կոռուպցիոն իրավախախտումներում ներքաշված լինելը (չլինելը) ստուգելը և, ըստ այդմ, նշանակման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնելը, ինչպես նաև բարեվարքության հարցերով կազմակերպիչների աշխատանքների համակարգումը: 

ԱԺ նախագահն առաջարկում է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման կարգի ու դրա դերի բարձրացման մասին մտածել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. նա ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում վերջերս փոփոխություններ էր ներկայացրել խորհրդարանի դատին, որով առաջարկում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Բարձրագույն դատական խորհրդին օժտել նոր գործառույթներով, մասնավորապես, սահմանված դեպքերում և կարգով ներկայացնել դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություն։

Նախագիծը խորհրդարանն ընդունել էր առաջին ընթերցմամբ։ «Իմ քայլից» Վարազդատ Կարապետյանը հայտարարել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքները օր առաջ սկսելու մասին՝ անհրաժեշտ համարելով նախագիծը քվեարկել արտահերթ կարգով:

Կառավարության ներկայացուցիչները Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում անհրաժեշտ են համարում հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծումը՝ կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ համակարգի կայացման և շարունակական զարգացման համար։ Այդ դատարանները, ըստ նախագծի, պետք է ունենան մասնագիտացված դատավորներ, որոնք էլ որակյալ, բազմակողմանի ու արդյունավետ կքննեն կոռուպցիոն գործերը։

«Ակնհայտ է, որ կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը մի նոր հարթակի վրա կարող է բարձրացնել կոռուպցիայի դեմ իրացվող պայքարի արդյունավետության աստիճանը` խթանելով դրա առաջանցիկ զարգացումը», -նշվում է փաստաթղթում: