Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ տեղ են գտել նաև ՀԿ-ների առաջարկները

հուլիսի 9, 2019

Կառավարությունը մշակել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագիրը: Փաստաթուղթը քննարկման փուլում է ու դեռ չի հաստատվել: Ռազմավարությամբ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության առաջիկա տարիների ուղենշային ուղղությունները և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություն են համարվում կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը:

Կոռուպցիայի կանխարգելման համար գործելու է հատուկ մարմին` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի ստեղծումը հետաձգվեց մինչև 2020թ.: Այն փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին և ունենալու է ավելի լայն լիազորություններ:

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար ստեղծվելու է նոր իրավապահ մարմին`Հակակոռուպցիոն կոմիտեն, որին էլ կփոխանցվեն Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության և Պետեկամուտների կոմիտեի` կոռուպցիայի դեմ պայքարող ստորաբաժանումները: Ի դեպ, Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման արդյունքում նախատեսվում է լուծարել ՀՔԾ-ն, քանի որ իրավապահ այս մարմնի Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության և Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության գործառույթներն էլ համապատասխան հաստիքներով և գործիքակազմով պետք է փոխանցվեն Քննչական կոմիտեին:

Հակակոռուպցիոն կրթության և իրազեկման խնդրում ռազմավարության նախագծում կարևորվել է  հանրային ծառայողների, այդ թվում՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համակարգային և պարբերական հակակոռուպցիոն կրթության տրամադրումը: Եվ առաջարկվում է հակակոռուպցիոն կրթության իրականացման գործառույթը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ վերջինիս համար սահմանելով կրթական ծրագրերի, ուղեցույցների, պարբերական խորհրդատվական զեկույցների մշակման և հրապարակման պարտականություն:

Ընդունվել են նաև ՀԿ-ների հակակոռուպցիոն առաջարկները

Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի մշակման հիմնական աշխատանքները իրականացրել է Արդարադատության նախարարությունը, քննարկումներին մասնակցել են նաև մի շարք հասարակական կազմակերպություններ: Ռազմավարության մշակման համար առաջարկներ է ներկայացրել «Թրանսփարենսի-ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը: Կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց, թե կառավարությունն այդ ռազմավարությունը մշակում է անցած տարեվերջից, երբ իրենք դեռ ներգրավված չեն եղել այդ աշխատանքներում: «Արդարադատության նախարարությունն ինքնուրույն նստել և բավականին անորակ փստաթուղթ էր գրել: Մենք այդ ժամանակ քննադատեցինք, հետո նախարարությունն ավելի մասնակցային դարձրեց գործընթացը և համագործակցեց հասարակական կազմակերպությունների հետ: Եվ այն դիտողություններն ու առաջարկությունները որ ներկայացրել էինք, զգալի չափով արտացոլված է ռազմավարության մեջ»,- ասաց Սոնա Այվազյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի մեկ միասնական իրավապահ մարմին` Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելով, Սոնա Այվազյանի կարծիքով, կառավարությունը ընդունել է ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի առաջարկությունը: «Մենք առաջարկում էինք, որ գործի տարանջատված մոդել` կանխարգելող գործառույթներով և իրավապահ գործառույթներով, լինեն երկու մարմիններ: Ինչ վերաբերում է առանձին դետալներին, ապա որոշ վերապահումներ ունենք և մեր դիրքորոշումը դեռ կհայտնենք»,- տեղեկացրեց ԹԻ կենտրոնի գործադիր տնօրենը:

Սոնա Այվազյանը հավելեց, որ կառավարության տարբեր կառույցներում, նաև իրավապահ մարմիններում պետք է օպտիմալացում տեղի ունենա, և իրենք իրենց դիրքորոշումը կհայտնեն ՀՔԾ-ի փակման վերաբերյալ ևս:

Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ժամանակ առաջարկներ է ներկայացրել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ստեղծումը սպասելի էր, քանի որ դա կառավարության ծրագրային դրույթներից մեկն էր: Դեռևս 2017թվականին նրանք այդպիսի առաջարկ էին ներկայացրել նախկին իշխանությանը:

«Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է օժտված լինի քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթներով: Շատ կարևոր է այդ մարմնի անկախության և կարողությունների հարցը: Այն պետք է ունենա անկախության բոլոր բաղադրիչները` նշանակման անկախություն, ֆինանսական անկախություն և այլն: Թեև այս պահին այդ բոլոր մանրամասները հայտնի չեն, մեր մոտեցումն այն է, որ այդ հնարավորությունները պետք է լինեն պատշաճ մակարդակի»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

ՀՔԾ-ի փակման գաղափարին Իոաննիսյանը բացասաբար է վերաբերվում՝ համարելով, որ այդ մարմինը, բացի կոռուպցիոն հանցագործություններից, պետք է քննի և քննում է նաև իրավապահների ոչ կոռուպցիոն հանցագործությունները: «Հասկանալի է, որ կոռուպցիոն հանցագործությունները գնալու են հակակոռուպցիոն իրավապահ մարմնին, բայց իրավապահ մարմինների ծառայողների կատարած ոչ կոռուպցիոն հանցագործությունների, օրինակ՝ խոշտանգումների քննությունը, Քննչական կոմիտեին փոխանցելը արդյունավետ մեթոդ չէ, որովհետև հաճախ այդ հանցագործություններում ներգրավված են լինում նաև քննիչներ:»: Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ Քննչական կոմիտեի քննիչը չի կարող քննել մեկ այլ քննչի կատարած հանցագործությունը: