«Նոր Շմայս», «Շիշ բռնող»… պատգամավորը դատի է տալիս ԶԼՄ-ներին

հուլիսի 10, 2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անվան կողքին ԶԼՄ-ներում հաճախ է նշվում «ախռանիկ պատգամավոր» կապակցությունը: Այս արտահայտությունը օգնում է «տեղը բերել» հեղափոխության քայլարշավի օրերին մշտապես Նիկոլ Փաշինյանի կողքին եղած, նրան ուղեկցող երիտասարդին: Նրա մասին գրում են նաև, թե ցոփ ու շվայտ կյանք է վարում: Օրերս էլ թերթերից մեկը «Հայկ Սարգսյանի կրքոտ պարը աղջիկների հետ» վերնագրով մի հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ հեղափոխությունից հետո Հայկ Սարգսյանը մի քանի աղջիկների էքսկուրսիայի է տարել Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։

Այս հրապարակումից հետո Հայկ Սարգսյանի համբերության բաժակը լցվեց, ու նա հանդես եկավ պարզաբանումներով: Ասաց, որ ինչ գրվում է, ուղղորդված տեղեկատվական արշավ է իր դեմ։ Պատգամավորը պատրաստվում է սուտ տեղեկություններ հրապարակելու համար պատժել լրատվամիջոցներին և արդեն 6 հայց է ներկայացրել դատարան։

Բայց ամեն ինչ հերթով։ «Հայտնի է, թե ով է Հայկ Սարգսյանին նվիրել թանկարժեք մեքենան և ինչի համար» հրապարակումը տեղեկացնում էր, որ Հայկ Սարգսյանը իր օրենսդրական գործունեության ընթացքում պաշտպանել է «Գուդվին» ընկերության շահերը և դրա սեփականատիրոջից «Mesedez Benz» մակնիշի թանկարժեք մեքենա է նվեր ստացել։ Լրատվամիջոցը նաև հրապարակել էր լուսանկար՝ Հայկ Սարգսյանը մեքենայի մեջ։ Իշխանական խմբակցության պատգամավորն ասաց, որ դա իր համար վարկաբեկիչ է, քանի որ ինքը թավշյա հեղափոխության արդյունքում է ընտրվել պատգամավոր։ «Այդ կարմիր մեքենան պատկանում է Ռուսաստանում բնակվող իմ ընկերոջը, որը պատանի հասակում գնացել է արտագնա աշխատանքի ու այնտեղ մեծ հաջողությունների հասել։ Այդ մեքենան ես վարել եմ ընդամենը 10 րոպե։ Ընկերս վերադարձել է Ռուսաստան ու մեքնեան իր հետ տարել», -ասուլիսում պատմեց Սարգսյանը։

Նա հերքեց նաև «20 մլն դրամ հեռախոսահամար՝ Հայկ Սարգսյանին» հրապարակման տեղեկությունը, թե ինքը, այսպես ասած, «գոլդ հեռախոսահամար» է ստացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարից։ «Այդ անձի հետ երբևէ չեմ շփվել, նրա հետ ծանոթ չեմ եղել, չեմ հանդիպել», -ասաց Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ այս հոդվածի հետքերով ևս դիմել է դատարան։

Իշխանական պատգամավորը հատկապես վիրավորվել է «Խորհրդարանում նոր Շմայս է հայտնվել» հրապարակումից։ Շմայսը, հիշեցնենք, ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն էր, որը պատգամավոր եղած ժամանակ երբևէ աչքի չի ընկել օրինաստեղծ գործունեությամբ, ավելին, հայտնի է իր անպարկեշտ բառապաշարով։ «Հրապարակման մեջ լրագրողը ինձ համարում է օդիոզ կերպար ու մեղադրում Պետական վերահսկողական ծառայության աշխատողների նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցում։ Բնականաբար, ես այդ ամենի հետ կապ չունեմ։ Այդ քրեական գործը հարուցվել է, երբ ես արդեն պատգամավոր էի», - տեղեկությունը հերքեց պատգամավորը. այս հարցով ևս Հայկ Սարգսյանը հայց է ներկայացրել դատարան։

«Պատգամավոր Հայկ Սարգսյանը դեբոշ է սարքել Երևան-Մոսկվա ինքնաթիռում» հրապարակումը ևս կքննարկվի դատարանում: Պատգամավորը հաստատեց, որ ինքը եղել է ինքնաթիռում, բայց օդանավում վիճաբանություն չի հրահրել։ «Ինչպես մյուս հոդվածները, սա նույնպես նպատակ ունի արատավորելու իմ բարի համբավը»,- հայտարարեց պատգամավորը։ Նրան հատկապես վրդովեցրել էր հոդվածի՝ «Նիկոլ Փաշինյանի ախռանիկ» որակումը։ «Ինչո՞ւ են ինձ հաճախ անվանում «ախռանիկ» կամ «շիշ բռնող»։ Հեղափոխության ամբողջ ընթացքում ու դրանից առաջ ես եղել եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, բայց դա չի նշանակել, որ եղել եմ նրա ախռանիկը», -նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ իր համար շատ վիրավորական է նման արտահայտությունը։

Թերթերից մեկին Հայկ Սարգսյանը դատի է տվել «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթև ձեռքով» հրապարակման համար։ Հոդվածի իմաստն այն է, որ Դավիթ Սանասարյանը բացահայտել է Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի՝ սոցապնախարարությունում պաշտոնավարման տարիներին կատարած հանցագործությունները, և Հայկ Սարգսյանը Սանասարյանի դեմ նյութեր է ուղարկել ԱԱԾ։ «Այս տեղեկատվությունը ծայրից ծայր սուտ է, նման բան չի եղել։ Նման բան չէր կարող լինել», -ասաց Սարգսյանը։ Նա առանձնահատուկ նշեց իրենց առանձնատան մասին, որի լուսանկարները հրապարակվել էին մամուլում, և գրվել էր, որ Սարգսյանի հայրը կոռուպցիոն գործարքներով է կառուցել այդ շենքը։ «Եթե որևէ մեկը կգտնվի և կասի, որ իմ հայրը անգամ 1000 դրամ որևէ մեկից վերցրել է, որևէ նյութական օգուտ է ստացել իր ամբողջ աշխատելու ընթացքում, մենք պատրաստ ենք մեր տունը տրամադրել այդ մարդուն։ Եթե նման փաստ լիներ, նախկին իշխանությունը կարող էր նրա դեմ քրեական գործեր հարուցել, հատկապես որ հայրս ընդդիմությունից էր», -նշեց պատգամավորը՝ ասելով, որ այդ տունը գնել են դեռ 80-ականներին։

Եվ վերջապես վերջին հոդվածը, որի համար պատգամավորը դիմել է դատարան: Այն վերնագրված է «Արտոնյալ Զարեհ Սարգսյանը»: Այստեղ գրվել է, որ պատգամավորի հայրը մեքենան վարել է առանց պետհամարանիշների։ Պատգամավորը պնդում էր, թե սուտ տեղեկություն են հրապարակել, ու հոդվածի մեքենայի հետ որևէ առնչություն իր ընտանիքը չունի:

Հազիվ թե հիշենք դեպքեր, երբ նախորդ գումարումներում իշխող խմբակցությունը դատական հայտ ներկայացրած լինի լրագրողի դեմ, մինչդեռ այսօր 6 հայտ ներկայացրել է իշխանության միայն մեկ պատգամավորը: Այսուհանդերձ, Հայկ Սարգսյանը վստահեցրեց. «Ես ցանկանում եմ նշել, որ բարձր եմ գնահատում մամուլի դերը Հայաստանում ու շնորհակալություն եմ հայտնում ազատ մամուլին մեզ օգնելու, մեր գործունեությունը լուսաբանելու համար, որովհետև անհնար կլիներ Հայաստանում թավշյա ոչ բռնի հեղափոխություն առանց մամուլի»։

Պատգամավորը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ «Անտիֆեյք», «Հրապարակ», «Իրավունք», «Նյուզպրես» լրատվամիջոցների։