Վենետիկյան քննարկումներ. ինչ են ասում հանձնաժողովը, ընդդիմությունը, իշխանությունը, վարչապետը

հուլիսի 18, 2019

Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

Պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։

Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել ՍԴ «դատավոր»-«անդամ» բառախաղը։

ՍԴ դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։

Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։

Վենետիկի հանձնաժողովում տեսնում են ՍԴ գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։

Վենետիկի հանձնաժողովին` Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմնին վերագրվող այս ձևակերպումները երեք օր փոթորկեցին Հայաստանի քաղաքական և իրավական դաշտը: Հանձնաժողովի՝ հունիսի 21-22-ի նիստի` սահմանափակ տարածման ենթակա արձանագրությունը հրապարակել էր «Իրավունքի ուղի» կազմակերպությունը։ Քննարկման առարկա էին հատկապես այն կետերը, որտեղ նշվում էր, թե ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ օգտակար։

Վուլգար վեթի՞նգ, թե՞ բարեվարքություն

Իշխանության ներկայացուցիչները նախ սկսեցին արդարանալ, որ չեն հրաժարվում դատական ոլորտում բարեփոխումներ իրականացնելուց, և պարտադիր չէ, որ այն կոչվի վեթինգ: Կարող է պարզապես ստուգվել դատավորների բարեվարքությունը, իրական և հայտարարագրերում զետեղված գույքի ու եկամուտների համապատասխանությունը, կայացված որոշումների օրինականությունը:

«Հայաստանը վուլգար վեթինգի ճանապարհով չի գնա, այսինքն, դատավորներին չի ասի՝ դու լավ ես, դու՝ վատ ես: Այդ մեխանիզմը հակասահմանադրական է, և մենք այդ ճանապարհով չենք գնալու։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ անցումային արդարադատության հարցում որոնելու ենք հայաստանյան մոդելը, որովհետև ավելի լավ է ունենալ ուշացված անցումային արդարադատություն, քան ունենալ ձախողված անցումային արդարադատություն»,- ասել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ։ 

«Դատական համակարգն առողջացնելու մեր հանձնառությունն ամբողջությամբ ուժի մեջ է, և մենք դա իրականացնելու ենք: Դրա անունը կդնենք վեթինգ, թե բարեվարքություն, կապ չունի»,- հայտարարել էր ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Վենետիկի հանձնաժողովի հայտնի տեքստի առիթով հայտարարություն էր տարածել Արդարադատության նախարարությունը՝ պնդելով, թե հաստատակամ է դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում: «Դատական բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների, ծախսերի, շահերի հայտարարագրման կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների ներդրումը, և այս առումով նախկինում արած հայտարարությունների ու Վենետիկի հանձնաժողովի զեկույցի մեջ որևէ խզում չկա,- նշված է հայտարարության մեջ։

Նախ մտածել, հետո խոսել

Խորհրդարանական ընդդիմությունն իշխանություններին կոչ է անում հայտարարություններ հնչեցնելուց առաջ լավ մտածել, իսկ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքներին լուրջ վերաբերվել: «Իշխանությունը չի կողմնորոշվում, թե ինչ է ուզում: Ասում են մի բան, անում՝ մեկ այլ բան: Ես կոչ եմ անում, որ մինչև պատասխանատու հայտարարություններով հանդես գալը, հասկանան, թե ինչ խնդիրներ կան»,- ասում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Եթե մենք շարունակենք այսպիսի գռեհիկ մեկնաբանություններ տալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականներին, ապա Հայաստանը կհայտնվի այն երկրների կլուբում, որտեղ ես չէի ցանկանա, որ հայտնվեր։ Եթե դատական իշխանության հանդեպ այս գործելաոճը շարունակվի, միջազգային կառույցներից, մեկը մյուսի հետևից, կոշտ գնահատականներ ենք ստանալու»,- համոզված է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Չուշացավ հայտարարությունը հենց Վենետիկի հանձնաժողովից: Հանձնաժողովը «բեղմնավոր է գնահատում Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը և դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները»:

Ո՞վ ապահովեց արտահոսքը

Պակաս հետաքրքիր չէր հարցը, թե ով է սահմանափակ տարածման ենթակա այդ փաստաթուղթն տվել «Իրավունքի ուղի» կազմակերպությանը: Այս մտահոգությունը առկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հայտարարության մեջ. «Նշեմ, որ հրապարակվածը համարում եմ ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար: Մենք պետք է նաև հասկանանք, թե ինչպես է ներքին խորհրդապահական փաստաթուղթը հայտնվել մամուլում: Մենք կփորձենք Վենետիկի հանձնաժողովում մեր ներկայացուցիչների միջոցով պարզել այդ հանգամանքը և անել համապատասխան հետևություններ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կարծիքով՝ Հայաստանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են ձախողել դատական համակարգի բարեփոխումները: «Մենք պարտավոր ենք պարզել այդ հակապետական արտահոսքի աղբյուրները և մտածել դրա հետևանքների մասին»,- ասում է նա: 
Նույն պահանջով հանդես եկան նաև ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ`իշխանություններին կոչ անելով հանրայնացնել, թե Վենետիկի հանձնաժողովի նստաշրջանում ով է ներկայացրել ՀՀ-ում «վեթինգի» իրականացման «ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար» լինելու համաձայնությունը:

Հայաստանից Վենետիկի հանձնաժողվիում փորձագետ է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, նրան փոխարինում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Եվ կարծիք կա, որ միջազգային այդ կառույցների աղմկոտ ձևակերպումները հենց նրանց աշխատանքի արդյունքն են, և որ սահմանափակ տարածման ենթակա այդ արձանագրությունն էլ նրանք են փոխանցել «Իրավունքի ուղի» կազմակերպությանը:

Կարևորը՝ ունենալ դատական համակարգ

Նիկոլ Փաշինյանի արձագանքը «վենետիկյան» քննարկումներին՝ չուշացավ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասում է. «Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական մի դիրքորոշում է եղել, որը հրապարակվել է նրանց կայքում, ըստ որի՝ ՀՀ կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ, եւ պայմանավորվել ենք, որ էս կառուցակարգերի, օրենսդրական փոփոխությունների շուրջ պիտի խոսենք»:

Վարչապետի խոսքով՝ վեթինգ է այն գործընթացը, որի արդյունքում ձևավորված դատարանի որոշումները կունենան հանրության վստահությունը, «մինչդեռ հիմա դա «տեր-ստրուկի» համակարգ է, և փոխանակ անցած մեկ տարում զբաղվեին ինքնամաքրմամբ և դառնալ արժանապատիվ դատավոր»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մարդիկ վեթինգ բառը տարբեր կերպ են հասկանում, և ինքը չի ամաչի, եթե քննարկումների արդյունքոմ ոչ թե վեթինգ, այլ մեկ ուրիշ գործիք կիրառվի: «Վեթինգը լավ չի, բայց դատական համակարգ պե՞տք է ունենանք: Արդարադատության նախարարությունը, ԲԴԽ-ն պետք է ակտիվ աշխատեն, դատական համակարգում պետք է գնա զտում, բայց դա հարցի լուծում չէ: Դատավորների տասնյակ թափուր տեղեր ունենք, բայց ոչ մեկ չի ուզում գալ աշխատել 400.000 դրամ աշխատավարձով»,- ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ եվրոպական գործընկերների օգնությամբ դատավորների համար բարձր աշխատավարձ կապահովվի: