Ստամբուլյան կոնվենցիան և հայաստանյան քննարկումները

հուլիսի 23, 2019

Վերջին շրջանում քննարկումների առանցքում հայտնված Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է 2011-ին Ստամբուլում և այդտեղից էլ ստացել իր կարճ անվանումը։ Փաստաթղթի ամբողջական անվանումն ավելի երկար է՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիա։ Կոնվենցիան ուժի մեջ է 2014 թվականի օգոստոսի 1-ից: 

2017 թ. հունիսի դրությամբ կոնվենցիան ստորագրել է ԵԽ անդամ 47 երկրներից 34 -ը, այդ թվում՝ Հայաստանը, որը 2018թ. հունվարին ստորագրել է փաստաթուղթը, բայց դեռ չի վավերացրել այն։Կոնվենցիան առաջինը վավերացրել է Թուրքիան, 2013-ից մինչև 2017-ը փաստաթղթին միացել են 3 տասնյակից ավելի երկրներ՝ Ալբանիան, Ավստրիան, Բելգիան, Դանիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իտալիան և այլն։ Կոնվենցիան չեն ստորագրել Ռուսաստանը  և Ադրբեջանը, իսկ ստորագրել, բայց չի վավերացրել 11 երկիր, այդ թվում՝ Չեխիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Մոլդովան, Ուկրաինան և այլն: 

81 հոդված ունեցող փաստաթղթի նպատակը կանանց բռնությունից պաշտպանելն է, նրանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերը վերացնելը, կանանց և տղամարդկանց միջև իրական հավասարություն հաստատելը, ինչպես նաև ՝ բռնությունը, նաև՝ ընտանեկան բռնությունը վերացնելու ուղղությամբ քաղաքականությունների մշակումը կարգավորելը։

Կանանց
նկատմամբ բռնությունը, ըստ Կոնվենցիայի, մարդու իրավունքների խախտում է, խտրականության ձև, «ընտանեկան բռնությունը»՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողություն, որը կատարվում է ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում, նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև ։

Փաստաթղթում կա նաև «գենդերային պատկանելիություն» հասկացությունը, որը սահմանվում է որպես տվյալ հասարակությունում կանանց և տղամարդկանց համար պատեհ դիտվող սոցիալական դեր, վարքագծի տիպ, գործունեության տեսակ և հատկություն ։

Գենդերային հիմքով կանանց նկատմամբ բռնությունը, ըստ Կոնվենցիայի, կնոջ նկատմամբ կին լինելու պատճառով դրսևորվորվող բռնությունն է:

«Մասնակից պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթների կատարումը, զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները, պետք է ապահովվեն առանց խտրականության՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, տարիքից, առողջական վիճակից կամ այլ կարգավիճակից»,- նշվում է փաստաթղթում։

Կոնվենցիայի մասնակից պետությունները պետք է ստեղծեն համապատասխան օրենսդրական դաշտ կանանց դեմ բռնությունները բացառելու, գենդերային հիմքով բռնությունից կանանց պաշտպանելու, բռնության ձևերը կանխելու ուղղությամբ։

Կոնվենցիան մասնակից պետություններին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել, որ արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության, կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։ Նաև նշվում է, որ պետությունները պետք է ապահովեն, որ մշակույթը, սովորույթը, կրոնը, ավանդույթը կամ «այսպես կոչված պատիվը» չվկայակոչվեն Կոնվենցիայի առարկա հանդիսացող բռնության որևէ գործողություն արդարացնելու համար։

Ինչո՞ւ են Հայաստանում դեմ կոնվենցիային

Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ չի ընդունվում։ Այս փաստաթղթին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստում։ Հաջորդ փուլում ասելիքը Սահմանադրական դատարանինն է, ապա՝ Ազգային ժողովինը։

Հայաստանում Կոնվենցիայի շուրջ քննարկումները ակտիվացան վերջերս, երբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը «#բռնության_ձայնը» հեշթեգով հրապարակեց պատմություններ, որոնց հեղինակները պնդում են, թե սեռական բռնության կամ ոտնձգության են ենթարկվել։

Նամակների հրապարակումից հետո կարծիքներ հնչեցին, թե դրանք հրապարակվում են Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու նախադրյալներ ստեղծելու համար։

Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցն էլ իր հերթին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրում Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է մոտ ապագայում վավերացնել կոնվենցիան։ «Թավշյա հեղափոխության հաջողությունը, որին ամենաակտիվ մասնակցությունն ունեցան նաև հայ կանայք և աղջիկները, դրա վառ ապացույցն է։Այս փորձը վերահաստատում է պետության և հասարակության սոցիալ-քաղաքական կյանքում կանանց առանցքային դերը, հետևաբար նաև կանանց բարոյական և ֆիզիկական անվտանգ միջավայրի, հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման կարևորությունը։ Սա Հայաստանի կառավարության ծրագրի առաջնահերթություն է», -ասել էր Ադոնցը՝ ընդգծելով, որ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կոնվենցիան ներկայումս գտնվում է վավերացման ընթացակարգերի փուլում։ 

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ արշավի առաջամարտիկներից մեկը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է։ Նա ստորագրահավաք է նախաձեռնել «Change.org» կայքում՝ հայտարարելով, որ Կոնվենցիան հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Կոնվենցիայի ընդդիմախոսները պնդում են, որ այն հակասում է Սահմանադրությանը և ներդնում է այնպիսի վտանգավոր հասկացություն, ինչպիսին «երրորդ սեռ» ունենալու գաղափարն է:

Զոհրաբյանի համար, մասնավորապես, վտանգավոր է «գենդերային ինքնություն» տերմինը. «Դրա վերաբերյալ կոնվենցիայի պաշտոնական մեկնաբանությունը՝ բացատրական զեկույցը, որի 53-րդ կետը սահմանում է. «...Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ», -Tert.am-ին տված հարցազրույցում ասել է նա։

Մյուս վիճահարույց դրույթը Զոհրաբյանը համարում է այն, որ որպես ընտանեկան բռնության տեսակ նշված է բռնությունը ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև։

«Սրանից հետևում է, որ ա) Կոնվենցիայի իմաստով ընտանեկան բռնության սուբյեկտներ-զուգընկերներ կարող են լինել նաև ՆՈՒՅՆ սեռին պատկանող, ինչպես նաև մերձավոր ազգական հանդիսացող անձինք, բ) ընտանիք է համարվում նաև ոչ ամուսնական կապերի վրա հիմնված անձանց համակեցությունը: Մինչդեռ, նշված իրավադրույթն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասին առ այն, որ՝ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն», -հայտարարել է Զոհրաբյանը։

Կոնվենցիայի ընդդիմախոսներից է նաև Հայ Առաքելական եկեղեցին և այդ փաստաթղթի շուրջ մտահոգությունները Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 19-ին կայացած հանդիպման ժամանակ հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։

Ինչո՞ւ ստորագրվեց Կոնվենցիան

Ինչո՞ւ 2018-ի հունվարին Հայաստանը ստորագրեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան հարցին «Հրապարակ»-ին տված հարցազրույցում հստակ պատասխանել է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը. «Որևէ կոնվենցիա ստորագրելն ինքնին չի նշանակում, որ այն պարտադիր պետք է վավերացվի` թե՛իրավական, թե՛քաղաքական տեսանկյունից: Իրավական տեսակետից` միջազգային ցանկացած պայմանագիր կարող է ստորագրվել, անգամ երբեք չվավերացվել, քանի որ կարող է հակասել տվյալ երկրի Սահմանադրությանը»:

Նրա խոսքով՝ քաղաքական տեսանկյունից ևս պայմանագիր ստորագրելը պարտադիր վավերացում չի ենթադրում. «Օրինակ՝ Մեծ Բրիտանիան ստորագրել, սակայն 7 տարի է չի վավերացնում այն: Դժվար թե Մեծ Բրիտանիային մեղադրենք ժողովրդավար չլինելու մեջ, ավելին` կոնվենցիան չի վավերացրել ԵՄ 11 անդամ երկիր: Մեր դեպքում, քանի որ Հայաստանը ԵՄ ասոցացված անդամ էր, իսկ առանց Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրման պարտավորության որևէ երկիր չի կարող դառնալ ասոցացված անդամ, այդ կոնվենցիան ստորագրվել է, սակայն դրա վավերացումն ուղիղ համեմատական է ՀՀ Սահմանադրությանն ու հասարակության պատրաստվածությանը։ Հասարակությունների համար կան արժեքային համակարգեր` ընտանեկան, կրոնական, անձնական, որոնք անհամատեղելի կարող են լինել կոնվենցիայի կարգավորումների հետ», -ասել է Կոստանյանը:

Ի՞նչ են մտածում նոր Հայաստանում

Ազգային ժողովում, որտեղ Կոնվենցիան պետք է վերջնական վավերացում ստանա, խմբակցությունները դեռ հստակ դիրքորոշում չունեն փաստաթղթի վերաբերյալ։ Այն նույնիսկ շրջանառության մեջ դրված չէ։ Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ ուսումնասիրում են Կոնվենցիան և դիրքորոշում կհայտնեն դրան ծանոթանալուց հետո միայն։ Բայց նույն խմբակցության առանձին պատգամավորներ տարբեր հարցազրույցներում հայտարարել են, որ փաստաթղթի հետ կապված մտահոգությունները չափազանցված են։ «Կոնվենցիան չունի «երրորդ սեռ» կամ «տրանսգենդեր» բառերը կամ որևիցե բառ, որը կարելի է այդպես մեկնաբանել։ Ենթադրում եմ, որ շահարկումները առաջանում են «գենդեր» բառի առկայությունից։ Կոնվենցիայի երրորդ հոդվածը ասում է հետևյալը «Գենդեր» նշանակում է կոնկրետ հասարակության ներսում ձևավորված դերեր, վարքագիծ, գործունեություն և առանձնահատկություններ, որոնք տվյալ հասարակությունը պատշաճ է համարում կանանց և տղամարդկանց համար», -ասել է Մարիա Կարապետյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս մանրամասնորեն ծանոթ չէ Կոնվենցիային և դեռևս հստակ դիրքորոշում չունի փաստաթղթի վերաբերյալ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում իր ղեկավարած Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «կատաստրոֆիկ» թեժ քննարկումներ է սպասում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ։ Բայց դրանք կարող են մեկնարկել միայն Սահմանադրական դատարանի կողմից հաստատվելուց հետո։

«Ես լիովին կողմ եմ, որ կանանց նկատմամբ բռնությունը պետք է դատապարտվի, բայց Կոնվենցիայում այնպիսի ձևակերպումներ կան, օրինակ՝ «գենդերային ինքնություն» և այլն, որոնց վերաբերյալ պարզաբանումներ պետք է տրվեն», -ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ստամբուլյան կոնվենցիան այն հարցն է, որի քննարկումներում պատգամավորները պետք է կաշկանդված չլինեն հրամայական մանդատով. «Եթե ինձ անգամ բարձրացնեն կախաղան, ես ունեմ սկզբունքներ, որոնցից երբեք հետ չեմ կանգնելու։ Եվ ոչ մի մանդատ, և ոչ մի պաշտոն ինձ չի կարող հետ պահել իմ սկզբունքներից»:

Պատգամավորը չի բացառել նաև, որ Կոնվենցիան ԱԺ-ի կողմից վավերացնելու հարցը դրվի հանրաքվեի։