Բացառվում է՝ կոնվենցիայի շուրջ կարծիքս փոխեմ. Ս. Հովսեփյան

հուլիսի 29, 2019

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցությն պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:

-Ի՞նչ զգացողությամբ եք գնում արձակուրդ, հասցրեցի՞ք իրագործել այն, ինչ ծրագրել էիք։

-Իրականում, ամբողջապես չեմ հասցրել, որովհետև ժամանակի սղություն ու գերծանրաբեռնվածություն կար, մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել եմ։ Ժողովուրդը պատգամավորի գործունեության վերաբերյալ այլ պատկերացում ունի, նրանք հաճախ շփոթում են գործադիրի հետ, և երբ տարբեր խնդիրների լուծման խնդրանքով մարդիկ դիմում են, օրենսդիր աշխատանքի համար քիչ ժամանակ է մնում։ Այսինքն, պետք է հասնենք նրան, որ մարդիկ տարանջատեն գործադիրի ու օրենսդիրի գործունեության ոլորտները, որպեսզի կարողանանք ամբողջությամբ լծվել օրենսդրության մշակմանը։ Հաճախ մարդիկ մտածում են, որ եթե ձայն են տվել, ապա ինչ խնդիր ունեն, պետք է դիմեն պատգամավորին, որ լուծի։ Խնդիրը այն է, թե ով է հասանելի, և եթե պատգամավորը հասանելի է լինում, ծանրաբեռնվածությունը ընկնում է նրա վրա։ Սա զուտ մտածողության խնդիր է, որի համար մեղադրել չես կարող։

-Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկին կային մտավախություններ, որ երիտասարդ, անփորձ Ազգային ժողով է, և թերահավատություն կար, մասնավորապես, իշխող խմբակցության պատգամավորների հանդեպ: Ձեզ հաջողվե՞լ է ցրել այդ մտայնությունը։

-Եթե՝ անկեղծ, ու թող իմ այս ասածը չհամարվի մեծամտություն, երբևէ իմ անձի հետ կապված նման վերաբերմունք չեմ զգացել։ Բայց կրկին անկեղծ լինեմ, ես երբևէ օրենսդիր մարմնում չեմ եղել, և բնական է, որ անփորձություն պետք է ցուցաբերեի տեմպի, արագության առումով։ Ես չեմ կարող ասել, որ իմ փորձառությունը մեծ էր այդ ոլորտում, հա, պատկերացում ունեի, բայց փորձառություն, բնականաբար, չէր կարող լիներ։ Կա կարծրատիպային մոտեցում զուտ երիտասարդության հետ կապված, բայց այս ամիսների ընթացքում համոզվեցինք, որ երիտասարդությունը անփորձությունը չէ։ Շատ տարեց մարդիկ տարիներով եղել են խորհրդարանում ու ասել են այո կամ ոչ, ինչպես որոշել է ֆրակցիան։ Կոնկրետ 7-րդ գումարման Ազգային ժողովը ապացուցեց, որ նման որակ չկա։

-Parliamentmonitoring.am-ի տվյալներով խորհրդարանը մեծ մասամբ հաստատել է կառավարության ներկայացրած նախագծերը։ Դա նորմա՞լ է խորհրդարանական կառավամամբ երկրում։

-Այո, նորմալ է այնքանով, որ կառավարությունը արդեն մեկ տարի է՝ գործում է, իսկ խորհրդարանը՝ վեց ամիս։ Կային բազմաթիվ նախագծեր, որոնք կառավարությունն էր մշակել, որոնք բխում էին հանրության շահերից, որոնք պետք է արագ գային Ազգային ժողով ու հաստատվեին։ Կառավարությունը շուտ էր ձևավորվել, սկսել էր այդ նախագծերի վրա աշխատել էր ու Ազգային ժողովում դրանք պետք է հաստատվեին։ Այսինքն, հենց այդպես էլ պիտի լիներ։ Մենք խորհդրարանում մշակված շատ օրինագծեր ունենք, բայց հրատապության կարգով առաջնահերթությունը տրվում էր կառավարության ներկայացրած նախագծերին, որովհետև վերջապես գործադիր մարմինն է գործելու, և որքան շուտ նրանց գործիքակազմը համալրվի, այնքան հեշտ կլինի կառավարումը։

-88 հոգանոց ձեր խմբակցությանը հաճախ են քննադատում, թե միասնական դիրքորոշում չունեք, իշխանության քաղաքականության վերաբերյալ հակառակ կարծիքներ եք հնչեցնում: Ընդունո՞ւմ եք այդ քննադատությունները։

-Չկա նման բան, 88-ն էլ տարբեր կարծիքներ չունեն, բայց կան տարակարծություններ։ Դա բնականոն աշխատանք է։ Մեր քննադատները եթե մի քիչ օբյեկտիվ լինեն, կհասկանան, որ սա նույնիսկ ուրախալի փաստ է. այդ տարբեր կարծիքների քննարկումների արդյունքում գտնվում է կոնսենսուսային լուծում, որից շահում է ժողովուրդը։ Չեմ կարծում, թե դրանից խմբակցության միասնականությունը վտանգվում է, թեպետ շատ է եղել, երբ խմբակցության որոշ անդամներ քվեարկել են սեփական մոտեցմամբ:

-Ձեր գործընկերները աշնանային թեժ նստաշրջան են սպասում. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ստեղծվելու, վեթինգի գործընթացը կհստակեցվի։ Դուք ի՞նչ սպասումներ ունեք, ի վերջո, ի՞նչ գործընթաց է լինելու վեթինգը։

-Չեմ կարող ասել՝ ինչ գործիքակազմով կլինի վեթինգը, բայց դա կարևոր է այնքանով, որ որակյալը անորակից զատվի, և մարդիկ իրենց գնահատականներով որոշեն՝ պե՞տք է լինի այս կամ այն մարդը գործադիր, դատական մարմիններում, թե՞ ոչ։ Թե ինչպես կլինի, ես մասնագետ չեմ ու կսպասեմ, տեսնեմ՝ նոր նստաշրջանում մասնագետներն ինչպես են հիմնավորում, ներկայացնում նոր գործընթացը, դրա անհրաժեշտությունը։ Անհրաժեշտությունը կա, բայց չի բացառվում, որ ռիսկեր լինեն, որոնք հաշվի առնելով հասկանանք՝ այդ անհրաժեշտությունն է կարևոր, թե երկրի շահը։ Մեր պետոթւյան գերակա շահը մեր խնդիրն է, որով պետք է առաջնորդվենք։

-Դուք բավարար համարո՞ւմ եք Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը։ Կա՞ն նախկին իշխանությունից անձինք, որոնք պատասխանատվության չեն ենթարկվել։

-Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը այս պահին բավարար չեմ համարում։ Իհարկե, կան մարդիկ, որոնք պատասխանատվության դեռ չեն ենթարկվել, դեռ համակարգում են, և այս վիճակում պայքարը բավարար համարելը ճիշտ չէ։ Հասկանում եմ, որ վերևում կանգնած մարդը շատ կարևոր դերակատարություն ունի կոռուպցիոն դրսևորումների նվազեցման առումով, բայց, օրինակ, Շիրակի մարզում կաշառք վերցնելու համար սոցաշխատողի ձերբակալությունը ցույց տվեց, որ կան մարդիկ, որոնք չեն գիտակցել փոփոխությունների նշանակությունը։ Գործընթացը մեզ համար շատ կարևոր է, այն առաջ է գնում, ու կարծում եմ՝ արդյունքի կհասնենք։

-Եվ տիկին Հովսեփյան, Ստամբուլյան կոնվենցիայի մասին։ Դուք ուսումնասիրել եք և ա՞յդ պատճառով եք դեմ փաստաթղթին։ Նույնիսկ ընդդեմ Կոնվենցիայի վավերացման ստորագրահավաքին մասնակցեցիք։

-Այո, ես ստորագրել եմ, որ դեմ եմ Կոնվենցիային։ Դա իմ դիրքորոշումն է։ Ես ուսումնասիրել եմ, ծանոթ եմ Կոնվենցիայի դրույթներին։ Երբ Ազգային ժողովում հարցը քննարկվի, դարձյալ կհայտնեմ իմ դիրքորոշումը։

-Ո՞ր դրույթներին եք դեմ։ Կմասնավորեցնե՞ք։

-Կոնվենցիայում կան արտահայտություններ, հասկացություններ, որոնք մեզ համար խնդրահարույց են։ Օրինակ՝ ի՞նչ ասել է սոցիալական սեռ, երբ հստակ կա երկու սեռ՝ արական ու իգական։ Օրինակ՝ մի քանի անգամ օգտագործվում է «գենդեր» հասկացությունը, և այդպես էլ չի հասկացվում՝ կնո՞ջ, թե՞ տղամարդու մասին խոսքը։ Եվ, առհասարակ, ինչո՞ւ են ընտանիքից առանձնացված կինը և երեխան։

-Հնարավո՞ր է՝ ինչ-որ պահի փոխեք Ձեր կարծիքը։

-Կոնվենցիայի այն տարբերակը, որը այսօր կա և դրվելու է վավերացման, դրա վերաբերյալ, բացառվում է, որ փոխեմ կարծիքս:

-Ձեր հայտարարությունը խմբակցության ներսում դժգոհություն առաջացրե՞լ է։ Նկատողություն ստացե՞լ եք։

-Ես երկու տարեկան երեխա չեմ, ում պետք է նկատողություն անել, և ոչ էլ խմբակցությունում իրենց թույլ կտան նկատողություն անել։ Իհարկե, քննարկում եղել է, որ նստենք, քննարկենք, հասկանանք Կոնվենցիայի ռիսկերը։ Ուղղակի առաջարկ է եղել, որ քննարկենք, հետո միայն կարծիքներ հայտնենք: Հիմա արձակուրդ է, և այդ պատճառով էլ խորհրդարանական քննարկումներ այդ հարցի շուրջ դեռ չկան։