Պետական համակարգում անորակ աշխատողը բամբասանքի անառողջ մթնոլորտ է ստեղծում. Խոսրով Հարությունյան

նոյեմբերի 7, 2017

2018թ. բյուջեի նախագիծը քննարկելիս տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարց բարձրացրեց՝ կա՞ գնահատական, թե ինչպես են ազդել տնտեսվարողներին տրվող հարկային արտոնությունները տնտեսական աճի վրա: Իսկ Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում պատգամավորը նաև նշեց, որ խնդիրը ոչ թե հարկային արտոնությունների սահմանափակումն է, այլ դրանց արդյունավետությունը:

- Պարոն Հարությունյան, Ձեր դիտարկմամբ՝ տարիներ շարունակ տրվող հարկային արտոնությունները ինչ-որ չափով նպաստե՞լ են տնտեսական աճին:

- Կարծում եմ, որ չենք ստացել այն, ինչ ակնկալել ենք, հակառակ պարագայում այդ մտահոգությունը չէր լինի: Ես առաջարկեցի վերլուծել, թե յուրաքանչյուր կոնկրետ արտոնություն ինչ արդյունք է տվել: Մինչև այդ գնահատականները չլինեն, նոր արտոնություններ տալու հարցում պետք է ձեռնպահ լինել: Շինարարության, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում հարկային արտոնությունները տարվա կտրվածքով կազմում են մոտ 400 մլրդ դրամ: Դա մեր բյուջեի եկամուտների 30% -ից ավելին է: Եթե այդ արտոնությունները տնտեսական աճի վրա ազդեցություն չեն թողնում, պետք է այլ քաղաքականություն վարել: Սամանամերձ 31 համայնքներում ընդունեցինք առանց հարկի ռեժիմ. որ ով ինչով զբաղվում է, հարկ չի վճարում: Նպատակն այդ համայնքներում փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանումն էր, բայց այսօր ակնկալված արդյունքը չունենք: Ուրեմն, պետք մտածել՝ ինչ անենք, որ նպատակին հասնենք:

- ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ 2018թ. հավելյալ 100 մլրդ դրամ հարկային եկամուտների առնվազն 36 մլրդը ստացվելու է նոր Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, եկամտահարկի և ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման արդյունքում: Ստացվում է, որ կառավարությունն այդ գումարը հավաքելու է ոչ այնքան տնտեսական աճի կամ ստվերի կրճատման, որքան հարկային բեռի ավելացման հաշվին:

- Ինձ թովում է՝ Միքայել Մելքումյանը վրիպեց, որովհետև եթե մենք 20 մլրդ դրամ եկամտահարկի աճ ունենանք, ապա շահութահարկի դեպքում՝ 4 մլրդ դրամ պակաս կլինի: Երկու ճգնաժամային շոկ ապրած տնտեսությունը պետք է իր հարկաբյուջետային քաղաքականությունը կորեկցիայի ենթարկի: Ասում ենք` եկեք ողջ հարկային բեռը տեղափոխենք դեպի սպառում՝ ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ: Փոխարենը, մեղմենք տնտեսվարողների հարկային բեռը՝ ակնկալիքով, որ դա կբերի ակտիվացում, նոր աշխատատեղեր, հետևաբար՝ նոր եկամուտներ:

- Եկամտահարկի, ակցիզային հարկի բարձրացումը, գնաճը հավելյալ գումար են կորզելու քաղաքացիներից, մինչդեռ բյուջեով նրանց եկամուտների՝ աշխատավարձերի, թոշակների բարձրացում չի նախատեսվում: Սա սոցիալական լարվածություն չի՞ բերի:

- Կենսաթոշակների դեպքում միգուցե կիսեմ Ձեր մտահոգությունը, բայց աշխատավարձը, եթե նկատի ունենք տնօրինվող եկամուտը, ապա դրա իրական պատկերը մի քիչ կտարբերվի նրանից, ինչ ունենք: Նախ 4,5%-ի ՀՆԱ-ի աճը զարգացում է, եկամուտների ավելացում, բացի այդ՝ հաշվարկներում տրանսֆերտները հաշվի չեն առնվում: Հետևաբար, կարելի է պնդել, որ գնաճը քաղաքացու գրպանի վրա ազդեցիկ չի լինի: Բայց այդ գնաճը արտահանման վրա կարող է դրական ազդեցություն ունենալ, դա տնտեսական կատեգորիա է: Իսկ արտահանման աճն ավելի լուրջ սոցիալական գործոն է, քան թե մի քանի հազար դրամով թոշակի բարձրացումը:

- Բյուջեի նախագծից պարզ դարձավ, որ 2018թ. կառավարությունը պետական համակարգից 5560 աշխատող է կրճատելու: Նրանց համար ինչ-որ ծրագրեր կա՞ն, թե՞ նրանք համալրելու են գործազուրկների առանց այդ էլ մեծ բանակը:

- Իհարկե, դժվար է այդքան մարդ կրճատելը, մտածում ես՝ խորտակեցինք նրանց ճակատագիրը: Բայց ո՞րն է կարևորը՝ արդյունավետ կառավարո՞ւմը, թե ցանկացած գնով այդ մարդկանց աշխատանքով ապահովելը: Ես կարծում եմ, անարդյունավետ կառավարումը շատ թանկ է նստում մեր հանրության վրա: Պետք է այնպես անել, որ որոշում կայացնողները մասնագետներ լինեն, որոշումները՝ որակյալ: Եվ հետո. եթե գործազուրկների թիվը 5000-ով չավելանար, մենք գործազրկության խնդրով չէի՞նք զբաղվելու: Եկեք մեկը մյուսի հետ չկապենք, հակառակ պարագայում, թվում է պետական կառավարման համակարգը ոմանք դիտում են որպես սոցապի բաժին: Եկեք մտածենք մասնագետների վերապատրաստման մասին: Գործազրկության դեմ պայքարի արդյունավետ ճանապարհը պետական ապարատը ոչ արդյունավետ կադրերով լցնելը չէ: Էլ չասեմ, որ նրանց մեծ մասն այնտեղ հայտնվել է կուսակցական, քաղաքական պատկանելության շնորհիվ:

- Նաև՝ պաշտոնյաների հարազատներն ու ընկերներն են:

- Ում ուզում եք՝ ասեք, բայց իմացեք, որ պետական համակարգում ամեն մի անորակ աշխատող ոչ միայն արդյունք չի տալիս, այլև բամբասանքի, անառողջ մթնոլորտ է ստեղծում: Ես աշխատել եմ, գիտեմ, թե դա ինչ է նշանակում:

- Բայց կրճատվելու են ոչ թե կուսակցականները կամ պաշտոնյաների հովանավորյալները, անկախ հանգամանքից՝ կլինեն նրանք որակյալ մասնագետ թե ոչ, այլ անպաշտպանները:

- Դա կլինի ամենացավալին: Եթե կառավարությունը, վարչապետն այդ ճանապարհով գնան, կնշանակի կտրել ճյուղը, որի վրա նստած են: Ես դրան չեմ հավատում:

- 2018թ. բյուջեն գործազրկության, աղքատության, արտագաղթի կրճատման կամ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման խնդիրների լուծումներ տալի՞ս է:

- 2018թ. բյուջետային և տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունը այն է, որ 2 ճգնաժամային շոկ հաղթահարելու նպատակով պարտքեր ձևավորելիս պետք է հասկանալ, որ արտաքին պարտքն այլևս խիստ նպատակային պետք է լինի: Իսկ եկամուտները պետք է այնպես ավելացնել, որ պետությունը, ցանկացած պարագայում, իր քաղաքացու նկատմամբ սոցիալական պարտավորությունները չձախողի: Պետք է չտրվել գայթակղությանն ու սոցիալական խնդիրները լուծել, պետք է ստեղծել եկամուտներ ապահովելու անշրջելի տնտեսական երաշխիքներ: Այդ դեպքում սոցիալական ծախսերերը կավելանան: