Որտե՞ղ է կորում ջրի կեսից ավելին. ի՞նչ է պարզելու ԱԺ քննիչ հանձնաժողովը
Օրենքի ուժով` ԱԺ պատգամավորների ¼-ի պահանջով, խորհրդարանում ստեղծվել է Արարատի եւ Արմավիրի մարզերում Ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված պատգամավորների դիմումում գրված է, որ նշված մարզերում գյուղացիական համայնքներն ավելի քան 15 տարի բարձրաձայնում են ոլորտում առկա խնդիրների ու դրանց չլուծման մասին, որ ոլորտում առկա խնդիրները լուրջ վնաս են հասցնում գյուղատնտեսության զարգացմանն ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:
«Այս հիմնախնդիրների ուսումնասիրությունն ունի կարևորագույն նշանակություն տնտեսության զարգացման համար, քանի որ ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների` 2017-2018թթ. գյուղատնտեսության ոլորտն ապահովել է ՀՆԱ-ի` համապատասխանաբար 14,7 և 13,7 տոկոսը: Հետևաբար, ոլորտի կարգավորման խնդիրը հրամայական է ջրօգտագործողների խնդիրների լուծման և առհասարակ տնտեսության կայուն աճը ապահովելու համար»,- գրել էին պատգամավորները:
Մայիսի 19-ին ԱԺ-ն միաձայն հաստատեց քննիչ հանձնաժողովի կազմը: Դրանում ընդգրկված է 16 պատգամավոր: Հանձնաժողովի անդամներից 11-ը իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից են , 3-ը` «Բարգավաճ Հայաստան» և 2-ը` «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից: Որոշման համաձայն՝ հանձնաժողովի նախագահը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանն է:
Քննիչ հանձնաժողովի լիազորությունների համար սահմանվում է 6 ամիս ժամկետ:
Հանձնաժողով կհրավիրվեն նախկին և ներկա պաշտոնյաներ
Արարատի եւ Արմավիրի մարզերում ջրային տնտեսության ծրագրերի իրականացման արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումից անցել է մոտ մեկուկես ամիս: Parliamentmonitoring.am-ը փորձեց ճշտել, թե ինչ է հասցրել անել խորհրդարանական նոր մարմինն այս ընթացքում:
Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովը 1 նիստ է հրավիրել, որին, ի դեպ, մասնակցել են հանձնաժողովի ոչ բոլոր անդամները:
Որոշել են, որ փոխնախագահը պետք է լինի ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանը: Աշխատանքները պայմանականորեն բաժանել են երեք ուղղությունների: Առաջինը ուսումնասիրություններ են Արմավիրի և Արարատի մարզերում, պատկան գերատեսչություններում: Որոշել են արձակուրդային շրջանում` օգոստոս ամսին, աշխատանքային այցելություններ կատարել այդ մարզեր: Արդեն իսկ այցելել են Արմավիրի մարզ, որոշ տեղեկություններ ստացել ոլորտը համակարգող գերատեսչություններից: Գլխավոր դատախազությունից խնդրել են այն բոլոր գործերը, որոնք հարուցվել են ոլորտում տեղի ունեցած չարաշահումների ու հանցագործությունների արդյունքում, որպեսզի ուսումնասիրությունների ժամանակ դրանց չանդրադառնան, քանի որ հանձնաժողովը դրա իրավունքը չունի: Ծովինար Վարդանյանի փոխանցմամբ՝ անհրաժեշտության դեպքում հանձնաժողով կհրավիրեն ոլորտի համար պատասխանատու ներկա և նախկին պաշտոնյաններին պարզաբանումներ ստանալու համար: Իրենց աշխատանքներում կներգրավեն նաև այլ մասնագետների և փորձագետների:
Քննիչ հանձնաժողովի նախագահը չմանրամասնեց, թե մինչև հիմա ինչ տվյալներ են ստացել և ինչ են պարզել: «Ակնկալում ենք արդյունք. եթե անհրաժեշտ լինի, օրենսդրական փոփոխություններով կամ այլ կերպ կկարգավորենք դաշտը և խնդիրներին լուծում կտանք»,- ասաց նա:
Հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Սերգեյ Բագրատյանն կարծում է, որ հրատապ է պարզել, թե անցած բոլոր տարիներին ջրօգտագործման ոլորտում ինչքան գումար` վարկեր ու դրամաշնորհներ են փոշիացվել: Չէ՞ որ հատկապես ոռոգման համակարգերի, ենթակառուցվածքների համար միջազգային կառույցներից միշտ էլ միջոցներ են ներգրավվել: «Հրատապ է նաև հարցը, թե այսօր որքան գումար է անհրաժեշտ, որ համակարգը կայունանա և հնարավորինս շատ ինքնահոս համակարգին միանա: Այսինքն, ՋՕ-ներն այլևս պոմպերով չաշխատեն, այսինքն էլեկտրաէներգիայի հսկայական ծախսը պետք է հանել: Կառուցել նոր ջրամբարներ ու ամբողջովին ինքնահոս համակարգով աշխատել»,- ասաց պատգամավորը:
Սերգեյ Բագրատյանն ընդգծում է, որ հատկապես ոռոգման համակարգում վիճակն «ահավոր» է, քանի որ միջինը 50-60 տոկոս կորուստ կա: «Տեղեր կան, որտեղ կորուստը 30 տոկոս է, կան տեղեր, որտեղ ջրի 80 տոկոսն է կորում: Այսինքն, ջրի կեսից ավելին կորցնում ենք, և պետք է պարզենք, թե ուր կամ ինչու է կորում: Եթե մեր երկրի ջրային ռեսուրսները արդյունավետ չկառավարենք, որևէ խնդիր չենք կարողանալ լուծել: Պետք է ջրախնայողության ռեժիմի անցնենք, քանի որ ջուրը կենսական խնդիր է դարձել»,- եզրափակեց Բագրատյանը: