Կգնահատեն անցյալը, կբարեփոխեն Սահմանադրությունն ու ԸՕ-ն

սեպտեմբերի 4, 2019

Արդարադատության նախարարությունը հանրության դատին է ներկայացրել «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» նախագիծը: Նախագծի հիմնավորումների մեջ նշված է, թե կառավարությունն այն ներկայացրել է`«հաշվի առնելով 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով օրակարգ բերված՝ իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությունը»։

Ռազմավարության հիման վրա կազմվել է գործողությունների երեք ծրագիր. կարճաժամկետ`2019թ. 2-րդ կիսամյակից մինչև 2020թ., երկարաժամկետ` 2021-2023թթ. և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման, ինչպես նաև տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր` 2019թ. 2-րդ կիսամյակից մինչև 2023թ.: Ռազմավարությամբ նախատեսվում է առաջիկա 4 տարվա ընթացքում ներդնել անցումային արդարադատություն, իրականացնել սահմանադրական փոփոխություններ, փոխել Ընտրական օրենսգիրքն ու բազմաթիվ այլ բարեփոխումներ կատարել:

Գնահատական անցյալին

Անցումային արդարադատության իրագործման շրջանակներում գործադիրը պատրաստվում է 2020թ. առաջին եռամսյակում ձևավորել Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին, և որում ներկայացված կլինեն հասարակությանը հայտնի, հեղինակություն վայելող անձինք: Հանձնաժողովը պետք է հավաքի մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների`1991թ. սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացների և հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների, Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումների, սեփականազրկումների այլ դրսևորումների, ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողների վերաբերյալ փաստերը:

Այնուհետև հանձնաժողովը պետք է դիտարկի խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը և հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում դրանք տրամադրի իրավապահ մարմիններին: Ստացված տեղեկությունները կամփոփվեն զեկույցում և կհրապարակվեն անցյալի գնահատականի հետ միասին: Փաստահավաք հանձնաժողովը Ազգային ժողովին և Կառավարությանը պետք է ներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ:

Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի բարփոխումներ

Սահմանադրական բարեփոխումների անցկացման հիմնական նպատակը բոլոր տեսակի սուբյեկտիվ գործոններից զերծ, առանց որևէ ուղղորդման, ազատ կամահայտնության արդյունքում ընդունված մայր օրենք ունենալն է: Այս նպատակն իրականացնելու համար նախատեսվում է 2020թ. առաջին եռամսյակում ստեղծել հանձնաժողով, որը կներկայացնի փոփոխությունների նախագիծ: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է քննարկի «Սահմանադրության ուղղակի գործողությունը, միջազգային պայմանագրերի տեղը ՀՀ իրավական համակարգում, վերպետական կառույցներին անդամակցելիս տվյալ կառույցի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կիրառելիության առանձնահատկությունները, Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին տրված լիազորությունների շրջանակը, ԱԺ պատգամավորների ընտրության և խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգն ու պատգամավորների թիվը: Սահմանադրությամբ նախատեսված` Կառավարությանը, Վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինների կազմավորման և լիազորությունների հետ կապված հարցերը, այդ մարմինների միջև լիազորությունների տարանջատումը և հավասարակշռումը, ԲԴԽ-ի ձևավորման կարգը, դերը, լիազորություններն ու այլ հարցեր»:

Ռազմավարությունը, սակայն, չի կոնկրետացնում՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում արդյո՞ք կնվազեն վարչապետի լիազորությունները, կամ, ինչպես ընդդիմությունն է պահանջում, կթուլանա՞ «սուպերվարչապետական համակարգը»:

Ինչ վերաբերում է ԸՕ-ին, ապա ռազմավարության այս նախագծով նախատեսվում է ստեղծել կառուցակարգեր, որոնք կամրագրեն 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների ձեռքբերումները՝ ընտրությունների նկատմամբ վստահությունը, ընտրվող իշխանությունների լեգիտիմությունը, ինչպես նաև օրենսդրական հենքի վրա կդրվեն հասարակության ընկալումներում ընտրական գործընթացի արդարացիության նկատմամբ վստահությունը. «Դրա արդյունքում նմանատիպ ընտրությունները կդառնան ոչ թե բացառություն, այլ կանոն»,- նշված է փաստաթղթում:

Իրավապահ համակարգի օրենսդրության և արդյունավետության բարելավում

Բուն դատաիրավական համակարգերի բարեփոխման շրջանակում կառավարությունը ցանկանում է բարձրացնել դատավորների կարգապահական պատասխանատվությունը, հանրության նկատմամբ նրանց հաշվետվողականությունը, նրանց նկատմամբ հանրության վստահությունը, վարձատրությունը: Դատավորների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար կթեթևացվի նրանց ծանրաբեռնվածությունը: Կառավարությունը ցանկանում է բարձրացնել նաև դատախազության և փաստաբանական համակարգի աշխատանքների արդյունավետությունը:

Դատաիրավական լայնածավալ բարեփոխումների ու հատկապես Քրեական և Քրեական դատավարության օրենսդրության շրջանակում պետք է վերացվի քրեական ենթամշակույթը, ներդրվեն այլընտրանքային պատիժների համակարգ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության մեխանիզմներ, կիրառվեն այլընտրանքային խափանման միջոցներ:

Բարեփոխումներ են նախատեսվում նաև Քաղաքացիական և Քաղաքացիական դատավարության օրենդրություններում, վարչական արդարադատության, սնանկության ոլորտներում, նոտարական և ԴԱՀԿ համակարգում:

Կառավարությունը այս ռազմավարությամբ ակնկալում է դատարանների և արդարադատության համակարգին առնչվող պետական ինստիտուտների վերակառուցում՝ անկախության և հաշվետվողականության չափանիշներով: «Դատական համակարգը պետք է լիարժեք անկախանա, որպեսզի կարողանա դառնալ հավասարակշռող ուժ իշխանության մյուս ճյուղերին»,- եզրափակում է կառավարությունը: