Վստահեցնում եմ, որ Հրայր Թովմասյանը կհեռանա. Ա. Սիմոնյան

սեպտեմբերի 5, 2019

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեց Քրեական օրենսգրքի վիճարկվող երկու հոդվածներից մեկը` 35-րդ հոդվածը. գիտենք, որ այն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։

-Նույն Քրեական օրենսգրքի հոդվածներից մյուսը՝ 135-րդ հոդվածի 2-րդ մասը, ՍԴ-ն հակասահմանադրական չի ճանաչել, հետևաբար, խոսք չի կարող լինել խափանման միջոցը փոխելու մասին: Վերջնական դիրքորոշում, սակայն, հնարավոր է հայտել միայն ՍԴ կողմից որոշման հրապարակումից հետո:

-Այնուամենայնիվ, սպասո՞ւմ էիք, որ ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած երկու հոդվածներից որևէ մեկը:

-Դեռ վաղ է ասել, թե ՍԴ որոշումը Ռոբերտ Քոչարյանի օգտին է, ինչպես այսօր շատերը ներկայացնում էին: Հոդվածներից մեկը համարվել է հակասահմանադրական, մյուսը՝ սահմանադրական, ուստի չի կարելի ասել, որ որևէ մեկի օգտին որոշում է կայացվել:

-Հարցը, որքան էլ իրավական լինի, ունի նաև քաղաքական ենթատեքստ: Դուք նախապես հաշվարկե՞լ եք, թե նման որոշումներից հետո ինչ եք անելու:

-Մենք աշխատելու ենք:

-Այնուամենայնիվ, ՍԴ-ի որոշումն օբյեկտիվ և իրավաչա՞փ եք համարում:

-ՍԴ նախագահն այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենաոչ օբյեկտիվ մարդն է:

-Էլի հնչում է քննադատություն, թե իշխանությունը հեղափոխությունից անմիջապես հետո պետք է փոփոխություններ կատարեր դատական համակարգում ու հատկապես ՍԴ-ում: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ քննադատությանը:

-Որ քննադատում են, ի՞նչ պետք է անեինք: Պետք է ասեն, թե ինչ չարեցինք:

-Օրինակ, դատական համակարգում ինչո՞ւ անմիջապես վեթինգ, բարեվարքություն կամ բարեփոխման այլ գործընթաց չիրականացվեց, որպեսզի այդ համակարգն ունենար հանրային վստահություն:

-Դատական համակարգի առողջացման ամբողջական գործընթաց է սկսվել, և դրա հետևանքներն ու արդյունքները աստիճանաբար կտեսնեք: Բայց ի՞նչ չարեցինք. նախկին իշխանությունների նման պետք է ինչ-որ մեկին ստիպեինք, որ ինչ-որ որոշո՞ւմ կայացվեր: Այդ դեպքում մենք նրանցից չէինք տարբերվի:

-Դուք ՍԴ-ին համարո՞ւմ եք իրավազոր մարմին, եթե նկատի ունենանք տեսակետը, թե բարձր դատարանն ունի ընդամենը երկու դատավոր, իսկ մյուսները անդամներ են:

-Ես չեմ ուզում դրան գնահատական տալ, բայց Հրայր Թովմասյանին համարում եմ մարդ, որն այս գործի վերաբերյալ որևէ որոշում կարդալու իրավունք չուներ, քանի որ նա իշխանության է եկել Մարտի 1-ի իրադարձությունների շնորհիվ: Նա փաստացի հանդիսացել է այդ դեպքերի իրավահաջորդը և դրա շնորհիվ դարձել է Արդարադատության նախարար, հետո` ՍԴ նախագահ: Նա բացարձակ վստահություն հանրության մեջ, և ինքս էլ, իհարկե, որպես ԱԺ պատգամավոր, չեմ վստահում նրան:

-Կիսո՞ւմ եք կարծիքը, թե Հրայր Թովմասյանը ապօրինի է դարձել ՍԴ նախագահ, քանի որ չի պահպանվել պատգամավորի մանդատից հրաժարվելու և այդ պաշտոնը ստանձնելու համար նախատեսված ընթացակարգը:

-Ես համարում եմ, որ նա օր առաջ պետք է հեռանա, ու վստահեցնում եմ, որ կհեռանա:

-Կա տեսակետ, որ ՍԴ դատավորներին առաջադրող և ընտրող մարմինները` նախագահականը, Ազգային ժողովն ու կառավարությունն իրենց պարտականությունները չեն կատարում և չեն ձևավորում նոր դատարան: Այդ պատճառով էլ այսօր բարձր դատարանում ոչ թե դատավորներն են որոշում կայացնում, ինչպես ՀՀ Սահմանադրությունն է պահանջում, այլև անդամները, որոնց լիազորություններն ավարտվել են:

-Մենք աշխատում ենք բնականոն հունով, ինչ-որ գործընթաց կամ դատավարություն մենք չենք կարող համապատասխանեցնել ԱԺ կամ կառավարության օրակարգին:

-Իշխանությունը, կամավոր հեռանալու դեպքում, ՍԴ անդամներին առաջարկում է սոցիալական երաշխիքներ և բարձր կենսաթոշակ՝ ամբողջ կյանքի համար:

-Ես չեմ առաջարկում թոշակի գնալ, ես ասում եմ, որ Հրայր Թովմասյանը չէր կարող այդ որոշումը կարդալ, նրա` ՍԴ նախագահ լինելը վստահություն չի ներշնչում ՀՀ քաղաքացիներին: Ես դա ասելու իրավունք ունեմ, քանի որ մեծ թվով քաղաքացիների կողմից ընտրված պատգամավոր եմ:

-Հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների թիվը գնալով ավելանա, և նրան աջակցող բողոքի ակցիաներն ավելի մեծ թափ ստանան:

-Не смешите мои тапочки.