Արման Բաբաջանյանը լքում է «Լուսավոր Հայաստանը»

սեպտեմբերի 6, 2019

Ամառային արձակուրդի ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից անջատ գործունեության մասին հարցերն այսօր վերջնական պատասխան ստացան. նա հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մտադրության մասին։

Պատգամավորը վերջին շրջանում միայնակ էր այցելում հանրապետության մարզեր, հանդիպում ՏԻՄ պաշտոնյաների, քաղաքացիների հետ ու այդ մասին տեղեկացնում իր ֆեյսբուքյան էջի միջոցով։

Սեպտեմբերի 6-ին տարածած հայտարարության մեջ Արման Բաբաջանյանը նշել է, որ հեղափոխությունից հետո ձևավորված նոր խորհրդարանն ամբողջությամբ կտրված է նոր Հայաստանի օրակարգից, նկատել, որ գնահատականը վերաբերում է և իշխանական «Իմ քայլը» խմբակցությանը, և ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին»:

«Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պետության ու հասարակության համար նշանային մի քանի իրադարձություններում (Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ, Ամուլսարի խնդիր, Ստամբուլյան կոնվենցիա և այլն) ցույց տվեց իր կատարյալ անգործունակությունն ու անհամարժեքությունը: Նշված և մի շարք այլ խնդիրների ինստիտուցիոնալ, համակարգային պատճառը հենց խորհրդարանական իշխող խմբակցության ոչ համարժեք վարքագիծն է ու այսօրվա քաղաքական իրողություններին ու մարտահրավերներին անհաղորդ լինելու իրողությունը: Նույն այս և էլի մի շարք խնդիրներում կատարյալ անհամարժեք վարքագիծ է դրսևորել նաև խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» ու «Լուսավոր Հայաստանի»: Մենք ընդդիմության կողմից չենք տեսել ստեղծարարություն, նախաձեռնողականություն ու նորարարություն: Ընդդիմությունը ձախողել է իշխանությունից ավելի լավը լինելու, ապագայի հույսի իր առաքելությունը, ինչպես որ ձախողել է իշխանությանն այլընտրանք լինելու իր կարևորագույն դերակատարության հարցում: Արդյունքում խորհրդարանական կառավարմամբ երկրում մենք ունենք ոչ համարժեք խորհրդարանական իշխանություն և նույնքան ոչ համարժեք խորհրդարանական ընդդիմություն: Այսինքն՝պառլամենտական կառավարմամբ պետությունն ապրում է փաստացի անգործունակ խորհրդարանով՝ դրանից բխող բոլոր տեսանելի, բայց որ ավելի վտանգավոր է՝ առաջին հայացքից անտեսանելի ու ճգնաժամերի ներուժ ունեցող հետևանքներով», -նշել է Բաբաջանյանն իր հայտարարության մեջ:

Պատգամավորի պնդմամբ՝ նոր Հայաստանում քաղաքական նոր դերակատարները գործում են նախկին իներցիայով, նախկին գաղափարախոսությամբ ու հին գործիքակազմով, մինչդեռ ժողովրդավարական իշխանության պարագայում դա պետք է անհնարին լիներ: Նա անհրաժեշտ է համարել հանրության իրավագիտակից հատվածի միախմբման համար համապատասխան միջավայր ստեղծելը, որը կարող են անել խորհրդարանից դուրս գտնվող առանձին անհատներ ու խմբեր։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ թավշյա հեղափոխությունն ավարտված չէ, և հեղափոխության արժեքներին հավատացողները կարող են համախմբվել հեղափոխության ընթացքի շուրջ, քանզի չպետք է մսխել այդ հնարավորությունը։

«Այս պատճառներն ու գործոններն այլևս անհամատեղելի են դարձնում ինձ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, ինչը, ցավոք, ինձ ստիպել է խմբակցությունից դուրս գալու դժվարին որոշում կայացնել: Այդ մասին կհայտարարեմ Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի մեկնարկին: Առաջիկայում կտեղեկացնեմ նաև՝արդյոք հրաժարվո՞ւմ եմ նաև պատգամավորական մանդատից, թե՞քաղաքական ակտիվ գործունեությունս շարունակում եմ անկախ պատգամավորի կարգավիճակում», -իր հայտարարության մեջ նշել է Արման Բաբաջանյանը։

«Լուսավոր Հայաստանում» հարգում են Բաբաջանյանի որոշումը

Այս հայտարարությանն արձագանքեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ նշելով, որ հարգում են Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և սպասում, որ կվերադարձնի պատգամավորական մանդատը։

«Մենք ակնկալում ենք, որ նույն սկզբունքայնությամբ նա կվերադարձնի «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։ Նաև շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում», -ասվում է խմբակցության հայտարարության մեջ։

«Լուսավոր Հայաստանում» ծանր չեն տանում պատգամավորի հեռանալու փաստը։ Պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարել է, թե իրենք պատրաս են ամեն ինչի, իսկ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասել է՝ վատ զգացողություններ չունի գործընկերոջ հեռանալու առիթով։ Ավելին՝ չի զղջացել, որ Բաբաջանյանը ԼՀ-ի ցուցակով է անցել խորհրդարան։

Արման Բաբաջանյանը միակ խորհրդարանականը չէ, որ լքում է Էդմոն Մարուքյանի թիմը. նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Հայկ Կոնջորյանը ևս դուրս էր եկել «Լուսավոր Հայաստան»-ից և միացել Նիկոլ Փաշինյանի թիմին։

Անկախ պատգամավորի ինստիտուտ չկա

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը չի նախատեսում անկախ պատգամավորի ինստիտուտ և միայն սահմանում է պատգամավորի կողմից մանդատը վայր դնելու ընթացակարգ. «Պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ խմբակցության ղեկավարին ուղղված գրավոր դիմումով կամ Ազգային ժողովի նիստում՝ այդ մասին հայտարարությամբ հանդես գալով»:

«Լուսավոր Հայաստանում» սպասում են, որ Բաբաջանյանը ազնիվ կգտնվի և սեպտեմբերի 10-ին մեկնարկելիք ԱԺ նիստում կհայտարարի նաև մանդատը վայր դնելու մասին։

«Պետք չէ գուժել խմբակցության քանդվելու մասին։ Դա իր որոշումն է։ Ես գիտեմ՝ ինչ է մտածում պարոն Բաբաջանյանը, հարգանքով եմ մոտենում, և պարոն Բաբաջանյանն էլ գիտի, թե ես ինչ եմ մտածում»,- ասել է Մարուքյանը։