Աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ մերժումներով

սեպտեմբերի 9, 2019

Սեպտեմբերի 9-ին, ամառային արձակուրդից հետո, 7-րդ գումարման Ազգային ժողովն սկսեց աշխատանքը: Աշնանային նստաշրջանի օրակարգ ընդգրկվեցին նախորդ նստաշրջանից մնացած մի շարք օրինագծեր, նաև երկու տասնյակից ավելի նախագծեր՝ ներկայացված հիմնականում կառավարության կողմից:

Իսկ կառավարության նախագծերին սպասվում էր նույն ճակատագիրը՝ մերժում: Առաջին նիստին, ժամուկես, խորհրդարանը քննարկում էր ընդդիմության նախագծերը օրակարգ ընդգրկելու հարցն ու մերժում դրանք՝ մեկը մյուսի հետևից: ԲՀԿ-ի 2 և ԼՀԿ-ի 4 նախագիծ այդպես էլ օրակարգում չհայտնվեցին:

Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում էր փոխել մինչ օրս բնակարաններ ձեռք բերելու համար գործող հիպոտեքային մեխանիզմը և եկամտահարկի վերադարձը ապահովել նաև մարզերում երկրորդային շուկայից բնակարան գնելու դեպքում։ Փոփոխություններ էին առաջարկում Հարկային օրենսգրքում: Նախագիծը ներկայացնելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ասաց, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ մեխանիզմից օգտվել են միայն Երևանում, քանի որ մարզերում ապրողները սկսում են բնակարան գնել միայն Երևանում, արդյունքում՝ կենտրոնացվածություն է առաջանում մայրաքաղաքում: «Մենք առաջարկում ենք, որ այս խտրականությունը վերացվի, և Երևանից դուրս մյուս քաղաքներում էլ մարդիկ կարողանան գնել բնակարաններ երկրորդային շուկայից», -ասաց Մարուքյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին։ Մերժվեցին նաև «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»,  ինչպես նաև  «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծերը։ Վերջին նախագծով առաջարկվում էր պարտադիր դարձնել հանքարդյունաբերական ընկերությունների իրական բաժնետերերի ամբողջական բացահայտումը: Գործող օրենքով, սակայն, պահանջվում է, որ բացահայտվեն հանքարդյունաբերական կազմակերպությունների 10 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցողների տվյալները: Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը դեմ էր։

«Ինչի՞ց ենք վախենում: Եթե չենք բացում այդ 10 տոկոսը, ուրեմն,կարող ենք ասել՝ 10 տոկոսի մեջ մարդիկ կան, ովքեր դարձել են սեփականատեր: Եկեք ընդունենք այս նախագիծը, որ 100 տոկոսով իմանանք», -մեծամասնությանը փորձում էր համոզել Էդմոն Մարուքյանը:

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյանը բացատրեց, թե ընդդիմության առաջարկը նշանակում է տվյալների բազաների հրապարակում, իսկ այս դեպքում պարբերաբար առքուվաճառք է լինում, փոփոխվում են սեփականատերերը։ «Կ արող են լինել, որպես հիմնադիրներ, որպես մասնակիցներ, ամբողջական ընկերություններ, որոնք անընդհատ իրենց ակցիաները հանում են շուկա, վաճառում են, հետո նորից գնում են, նորից հանում են, վաճառում են: Այնպես որ, դա կլինի անիմաստ, ուղղակի անունների հսկայական ցանկեր, որոնց ուսումնասիրությունը ուղղակի ոչինչ չի տա»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավորների առաջարկը՝ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, ևս մերժվեց։ Խմբակցությունն առաջարկում էր քրեական պատասխանատվություն սահմանել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար։ Օրինագիգծը նախ մերժվել էր կառավարության կողմից, այնուհետև՝ ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի։

 

Ամուլսարի թեման խորհրդարանում

Ազգային ժողովի դահլիճից դուրս, արդեն միջանցքներում ամենաքննարկվող թեման Ամուլսարի հանքի հնարավոր շահագործումն էր։ Եթե նախկինում «Իմ քայլի» պատգամավորները զգուշավոր էին, ունեին վերապահումներ հանքի հնարավոր շահագործման առնչությամբ, ապա այսօր նրանք հիմնականում խուսափում էին մեկնաբանել։ Թեմայի շուրջ ակտիվ քննարկումը խորհրդարանում սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 9-ի ֆեյսբուքյան եթերից հետո, որտեղ կառավարության ղեկավարը հայտարարեց, թե այս պահի դրությամբ հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում չկա։ Վարչապետը նաև հորդորել էր հանք տանող ճանապարհը փակած բնակիչներին ապաշրջափակել այն։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս հայտարարությունից հետո հիշեց վարչապետի մեկ այլ հայտարարություն, թե Հայաստանի ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերության տոկոսը պետք է նվազեցվի ու նկատեց. «Այժմ ունենք հակառակ պրոցեսը»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարց է բարձրացնում. «Խոսում ենք ժողովրդավարությունից, ո՞նց կարող ենք ժողովրդի կարծիքը հաշվի չառնել»։ Նա չբացառեց ժողովրդի կողքին կանգնելու հնարավորությունը։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով, Ամուլսարի հարցով վարչապետի որոշման մեջ հակասական ոչինչ չկա: Լրագրողի հարցին, թե ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ պատրաստ է կանգնել ժողովրդի կողքին, իսկ ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, արդյո՞ք Փաշինյանի հայտարարությունը նշանակում է, որ իշխանությունը չի կանգնելու ժողովրդի կողքին, Մակունցը պատասխանեց՝ հորդորելով չբաժանել քաղաքական ուժերին «ժողովրդի հետ» և «ժողովրդի դեմ» կողմերի։

«
Կայացվում է որոշում, ու բոլորս այնպիսի քայլերի ենք գնալու, որոնք որևէ կերպ չեն վնասի մեր պետական շահերին, բնակչությանն ու բնապահպանական շահերին», -հավելեց իշխանական խմբակցության երկայացուցիչը: