Ապօրինի գույքի բռնագանձում՝ սոցիալական պահանջով

սեպտեմբերի 13, 2019

Արդարադատության նախարարությունը մշակել և իրավական ակտերի հրապարակման կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։ Եթե ԱԺ-ն ընդունի այս օրինագիծը, ապա իրավասու մարմինը` տվյալ դեպքում ՀՀ դատախազությունը, ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված` 50.000.000 մլն դրամը գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույքը կներկայացնի բռնագանձման: Նախագծում նշված է, որ «իրավասու մարմինը չի նախաձեռնում ուսումնասիրություն, եթե առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքն իր շուկայական արժեքով չի կարող գերազանցել 50.000.000 ՀՀ դրամը»։

Փաստաթղթում, որպես նման օրենք ընդունելու առաջին հիմնավորում, ներկայացվել է կոռուպցիոն հանցագործությունների միջոցով ստացվող ֆինանսական միջոցները «օրինականացնելու» ճանապարհով քաղաքական ազդեցության ուժեղացման կամ նոր եկամուտներ ստանալու դեմ պայքարը: Եվ այդ հանցագործությունների, հատկապես փողերի լվացման դեմ արդյունավետ պայքարի միջոցներից է համարվել ֆինանսական ուսումնասիրությունների իրականացումը և հանցավոր ճանապարհով ստացված միջոցների սառեցումն և բռնագանձումը։ «Զարգացող երկրներում կաշառք տալու հետ կապված կոռուպցիոն միջոցների շրջանառությունն ամեն տարի կազմում է մոտ 20-ից 40 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հանցավոր եկամուտների մեծ չափերը լուրջ վնասներ են հասցնում երկրների զարգացմանը։ Միևնույն ժամանակ, այդպիսի փողերի շրջանառությունը կանխելու ավանդական միջոցները արդյունավետ չեն։ Եվրոպոլի տվյալներով՝ ԵՄ երկրներում առաջացած հանցավոր եկամուտների մեծ մասը`98.9 տոկոսը չի բռնագանձվում և մնում է հանցագործների տնօրինության ներքո»,- նշված է նախագծի հիմնավորումներում:

Թեև ՀՀ օրենսդրությամբ արգելված է հանցագործության կատարմամբ կամ ապօրինի ճանապարհով գույքի ձեռքբերումը և օգտագործումը, այնուամենայնիվ, այդպիսի գույքի բռնագանձման արդյունավետ օրենսդրական մեխանիզմները բացակայում են։ Այդ պատճառով էլ ներկայացված օրինագիծը նախատեսում է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձում արդեն առանց մեղադրական դատավճռի: Նախագիծը սահմանում է, որ առանց մեղադրական դատավճռի՝ գույքի ուսումնասիրման և բռնագանձման հնարավորությունը անհրաժեշտ է ՀՀ իրավական համակարգում՝ կանխելու համար ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների անխոչընդոտ օգտագործումը:

Բռնագանձել և վերջ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի բովանդակությանը Ազգային ժողովում քչերը գիտեին:

Ծանոթ էին գաղափարին, որի մասին իշխանություններն ամիսներ առաջ էին ակնարկել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանն էլ մանրամասներին ծանոթ չէր, բայց ապօրինի գույքի բռնագանձման կիրառումը համարում է անհրաժեշտ գործիք: «Եթե ընդունում ենք, որ հեղափոխության հիմնական պատճառներից մեկն էլ եղել է համակարգային կոռուպցիան, ուրեմն, դրա անհրաժեշտությունը առավել քան ակնհայտ է»,- parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի կիրառման արդյունքում կամայական ստուգումներ չեն լինելու: «Օրենքը կսահմանի չափանիշներ, որոնց համապատասխանեցնելու դեպքում նոր անձը, նրա գործողությունները, իրավիճակը կդառնան ուսումնասիրման առարկա: Նախագիծը կընդունվի իշխանության կողմից, կիրագործվի իրավապահ մարմինների կողմից, որոնց ազնվության վերաբերյալ առնվազն հիմնավորված կասկածներ չեմ լսել»,- եզրափակեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը վաղուց էր սպասում այս նախագծին. հեղափոխական իշխանությունը դեռ մեկ տարի առաջ էր խոստացել: Նրա ներկայացմամբ՝ դա հեղափոխության պահանջն էր, և ժողովրդի ուզածը միայն մեկ հոգու մերժելը չէր: «Նա մերժում էր բոլոր նրանց, ովքեր այդ գումարներն իր գրպանից վերցրել և իրենց անձնական կարիքների համար են օգտագործել: Նախագծի գաղափարը հասկանալի է, և եթե ինչ-որ խնդիրներ չառաջանան, մենք միանշանակ կողմ կլինենք: Նախ պետք է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով պետք է իրագործվի այդ գաղափարը, որպեսզի մարդու սեփականության սահմանադրական իրավունքի խախտում չգրանցվի:

Տարոն Սիմոնյանի դիտարկմամբ՝ երկրում առկա է ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման սոցիալական պահանջ: Նա համամիտ է պնդումների հետ, թե անձինք, որ հարստացել են ժողովրդի հաշվին, պետք է այդ գումարները վերադարձնեն պետությանը: «Պարզապես այստեղ տարբեր կարծիքներ կան` մի մասն ասում է, ոչինչ, թող պատասխանատվության չենթարկվեն, ազատությունից չզրկվեն, բայց անպայման փողը վերադարձնեն: Մի մասն էլ ասում է, կախեք, ոչնչացրեք, ազատազրկեք նրանց, ու, միաժամանակ, փողերը հետ վերցրեք: Ես այն տարբերակի կողմնակիցն եմ, որ անձանց ենթարկում ենք պատասխանատվության բացառապես Քրեական օրենսգրքի սահմանած կարգով, իսկ գումարի վերադարձը կարող է ծառայել որպես մեղմացուցիչ հանգամանք, բայց դա էլ պարտադիր չէ»,- հավելեց պատգամավորը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ ցանկացած գույք, եթե հանցավոր ճանապարհով է ձեռք բերվել, պետք է ազգայնացվի»: «Եթե գողության և այլ հանցավոր ճանապարհներով ձեռք է բերվել գումար, դրա միջոցով էլ անշարժ կամ այլ արժեքավոր գույք, դա պետք է անպայման ազգայնացնել։ Կարծում եմ, Հայաստանում կա այդ ինստիտուտը կիրառելու անհրաժեշտություն։ Հնարավոր չէ, որ պետական պաշտոնյան մեծ գումարներ ունենա, իսկ մենք տեսնում ենք, թե ինչպիսի պալատներ ունեն: Բնականաբար, դրանք այլ ճանապարհով են ձեռք բերվել և ոչ թե օրինական»,- ասում է նա:

Իսկ եթե այդ գործիքը կիրառվի նաև ԲՀԿ մի շարք պատգամավորների նկատմա՞մբ՝ սկսած Գագիկ Ծառուկյանից. «Գագիկ Ծառուկյանը գործարար է և ոչ պետական պաշտոնյա: Մինչև պատգամավոր դառնալն էլ նա երկար տարիներ գործարարությամբ է զբաղվել: Խոսքը հիմնականում պետական պաշտոնյաների կուտակած մեծ հարստության մասին է»,- բացատրեց Սերգեյ Բագրատյանը: Իսկ ընդհանուր առմամբ, նրա խոսքով՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված հարստությունը պետք է ազգայնացվի՝ անկախ այն բանից, թե դրա տերը որ խմբակցությունից է: ԲՀԿ-ում, ի դեպ, մի քանի նախկին պաշտոնյա կա՝ նախկին նախարարներ Վարդան Վարդանյանը, Արթուր Գրիգորյանը, Գևորգ Պետրոսյանը, նույն ինքը՝ Սերգեյ Բագրատյանը(Վայոց Ձորի նախկին մարզպետ),Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու այլոք։