ԱԺ մեծամասնությունը ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսում

սեպտեմբերի 16, 2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը սեպտեմբերի 16-ի նիստից հետո որոշել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: Նիստից հետո այս մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Խմբակցության նիստին նախորդել էր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որով նա անդրադարձել էր Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և նշել, որ խորհրդարանը պետք է դիրքորոշում հայտնի ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Արտահերթ ելույթում Միրզոյանը խոսեց ՀՀ 2-րդ նախագահ, մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ի կայացրած որոշման մասին և նկատել, որ դրա անաչառությունը կասկածի տեղիք է տալիս։

«Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և սեպտեմբերի 4-ի որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձել և առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմողը ունեցած առերևույթ կողմնակալության հիմքով ՍԴ 3 անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը», -նշեց ԱԺ խոսնակը։

Խոսքը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ավելի վաղ ներկայացրած միջնորդության մասին էր, որով նա բարձրացրել էր Քոչարյանի դիմումի քննությանը ՍԴ անդամներից 3-ի՝ Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության հարցը՝ նրանց կողմնակալության հիմքով:

Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներին: Դրանցից մեկում՝ Ֆելիքս Թոխյանի ներկայացրածում ուղղակիորեն մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում և որ որոշումը կարող էր այլ լինել, եթե չլիներ այդ շտապողականությունը։ 

Քոչարյանի դիմումի առնչությամբ կայացված որոշման վերաբերյալ հատուկ կարծիք հայտնել էին ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանը։ Ֆելիքս Թոխյանն էր խոսել շտապողականության մասին՝ նշելով. «Սույն գործով ենթադրյալ օրենսդրական բաց գոյություն չուներ։ Խնդրի լուծումը ամբողջովին օրենսդիր մարմնի տիրույթում է։ Հիմնավոր չէ այն մոտեցումը, երբ միայն օրենքի դրույթները մեկնաբանելով՝ դրանք ճանաչում են Սահմանադրությանը հակասող և անվավեր, այն էլ օրենքի բացով պայմանավորված։ Համոզված եմ, որ սույն գործով բարձր դատարանը կգար այլ եզրահանգման, եթե չցուցաբերեր որոշակի շտապողականություն այս բարդ ու հանրային հնչեղություն ունեցող խնդրի հետ կապված»։

Ինչ վերաբերում է Քոչարյանին առնչվող Սահմանադրական դատարանի որոշման բովանդակությանը, Միրզոյանը պնդեց, որ «Սահմանադրական դատարանն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումից»։

ԱԺ նախագահը խոսեց նաև Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելու գործընթացի մասին՝ կասկած հայտնելով երկու մարմիններին այդ դիմումների ներկայացման ընթացակարգի վերաբերյալ ։

«ՍԴ-ն առ այսօր այդ գործերով պատասխանող ճանաչված ԱԺ-ին չի տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղղված դիմումների հայերեն տեքստը», -ասաց Միրզոյանը։

ԱԺ խոսնակն անդրադարձավ նաև ՍԴ ինքնավարության ու քաղաքական ազդեցության վերաբերյալ հանրության շրջանում առկա մտահոգություններին.«2018-ի ապրիլին ուժի մեջ մտած սահմանադրական կարգավորումներով ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել, մինչդեռ այդ կարգավորումների՝ ուժի մեջ մտնելուց օրեր առաջ 2018-ի մարտի 23-ին ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտոնում ընտրվելը ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության ՀՀԿ անդամ, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաև այդ փաստի բերումով այս պաշտոնում Հրայր Թովմասյանի՝ մինչև 2035 թվականը պաշտոնավարումը, ըստ էության, ՍԴ դատավորներին դատարանի նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել է։ Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական մեծամասնության կողմից կամայականություն իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու, ինչպես նաև ոտնձգություն ՍԴ-ի ինքնավարության դեմ»։

Ընդդիմադիր ուժերը չեն պատկերացնում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում լավ չեն պատկերացնում, թե ինչ պետք է անի Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու հարցում։

«Սահմանադրական դատարանը անկախ մարմին է, և Ազգային ժողովը իրավական լծակ չունի կանխորոշելու Սահմանադրական դատարանի որոշումները, առավել ևս դրանց հրապարակումից հետո վիճարկելու ուղղությամբ քայլեր անելու», -Parliamentmonitoring.am-ին ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովը թեև ընտրում է ՍԴ դատավորներին, բայց որևէ լծակ չունի ազդելու այդ կառույցի գործունեության վրա։

«Եթե որևէ երկրում Ազգային ժողովը պարտադրում է Սահմանադրական դատարանի նախագահին կամ անդամին հրաժարական տալ, ապա դա կնշանակի, որ դատական համակարգ գոյություն չունի։ Ինչպե՞ս կարող է նման բան ասել կամ մտածել։ Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական իշխանություն է իրականացնում դատական իշխանության նկատմամբ, դա իրենց իրավասությունն է, բայց Ազգային ժողովը որևէ պահանջ չի կարող ներկայացնել։ Այդպես մենք կգնդակահարենք դատական համակարգի անկախության ինստիտուտը», -հավելեց Գևորգ Պետրոսյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում ևս չեն պատկերացնում՝ ինչպես կարող Ազգային ժողովը լուծել Սահմանադրական դատարանի հարցը։ «Մինչև այս պահը մենք չենք տեսել որևէ հարց, որը կարող է լուծել Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի հետ կապված։ Եթե տեսնեինք, ինքներս կնախաձեռնեինք», -Parliamentmonitoring-ին ասաց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ ԱԺ նախագահը նման հայտարարություն է արել, որպեսզի դրան հաջորդի ինչ-որ նախաձեռնություն։ «Եթե իշխանությունը որևէ նախաձեռնություն ունի դրա հետ կապված, և այդ հայտարարությունն արվեց, որպեսզի նախաձեռնություն լինի, սպասենք, տեսնենք՝ ինչ նախաձեռնություն է։ Կլինի, մենք էլ մեր դիրքորոշումը կարտահայտենք», -ասաց Մարուքյանը։

ԱԺ նախագահի հայտարարությանը ասուլիսում արձագանքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ողջունել այն։

«Շատ իրավաբաններ կան, որոնք պնդում էին այս ընթացքում էլ, որ Սահմանադրական դատարանը կայացրել է ապօրինի որոշում։ Ես զգուշավորությամբ էի վերաբերում այդ հայտարարություններին։ Բայց Սահմանադրական դատարանի երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումը ակնհայտ է դարձնում, որ Սահմանադրական դատարանը կայացրել է ապօրինի որոշում։ Ինչո՞ւ է ՍԴ-ն կայացրել ապօրինի որոշում, գիտեք՝ ինչու, գիտեք՝ ով է ՍԴ նախագահը, ինչպես է դարձել ՍԴ նախագահ, ում միջոցով և ում համար է դարձել ՍԴ նախագահ։ Ես ձեզ ասեմ, որ ՍԴ որոշումն ընդունած դատավորներից առնվազն երկուսը մարտի 1-ի հետ ուղիղ կապ ունեն և անհասկանալի է, թե ինչու ինքնաբացարկ չեն հայտնել և մասնակցել են մարտի 1-ի գործով քննությանը։ Կարծում եմ՝ ԱԺ նախագահը նկատի է ունեցել, որ այս իրավիճակը պետք է քննարկվի՝ արդյոք իրավական ընթացակարգեր կան...», -հայտարարեց Փաշինյանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մինչև խմբակցության նիստը նշել էր, որ մի քանի տարբերակներ են դիտարկում, բայց թե դրանցից որը կընտրեն, կորոշվի խմբակցության նիստի ընթացքում: Վստահեցրել էր, որ խորհրդարանական մեծամասնության քայլերը լինելու են իրավական դաշտում:

«Մենք բազմիցս ասել ենք, որ հավատարիմ ենք բացառապես իրավական ճանապարհով առաջնորդվելու գործընթացին և շարժվելու ենք բացառապես օրենսդիրի լիազորությունների տիրույթում գոյություն ունեցող գործիքակազմով։ Այնպես որ, ոչ իրավական ճանապարհը մեզ համար ընդունելի», - լրագրողներին ասել էր խորհրդարանական մեծամասնության ղեկավարը։

Ավելի ուշ՝ խմբակցության նիստից հետո, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փոխանցեց քննարկման արդյունքները. «ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման հիմքերից մեկը էական կարգապահական խախտումն է, և ԱԺ խմբակցությունը կարող է նախաձեռնել այս գործընթացը՝ դիմելով ԱԺ-ին համապատասխան որոշման նախագծով։ Այնուհետև ԱԺ-ն քննում է այս հարցը, գաղտնի քվեարկությամբ, ձայների 3/5-ով որոշում է կայացնում դիմել Սահմանադրական դատարան։ Վերջնական որոշումը կայացնում է ՍԴ-ն»: