Նախագծերս մերժում են, որովհետև քննադատում եմ. Գ. Պետրոսյան

սեպտեմբերի 15, 2019

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ

-ԱԺ աշնանային նստաշրջանի հենց առաջին նիստում խորհրդարանական մեծամասնությունը մերժեց ընդդիմության, այդ թվում՝ Ձեր հեղինակած նախագծերըերը, և դրանք օրակարգ չընդգրկվեցին: Ինչպե՞ս եք գնահատում այս վիճակը։

-Ես չեմ ուզում իմ անձի հետ կապված խնդիրը բարձրացնել խմբակցության մակարդակին, որովհետև այնպես չէ, որ մեր խմբակցության որևէ պատգամավորի որևէ նախագիծ չի ընդունվել։ Բայց այն, որ իմ հեղինակած նախագծերից ոչ մեկ չի ընդունվում, ուզում-չուզեմ՝ դրանում միտում եմ տեսնում։ Ես, բացարձակ իրավունք չունենալով որևէ մեկի աշխատանքը նսեմացնելու կամ ստվերելու, պիտի ասեմ, որ ես չեմ ներկայացնում այնպիսի նախագիծ, որի հիմնական առաքելությունը ինչ-որ նախադասության մեջ և շաղկապը կամ-ով փոխարինելն է, ստորակետը՝ կետով, միջակետը՝ բութով։ Ես ներկայացնում եմ գլոբալ նախագծեր, որոնք հետաքրքրում են ժողովրդի մեծամասնությանը, կապված են ազգային անվտանգության, սերնդի բարոյական դաստիարակության խնդիրների հետ։ Եվ այդ նախագծերը մերժել՝ պոզ ու պոչ կպցնելով, ոչ հիմնավոր պատճառներով, կարծում եմ կապված է իմ անձի հետ, քանի որ ես խմբակցության այն պատգամավորներից եմ, որը քննադատում է կառավարությանը, նախարարներին, նրանց ծրագրերը։ Ես հիմքեր ունեմ եզրակացնելու, որ դա իմ դեմ է ուղղակի։ Ես իմ նախագծերով մեծ խնդիր եմ բարձրացնում։ Լավ, ասենք՝ մի նախագիծը խելամիտ չէ, երկրորդը, բայց ամբողջը մերժե՞լ, մի՞թե իմ ներկայացրած ոչ մի նախագիծ արժանի չէ, որ կյանքի կոչվի։ Ինձ, սակայն, դա չի ընկճում, որովհետև ես նախագիծ չեմ ներկայացնում կառավարության ղեկավարին հաճոյանալու համար։ Ես նախագծեր ներկայացնում եմ ժողովրդի հետ շփվելով, նրանց խնդիրները լսելով ու այդ խնդիրները լուծելու նպատակով։ Անկախ նրանից, թե ինչքան կմերժվեն իմ նախագծերը, դրանից ոչ իմ եռանդն է նահանջելու, ոչ էլ էնտուզիազմը։

-Ես ճի՞շտ հասկացա. Ձեր հեղինակած նախագծերը մերժվում են, քանի որ քննադատում եք կառավարությանը։

-Այո, ես հիմքեր ունեմ նման պնդում անելու։

-Իսկ ինչո՞ւ եք քննադատում կառավարությանը, վարչապետը պարբերաբար վիճակագրական տվյալներ է հրապարակում, որոնք համարում է գոհացնող։ Օրինակ՝ հայտարարում է, թե պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն աննախադեպ աճել է, գործազրկությունը նվազել է, աշխատավարձերն էլ բարձրանում են։

-Ես երբեք կառավարության առանձին ներկայացուցչի կամ ոլորտ ինքնանպատակ չեմ քննադատում։ Եթե կյանքը լինի անհոգ, իսկ կառավարությունն էլ իրականացնի իր ծրագրերը, ինչո՞ւ պետք է քննադատեմ։ Կառավարությունը լիարժեք չի գործում, շատ խնդիրներ մնում են չլուծված, պետք է ա՞չք փակել սրա վրա։ Հայաստանի որ ծայրամասում ասես՝ դժգոհության ալիք կա, մայրաքաղաքում օրական հարյուր հոգի հավաքվում է միայն կառավարության, Ազգային ժողովի մոտ։ Հասարակության բոլոր շերտերը դժգոհ են այս կյանքից։ Հետո ի՞նչ, որ վիճակագրական ծառայությունը վարչապետին նման թվեր է ներկայացրել, թե իբր 50 հազարից ավելի աշխատատեղ է ստեղծվել։ Էդպիսի բան չկա։ Պարզապես չձևակերպված աշխատողները գրանցվել են, բայց դա չի նշանակում աշխատատեղ ստեղծել։ Կներեք, ամեն ինչ փակվում է՝ գիշերօթիկ, դպրոց, պետական հիմնարկներ են օպտիմալացվում, դասախոսների ժամեր են կրճատել։ Ես չգիտեմ՝ այդ տվյալներն ով է տրամադրում։ Ինձ համար վիճակագրությունը կյանքի իրական պատկերն է։ Այն, ինչ հնարավոր էր անել այս կարճ ժամանակահատվածում, չի արվել և վերջ։ Ես կառավարության որևէ անդամի, այդ թվում՝ Փաշինյանի դեմ որևէ անձնական բան չունեմ, հարգանքով եմ վերաբերում իրեն, բայց նաև իրավունք չունեմ լռել, եթե կառավարությունը չի կատարում կամ գոնե թերակատարում է իր ծրագիրը։

-Հանրային դժգոհության ալիք է բարձրացել նաև Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման դեմ։ Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է հանդարտեցնել այդ կրքերը։

-Եթե ժողովուրդը կարծում է, որ Ամուլսարի շահագործումը վտանգավոր է ինչպե՞ս կարող է հանգիստ նստել։ Իշխանական թևից արդեն սպառնալիքի տոնով հնչում են զգուշացումներ, որ եթե ժողովուրդը չհանդարտվի, չի բացառվում, որ ոստիկանական ուժ կիրառվի։ Այսինքն՝ ի՞նչ։ Հեղափոխությունից առաջ էլ էին նախկինները խաղաղ ցույցերի, հավաքների մասնակիցներին բռնաճնշում։ Եթե հիմա էլ պետք է նույնը լինի, ուրեմն, ի՞նչն է փոխվել նոր Հայաստանում։ Ազգային ժողովի մոտ Ամուլսարի խնդրով ակցիա արեցին, դարպասները փակվեցին։ Այդ դարպասները դարձել են թատրոնի վարագույր՝ ամեն արարից հետո բացվում, փակվում են։ Կամ բացեք, կամ փակեք։ Դուք ասում եք՝ այս դարպասները ժողովրդինն են, հենց ժողովուրդը գալիս է, փակում եք։ Ասում են՝ փողոցները ժողովրդինն են, լավ է անում, փակում է, կառավարության դռները ժողովրդինն է, լավ է անում, փակում է, բա Ամուլսարի հարցը ո՞վ պետք է լուծի, եթե ոչ ժողովուրդը։

-Մեծամասնության պատգամավորն ասել էր՝ «անգրագետ Պողոսը» պե՞տք է լուծի հարցը՝ նշելով, որ հանրաքվեն այդ հարցի համար լավագույն լուծումը չէ։

-Անգրագետ պողոսները այս Ազգային ժողովի «շատ գրագետ» պատգամավորներից ավելի պատրաստված են։ Ես անուններ չեմ տա, բայց ամեն մարդ գիտի՝ ինքն այդ բնորոշման մեջ տեղ ունի՞ թե ոչ։ Մարդկանց անգրագետ անվանելն անթույլատրելի է, որովհետև այդպես անվանողը պետք է հիշի, որ ինքն այդ գեղեցիկ աթոռին հայտնվել է «անգրագետ պողոսների» քվեարկության արդյունքում։ Մի շատ լավ ճշմարտություն կա՝ ով մոռանում է իր անցյալը, դատապարտված է վերապրելու այն։

-Մեկնաբանեք նաև «Լուսավոր Հայաստանից» հեռացած Արման Բաբաջանյանի հայտարարությունը, թե սա այն ընդդիմությունը չէ, որն անհրաժեշտ է նոր Հայաստանին։

-Ես Արման Բաբաջանյանին առանձնապես քննադատելու մեծ ցանկություն չունեմ, որովհետև նրա ասածի մեջ առանձնապես լրջություն չեմ տեսնում։ Իր դիտարկմանը հարցով եմ պատասխանում՝ հարգելի Բաբաջանյան, իսկ քանի՞ նախագիծ եք ներկայացրել՝ որպես ընդդիմադիր խմբակցության պատգամավոր։ Այսինքն՝ ինքն իրենից կախված ի՞նչ է արել, որ իր անձնական ջանքերը ուղղակի թաղվել են ընդդիմության անգործության արդյունքում։ Կոչ կանեմ, որ սահմանափակվի իրենց խմբակցության շրջանակներում և ոչ թե հայտարարություն անի ամբողջ ընդդիմադիր խմբակցության վերաբերյալ։ Ի վերջո, ամենաշատ նախագծերը, եթե վերցնում ենք պատգամավորների թվի հարաբերակցությամբ, ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Արման Բաբաջանյանը, որպես ընդդիմադիր պատգամավոր, առնվազն ոչինչ չի արել, և ինձ զարմանալի է, որ ինքը որպես գրագետ մարդ, մի քանի ամիս Ազգային ժողովում նստելուց հետո է իմանում, որ ընդդիմությունը ամուլ վիճակում է։ Եթե ինքը այդ համոզմունքն ուներ, ժամանակին պետք է հրաժարվեր։ Իսկ որպես անկախ պատգամավոր՝ կարողանալու է ավելին անել, քան ընդդիմադիր երկու խմբակցությունները միասի՞ն։ Կարծում եմ՝ իր այդ արտահայտությունը սեփական խմբակցությունում գզվռտոցի հետևանք է, որը նա փորձել է տարածել նաև մեզ վրա։ Նրա գնահատականները մեզ չեն հետաքրքրում։