Հրաժարականներ՝ օրենսդրական կոմպրոմիսի ֆոնին

սեպտեմբերի 18, 2019

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականները «Լուսավոր Հայաստան»-ի՝ օրերս առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի շուրջ նոր քննարկումների առիթ են դարձել: Որոշ շրջանակների պնդմամբ՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունը ընդունվել է «Լուսավոր Հայաստան»-Նիկոլ Փաշինյան գործարքի արդյունքում։

Այս նախագծով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Ազգային ժողովի վերջին նիստում «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը, որը օրինագծի հեղինակներից էր, օրինագիծը ներկայացնելիս ասել էր՝ խորհրդարանական երկրների կառավարման համակարգի տրամաբանությունից է բխում, որ ազգային անվտանգության և ոստիկանական մարմինների ղեկավարների առջև դրվող պահանջները պետք է հավասարեցված լինեն պատգամավորների առջև դրված չափանիշներին:

Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Գործող օրենսդրությամբ ազգային անվտանգության ծառայության տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Ոստիկանապետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ պետության ղեկավարը կաշկանդված է այս կառույցների ղեկավարների պաշտոնում նշանակել համակարգում ծառայություն անցած անձանց, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է: «Հաշվի առնելով անցումային և հետհեղափոխական հասարակությունների առանձնահատկությունները, երբ հասարակարգը և քաղաքական միջավայրը ինչ-որ առումներով փոփոխություններ են կրում, նոր ձևավորված քաղաքական իշխանությունը հնարավորություն չի ունենում իր վստահությունը վայելող անձանց նշանակել այդ կարևորագույն պաշտոններում: Մենք առաջարկում ենք քաղաքական իշխանությանը ազատել այս կաշկանդվածությունից»,- նախագիծը ներկայացնելիս ասել էր Տարոն Սիմոնյանը:

Նման օրինագիծը, այդուհանդերձ, «Լուսավոր Հայաստանի» համար սկզբունքային նշանակություն ունի, քանի որ հենց այս խմբակցությունն էր երկար ժամանակ պահանջում, որ ուժային կառույցների ղեկավարների պաշտոններում նշանակվեն քաղաքական դեմքեր։

Այս օրինագծի ընդունմանն արձագանքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայտարարել, որ օրինագծի ընդունումը կոմպրոմիսի արդյունք էր։

«
Մեզ շատ են քննադատում, որ չենք լսում ընդդիմադիրներին։ Դուք գիտեք, որ Ազգային ժողովում երկար ժամանակ այս թեմայով «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ կար մեծ բանավեճ, որի արդյունքում մենք եկանք այսպիսի լուծման, որը մեր կարծիքով կոմպրոմիս է, որը հարիր է ժողովրդավարական երկրին», -ասել է Փաշինյանը։

Պատահական մարդիկ՝ ԱԱԾ-ում և ոստիկանությունում

Օրինագծի ընդդիմախոսների պնդմամբ՝ ԱԱԾ-ում և ոստիկանությունում կարող են պատահական մարդիկ հայտնվել, քանի որ այս օրինագծով այդ կառույցների ղեկավարների պաշտոնների համար հստակ պահանջներ չեն առաջադրվում։

«Իմ քայլը» օրինագծին կողմ էր քվեարկել՝ պայմանով, որ մինչև երկրորդ ընթերցում «Լուսավոր Հայաստանը» աշխատի և վերացնի թերություները, որոնք կվտանգեն ԱԱԾ և ոստիկանական համակարգերը։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը parliamentmonitoring.am-ին ասաց, որ չի կարելի թույլ տալ, որ 90-ականների արատավոր թերությունները վերադառնան համակարգ, երբ պատահական մարդիկ էին հայտնվում ուժային մարմիններում։ Վարդանյանի պնդմամբ՝ համակարգում պետք է նշանակվեն պրոֆեսիոնալները։ Նրա խոսքով՝ «Փորձ է կատարվում ստանալ լուծում, որտեղ միահյուսված են լինելու պրոֆեսիոնալիզմը, քաղաքական թիմի մաս կազմելը, վստահությունը և քաղաքական հաշվետվողականությունը»։

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար անընդունելի են տեսակետները, թե ով ուզի, կարող է դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ։

«Այդ պաշտոններում կարող է նշանակվել պատգամավորին առաջադրվող չափանիշներին համապատասխանող անձը։ Հայաստանում այսօր ամենագլխավոր պաշտոնը ՀՀ վարչապետի պաշտոնն է։ ՀՀ վարչապետին նույնպես առաջադրվում են նույն չափորոշիչները, ինչ պատգամավորին։ Այդ ո՞նց է, որ մինչև այժմ չեք գրել՝ ով ուզի կարող է դառնալ ՀՀ վարչապետ։ Այս օրինագծի հետ կապված ակնհայտ հակաքարոզչություն կա», -հայտարարում է Էդմոն Մարուքյանը։

Նա հստակեցնում է, որ գործադիր իշխանության ղեկավարը չպետք է պարտադրված լինի ուժային կառույցների ներկայացուցիչներին ղեկավար պաշտոնին նշանակելու հարցում, և պնդում է, որ իրենց առաջարկած նախագիծն այլընտրանք չունի։

Ընդդիմադիր պատգամավորը հորդորում է դավադրություններ չփնտրել օրինագծի ընդունման ու դրան հաջորդած հրաժարականների հարցում, քանի որ օրինագիծը խորհրդարան ներկայացվել է հունիսին ու հասել մինչև ԱԺ լիագումար նիստ։

«Հունիս ամսին մենք ի՞նչ իմանայինք, որ Վանեցյանը հրաժարական է տալու օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունելու օրը»,-ասում է խմբակցության ղեկավարը։