Հայաստանում տնտեսական վիճակը լավ է, շատ լավ. Հ. Գևորգյան

սեպտեմբերի 19, 2019

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանի հետ

-ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարներ Արթուր Վանեցյանը և Վալերի Օսիպյանն ազատվեցին պաշտոններից, ու սա դիտարկվում է որպես պառակտում ու ճգնաժամ իշխանության ներսում: Դուք զգո՞ւմ եք ճգնաժամ իշխանության ներսում:    
-Այդ բառերը ծայրահեղ իրավիճակներ են բնութագրում, նման բան չկա: Գործադիր մարմինը կարծում է, որ այդ պաշտոնյաներն արդյունավետ չեն աշխատել և պետք է ազատվեն, ու փոխարենն ավելի արդյունավետ աշխատող մարդիկ գան: Դա ընդամենը քաղաքական որոշում էր:

-Կա տեսակետ, թե ԱԱԾ-ն հեղափոխությունից հետո զբաղված էր իրեն ոչ բնորոշ աշխատանքով` տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ, իսկ նախկինների հետ հարաբերությունները կաշկանդում էին Արթուր Վանեցյանին բացահայտել նրանց վերագրվող հանցագործությունները: Կ՞ար նման խնդիր:

-Ես, որպես քաղաքացի, տեսնում եմ, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները դանդաղում են: Մտածում էի, որ այդ բացահայտումների էջը պետք է շատ արագ փակենք ու անցնենք առաջ: Հանրության ընկալմամբ՝ խոշոր կոռուպցիոներներն այսօր խնդիրներ չեն զգում: Եվ այստեղ ես իրավապահների աշխատանքի նկատմամբ որոշ վերապահումներ ունեմ: Բայց դա ԱԱԾ-ի՞, թե այլ կառույցի խնդիրն է, քննարկելու հարց է: ԱԱԾ-ի գործառույթների մեջ մտնում են այդպիսի հարցերը, բայց ԱԱԾ-ն այն կառույցն է, որի գործունեությունն այնքան էլ հանրայնացման ենթակա չէ: Կարծում եմ՝ առաջիկայում ավելի պարզ կդառնա, թե որն էր այդ հեռացումների պատճառը:

-Մամուլը գրեց, թե Արթուր Վանեցյանի ընտանիքին պատկանող բեռնատարները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հումքն են տեղափոխում երկաթուղային կայարան, ու ԱԱԾ արդեն նախկին պետը այլ հետաքրքրություններ ևս ունի այդ ընկերության նկատմամբ, ու սա նրա ազատման պատճառներից մեկն էր:

-Տեղյակ չեմ:

-Ճի՞շտ են տեղեկությունները, թե Արթուր Վանեցյանն ու Վալերի Օսիպյանը չեն համաձայնել Նիկոլ Փաշինյանի հետ, թե Ամուլսար տանող ճանապարհից պայքարողներին պետք է ուժով հեռացնել:

-Չեմ կարծում, թե նման իրավիճակ կա: Կառավարությունը ձգտում է հարցը լուծել խաղաղ ճանապարհով և հանգիստ պայմաններում: Լիահույս եմ, որ ի վերջո Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները, ունենալով ամբողջ տեղեկությունը և վերլուծելով, թե դա ինչի առաջ կարող է կանգնեցնել մեր երկիրը, որոշ լուծումներ կգտնեն:

-Չկա՞ մտավախություն, որ Արթուր Վանեցյանը կարող է մտնել քաղաքականություն և ընդդիմադիր լինել ձեր իշխանությանը: Հատկապես որ ամիսներ առաջ հրապարակվեց, թե նա ցանկանում է վարչապետ դառնալ:

-ՀՀ Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, եթե նա, օրինակ, ԱԱԾ-ում պաշտոն չի զբաղեցնում: Յուրաքանչյուր զինվոր պիտի ձգտի դառնալ գեներալ:

-Իսկ Վալերի Օսիպյանից ի՞նչ դժգոհություն կար:

-Հանրային ընկալումների տեսանկյունից Ոստիկանության գործունեության մեջ ակնհայտ ապօրինությունները կանխելու և արագ արձագանքելու առումով որոշակի կաշկանդվածություն կա: Բուն պատճառների մասին նորից գործադիրը պետք է ասի:

-Իր հրաժարականի տեքստում Վանեցյանը գրել էր, թե «պետականաշինության տրամաբանության շրջանակներում որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում»։ Տեսնո՞ւմ եք այսպիսի գործելաո՞ճ վարչապետի գործողություններում:

-Տարիներ շարունակ որոշ «գիտահետազոտական» կենտրոններից տարածվում են լուրեր, թե Նիկոլ Փաշինյանը հախուռն որոշումներ է կայացնում, բայց նրա գոնե 1,5 տարվա աշխատանքում չեք գտնի նման գեթ մեկ որոշում: Անգամ կարելի է ասել, որ որոշումները չափից ավելի շատ են քննարկվում: Նման լուրերը տարածվում են վարչապետի որոշումների նկատմամբ անվստահություն առաջացնելու համար: Ես 20 տարի նրա հետ աշխատել եմ նույն խմբագրությունում և չեմ տեսել հախուռն որոշումների դրսևորումներ:

-Կա նաև հակառակ տեսակետը, թե իշխանությունները մտածված դանդաղում են բացահայտել կոռուպցիոն հանցագործություններն ու բարափոխումներ իրականացնել: Նման քաղաքական որոշում կա՞:

-Դուք հավատո՞ւմ եք դրան: Չկա նման քաղաքական որոշում: Ավելին, կարծում եմ՝ ազատման որոշումների հիմքում նույնիսկ դանդաղկոտություն կա: Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունները պետք է որոշ գերատեսչություններ իրականացնեն, և ոչ թե` վարչապետը: Եվ եթե դրանք դանդաղ են ընթանում, խնդիրն իրավապահ մարմիններին է: Դանդաղելու պատճառներից մեկն էլ այն է, որ իրավապահ մարմինները այսօր մի քանի անգամ ավելի ծանրաբեռնված են աշխատում:

-Թվում էր՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նախկին պաշտոնյաներից մեկը Երևանի կենտրոնում ունի 250 անշարժ գույք, պետք է հետևեին աղմկոտ բացահատումներ: Մամուլը գրեց, թե դրանք պատկանում են նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ու աղմուկը մարեց: Ինչո՞ւ այս ուղղությամբ բացահայտումներ չեղան:

-Կան օրենսդրական բացեր, նաև աշխատանքի դանդաղում: Այդ ամենը շտկելու խնդիր ունենք, ինչը կառավարությունը փորձում է անել:

- «Իմ քայլը» խմբակցությունն ինչո՞ւ որոշեց կողմ քվեարկել ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնները քաղաքականացնելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին:

-Դա համընկնում էր մեր պատկերացման հետ, որ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է քաղաքական պատասխանատվություն կրի:

-«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց, բայց ԱԺ այդ որոշումը կարող է չընդունվել նույն ՍԴ անդամների կողմից: Ո՞րն է լինելու հաջորդ քայլը:

-Համապատասխան հանձնաժողովն այդ ամբողջ խնդիրը քննում է և բոլոր քայլերի պատասխանն ունի: Մեր հանձնաժողովը տնտեսական խնդիրներով է զբաղվում, և փառք Աստծո, Հայաստանում տնտեսական վիճակը լավ է, շատ լավ է: Տարօրինակ է, որ մամուլը դա չի նկատում: Ե՞րբ է եղել, որ ՀՀ բյուջեն ունենա ահռելի պրոֆիցիտ այն դեպքում, երբ ծախսերը աճել են 7 տոկոսով:

-Ձեզ էլ քննադատում են, որ եթե այդ գումարը չխնայվեր ու ծախսվեր, կնպասատեր տնտեսության զարգացմանը. հայտնի է, որ հատկապես կապիտալ ծախսերի պարագայում թերակատարում է եղել:

-Նախ պետք է հաշվարկել` ծրագիրն անել ա՞յս, թե՞ հաջորդ տարի: Պետք է դիտարկել կոռուպցիոն ռիսկերը, գնումների համակարգը: Դրա համար ծախսերը պետք է շատ մանրամասն քննարկվեն: 350 կմ ասֆալտապատում, որը կապիտալ ներդրում է, երբեք Հայաստանում չի եղել: Ընդ որում, նախկինի համեմատ այդ ասֆալտի որակը շատ բարձր է, գինը` շատ ցածր: