Հրայր Թովմասյանը՝ ԱԺ-ի ու ՍԴ-ի արանքում

սեպտեմբերի 20, 2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծ:

Փաստաթուղթը բաղկացած է 94 էջից: Հեղինակները, հղում անելով ՀՀ օրենսդրությանը և միջազգային դատարանների նախադեպերին, ներկայացրել են ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերը: Հիմքերից մեկը վերաբերում է ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանը Հրայր Թովմասյանի մասնակցելու անհնարինությանը, քանի որ վերջինս քավոր-սանիկային հարաբերություններ ունի նախկին նախագահի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանի հետ: Հրայր Թովմասյանի անաչառությունը կասկածի տակ է դրվում նաև հիմքով, թե նա եղել է ՀՀԿ անդամ: Ըստ նախագծի՝ անաչառության կասկածի հիմք է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերի համընկնումը Մարտի 1-ի քրեական գործի որոշակի կոնկրետ ելքով:

Հաջորդ հիմքը, ըստ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած փաստաթղթի, վերաբերում է այն հանգամանքին, որ մինչև Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը ՍԴ-ն պետք է անդրադառնար երեք դատավորների բացարկին վերաբերող միջնորդությանը, ինչը չի արել: Այդ միջնորդությունը ներկայացրել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ բարձր դատարանին խնդրելով քննել Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթին Հրայր Թովմասյանի հետ միասին ՍԴ ևս երկու անդամների` Արևիկ Պետրոսյանի ու Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության հարցը: Այդ միջնորդությամբ Վահե Գրիգորյանը տարբեր հիմնավորումներ ներկայացնելով` կասկածելի էր համարել այս երեք դատավորների ու ՍԴ նախագահի անաչառությունը նախկին նախագահի գործով որոշում ընդունելու հարցում: Երրորդ հիմքը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ՝ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքն է, որի համաձայն «ՍԴ-ն այլ որոշում կկայացներ, եթե շտապողականություն չցուցաբերեր»:

«Իմ քայլի» այս նախագիծը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալուց հետո պետք է քննարկվի ԱԺ հերթական նիստում: Հաջորդ հերթական նիստը սկսվում է հոկտեմբերի 1-ին: Խորհրդարանում ընդունվելու համար անհրաժեշտ է 80 ձայն, ինչը միայնակ կարող է ապահովել «Իմ քայլը» խմբակցությունը: Բայց եթե ԱԺ-ն որոշի, որ Հրայր Թովմասյանը պետք է զրկվի ՍԴ նախագահի լիազորություններից, միևնույնն է, հարցի վերջնական որոշումը պետք է տա նույն ՍԴ-ն առնվազն 6 դատավորի կողմ կամ դեմ քվեարկությամբ:

Քավոր-սանիկ լինելը լուրջ հիմք չէ

Արդյո՞ք բարձր դատարանն իր այս կազմով կհաստատի ԱԺ մեծամասնության ցանկությունը և Հրայր Թովմասյանին կզրկի ՍԴ նախագահի լիազորություններից: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը parliamentmonitoring.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, թե ՍԴ-ն այնպիսի որոշում կկայացնի, որ «մենք զերծ կմնանք ցանկացած տիպի սահմանադրական ճգնաժամից»: Այնուամենայնիվ, եթե ՍԴ-ն մերժեց ԱԺ որոշումը, ինչը հավանական է, ո՞րն է լինելու իշխանության հաջորդ քայլը: «ԱԺ տիրույթից դուրս է լինելու այդ հարցի հետ կապված որևէ գործընթաց, ՍԴ-ն անկախ մարմին է, և իր լիազորությունների տիրույթում է որոշում կայացնելը: Այդ որոշումը պիտի կայացվի ներկայացված հիմքերն ուսումնասիրելուց հետո, և այն պետք է լինի հիմնավոր: Մենք ուզում ենք, որ ՍԴ-ն հնարավորինս զերծ մնա քաղաքական քննարկումներից և քաղաքական գործընթացներին միջամտելուց»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Խորհրդարանական մյուս խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» դեռ չեն հասցրել ծանոթանալ «Իմ քայլի» ներկայացրած նախագծին: Parliamentmonitoring.am-ին չհաջողվեց ԲՀԿ-ից տեղեկանալ, թե ինչպես են քվեարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծին:

ԼՀ-ն էլ դեռ որոշում չունի: ԼՀ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը պարզապես նկատեց, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերից Արամ Օրբելյանի հետ բարեկամական կապ ունենալու հանգամանքին` ասաց, թե իրավաբանական տեսանկյունից այն լուրջ չէ, քանի որ փաստաբանների ու դատավորների համայնքում փոխկապվածությունները շատ են: Իրավաբան պատգամավորի ներկայացմամբ՝ ՄԻԵԴ-ը տարբեր առիթներով նշել է, որ փոխկապվածությունը ինքնաբացարկի համար բավարար հիմք չէ: «Այդ կապը ազդե՞լ է գործի ելքի վրա, թե՞ ոչ. սա է կարևորը»,- ասում է ԼՀ պատգամավորը:

Նա անդրադարձավ նաև ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցնելու մյուս հիմքերին: «Ես դեմ եմ, որ հատուկ կարծիքները շահարկվեն, քանի որ դա բոլորովին այլ ինստիտուտ է, և լավ է, որ կա: Հատուկ կարծիքը իրավական մշակույթի հարստացման գործիք է, և ոչ մի դեպքում չպետք է սարքել քաղաքական գործիք: Եթե մենք փորձենք հատուկ կարծիքն օգտագործել քաղաքական նպատակներով, դա ամբողջ ինստիտուցիոնալ բազան կքանդի: Եկեք իրավաբանությունը քաղաքականությունից հեռու պահենք, մաքուր պահենք»,- ասաց նա: Միչդեռ երեք դատավորներին բացարկ հայտնելու դիմումը, որը ներկայացրել էր Վահե Գրիգորյանը, ՍԴ-ն պետք է անուշադրության չմատներ,-նշեց Տարոն Սիմոնյանը: