4 հիմք, որոնցով «Իմ քայլը» ցանկանում է պաշտոնանկ անել Հրայր Թովմասյանին

սեպտեմբերի 24, 2019

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին դրական եզրակացություն տվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագծին։ 74 էջանոց փաստաթուղթը հոկտեմբերի 1-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում. հավանություն ստանալուց հետո այն կուղարկվի Սահմանադրական դատարան, որտեղ էլ կկայացվի վերջնական որոշումը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ է ԱԺ որոշման նախագծին, «Բարգավաճ Հայաստանն» առայժմ չի կողմնորոշվել, ինչի պատճառով էլ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստանից» Նոռա Առուստամյանը ձեռնպահ քվեարկեց։

Նախագիծը հեղինակել և Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։ Իշխանական խմբակցությունը վստահ է, որ Հայաստանի 2-րդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտը Քոչարյանի վերբերյալ որոշումը կայացնելիս ՍԴ նախագահի կողմից թույլ են տրվել «էական կարգապահական խախտումներ»։

«Իմ քայլի» 4 հիմքերը

Հանձնաժողովի նիստում ներկայացնելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին հիմքերից առաջինը՝ նախագծի հիմնական զեկուցող Սուրեն Գրիգորյանը խոսեց Թովմասյանի քաղաքական անցյալի մասին։

«Հրայր Թովմասյանը մինչև Սահմանադրական դատարանի անդամ դառնալը եղել է Հանրապետական կուսակցության անդամ և 2010-ից ի վեր զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ։ Մեզ համար նաև գաղտնիք չէ, թե ՀՀԿ-ն ինչ սերտ կապեր է ունեցել ու ունի Ռոբերտ Քոչարյանի հետ՝ ՀՀԿ-ն սատարել է Քոչարյանին բոլոր ընտրություններում, բացի դրանից, ՀՀԿ մի շարք նախկին պատգամավորներ, երբ Քոչարյանը կալանավորվել էր, նրա համար երաշխավորագիր ներկայացրին», -նշեց Սուրեն Գրիգորյանը։

Նախագծում մատնանշված երկրորդ հիմքը Հրայր Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի քավոր-սանիկական կապն է։ Զեկուցողի կարծիքով՝ նման կապի առկայության պարագայում Հրայր Թովմասյանը պետք է հեռանար գործի վարույթից, ինչը չի արել։ «Քավոր կամ սանիկ լինելը արատավոր բան չէ, բայց նման հարազատական կապը կարող է կողմնակի դիտորդի մոտ օբյեկտիվ կասկած առաջացնել դատավորի անաչառության վերաբերյալ», -նկատեց Գրիգորյանը։

Մյուս՝ 3-րդ հիմքը 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ Հրայր Թովմասյանի տարբեր հայտարարություններն են ։ «Մեր ներկայացրած նախագծում մենք մատնանշել ենք Հրայր Թովմասյանի հայտարարությունները մարտի 1-ի մասին մինչև արդարադատության նախարար դառնալը և դրանից հետո։ Մինչև նախարար լինելը նա արտահայտում է կարծիք, որ մարտի 1-ի իրադարձությունները ամոթալի էին մեր երկրի համար, և դատավարությունները պետք է կարճվեին։ Իսկ հետո ՝ որպես կառավարության անդամ և ՄԻԵԴ-ում որպես կառավարության ներկայացուցիչ, հայտնում է այլ կարծիք՝ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, արտակարգ իրավիճակի սահմանման հրամանագիրը օրինական է ։ Մենք, այս ամենը ներկայացնելով, ասում ենք, որ ցանկացած դատավոր, եթե ունի այս հարցի շուրջ կանխակալ վերաբերմունք, պետք է վարույթից հեռանա»,- մանրամասնեց Սուրեն Գրիգորյանը։

Վերջին՝ 4-րդ հիմքը Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջների խախտումն է։ Ըստ օրենքի, վարույթին դատավորի մասնակցության անհնարինության հարցը պետք է քննվի մինչև որոշման քննությունը։ «Հրայր Թովմասյանը, այս ամենի մասին տեղյակ լինելով, չի բարձրաձայնել իր՝ վարույթին մասնակցության անհնարինության հարցը, ու այն չի դարձրել ՍԴ-ում քննարկման առարկա», -ընդծեց պատգամավորը։ Ավելին, ըստ Գրիգորյանի, այս հարցը չի բարձրացվել ՍԴ-ում այն բանից հետո, երբ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել ՍԴ երեք դատավորի, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ։

Նախաձեռնությունը քաղաքական ենթատեքստ չունի

Հանձնաժողովի նիստում Սուրեն Գրիգորյանը վստահեցրեց՝ նախագծի հիմքում քաղաքական ենթատեքստ չկա։

«Նախաձեռնության հիմքում քաղաքական շահեր, քաղաքական նպատակահարմարություն չկա։ Հանրությունը պետք է ունենա Սահմանադրական դատարան, որի ասածը լինի աներկբա։ Երբ Սահմանադրական դատարանի դատավորներից թեկուզ մեկի անաչառությունը օբյեկտիվ կասկածի տակ է դրվում և հետևողականորեն չեն անդրադառնում այդ հարցին, դա արդեն կարող է բերել Սահմանադրական դատարանի հեղինակազրկմանը», -ասաց Գրիգորյանը։

Փաստաթղթի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առայժմ որևէ դիրքորոշում չունի: Հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նիստ կհրավիրեն ու կորոշեն անելիքը։ Նաև հիշեցրեց, որ խմբակցությունը ժամանակին դեմ է եղել ՍԴ անդամի պաշտոնում Հրայր Թովմասյանի առաջադրմանը։

«Մենք ունեինք մեր հիմնավորումները՝ նա չէր համապատասխանում այդ չափորոշիչներին և չէր կարող լինելՍԴ նախագահ։ Ինչ վերաբերում է հիմա ներկայացված փաթեթին, բնականաբար, մենք լսեցինք ձեր բոլոր հիմնավորումները։ Առաջիկայում մենք կքննարկենք հարցը ու որոշում կկայացնենք։ Միայն մի բան կասեմ՝ «Բարգավաճ Հայաստանը» երբևէ կաշկանդված չի եղել ոչ քաղաքական, ոչ իրավական խնդիրներով։ Մեր որոշումը առաջիկա կհրապարակվի առաջիկա օրերին», - հայտարարեց Զոհրաբյանը։

«Բարգավաճ Հայաստանից» Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ սա անձի հարց չէ, և անհրաժեշտ է ինստիտուցիոնալ լուծում։ «Կա՞ն հիմքեր, եթե կան, ուրեմն պետք է լիագումար նիստում քննարկել և ընթացք տալ դրանց։ Մեզ համար Հրայր Թովմասյանը չի կարևորը, նա իմ աչքի լույսը չի ու նրա նման շատերը։ Այստեղ այդ հարցը չի լուծվում։ Մենք պետք է կարողանանք ձևավորել մշակույթ, որ վերանանք անձնական հետապնդումներից։ «Բարգավաճ Հայաստանը» շահագրգռված է, որ խնդիրը լուծվի Սահմանադրությամբ» նշեց Պետրոսյանը։

Արձագանքելով Պետրոսյանին՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատեց, որ խորհրդարանական մեծամասնությանը կարող է բավարարել միայն ՀՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա կայացված որոշումը։

«Կողմ ենք քվեարկելու այն հիմնավորմամբ, որ Սահմանադրական դատարանն ինքը որոշի՝ այստեղ էական կարգապահական խախտում կա՞, թե՞ ոչ, որովհետև Ազգային ժողովը էական կարգապահական խախտում արձանագրող մարմին չէ», - «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը ներկայացրեց նույն խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

ԱԺ լիագումար նիստում քննարկվելուց և ձայների 3/5-ով ընդունվելուց հետո նախագիծը կուղարկվի Սահմանադրական դատարան։ Եթե այն վարույթ ընդունվի, ՍԴ նախագահի լիազորությունները կկասեցվեն, և նա հանդես կգա որպես պատասխանող։