Նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ

սեպտեմբերի 27, 2019

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ դարձնելու վերաբերյալ կառավարության առաջարկին: Այսօր, սկսած 2015թ. հուլիսի 1-ից, նվազագույն աշխատավարձը 55000 դրամ է: Կառավարությունը նախատեսում նվազագույն աշխատավարձի նոր չափը կիրառել 2020թ. հունվարի 1-ից:

Կառավարությունը հաղթեց «Իմ քայլի» պատգամավորներին

Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ նախագիծը դեռ մայիս ամսին ներկայացրել էին ԱԺ տնտեսական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովների նախագահներ Բաբկեն Թունյանը և Վարազդատ Կարապետյանը: Նրանք, սակայն, առաջարկում էին 55000-ը դարձնել 63000: Կառավարությունը չընդունեց պատգամավորների այս առաջարկը և հունիսի 27-ի նիստին որոշեց ավելացնել ևս 5000 դրամ:

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր պատգամավորների նախագիծը: Կառավարության ներկայացուցիչները առաջարկեցին իրենց տարբերակը, որի հետ կապված իր մտահոգությունը հայտնեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նա ասաց. «Թող թյուր տպավորություն չստեղծվի, որ կառավարությունն ուզում է նվազագույն աշխատավարձը ավելի շատ բարձրացնել, իսկ պատգամավորները չեն ուզում: Բայց դուք գնահատե՞լ եք, թե ձեր առաջարկն ինչ ազդեցություն կունենա տնտեսության ու բիզնեսի, հատկապես ՓՄՁ-ների վրա: Դա գործազրկություն կամ ստվեր կարող է առաջացնել: Լավ կլիներ, որ այս քննարկմանը ներկա լիներ նաև էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն ու այդ հարցին պատասխաներ»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային կենտրոնի ղեկավար Արման Սարգսյանն ասաց, որ իրենք մի քանի ամիս բազմակողմանի ուսումնասիրություններ են կատարել, բայց միանշանակ գնահատական տալը դժվար է: «Բայց բիզնեսի հետ մեր շփումների ժամանակ բացասական արձագանք չենք ստացել»,- հավելեց նա:

«Իմ քայլից» Արտակ Մանուկյանն էլ հետաքրքրվեց, թե ի՞նչ ռիսկեր է պարունակում նվազագույն աշխատավարձի բարձրացումը գործազրկության կամ աշխատուժը ստվեր տեղափոխելու համար: Նախարարության ներկայացուցիչը ընդունեց, որ ռիսկի գործոնն առկա է, բայց դա գնահատելը, ասաց՝ հնարավոր չէ:

Վարազդատ Կարապետյանը կառավարության առաջարկին կողմ էր: Ասաց՝ աշխատավարձ բարձրացնելով պետությունը ավելի լավ աշխատելու մոտիվացիա կստեղծի, մինչդեռ Բաբկեն Թունյանն ու ԲՀԿ-ի պատգամավոներն առաջարկեցին ընդունել փոխզիջումային տարբերակ` 2020թ. հունվարի 1-ից սահմանել նվազագույն աշխատավարձի 63.000 դրամ շեմը: Եվ եթե այն տնտեսապես ու սոցիալապես արդարացրեց իրեն, ապա 2021թ. հունվարի 1-ից սահմանել 68.000 դրամի շեմը կամ, հնարավոության դեպքում, ավելի բարձրացնել: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը քվեարկության դրվող հարցը ձևակերպեց այնպես, որ պետք է ընդունվեր կամ կառավարության առաջարկը, կամ` պատգամավորներինը: Ընդունվեց կառավարության առաջարկը, որը կներառվի պատգամավորների ներկայացրած նախագծում:

Քննարկմանը ներկա պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները համաձայն էին, որ աղքատությունը վերացնելու համար անհրաժեշտ է նվազագույն աշխատավարձը դարձնել 100.000 դրամ, բայց որևէ մեկը չգիտեր, թե կառավարությունը երբ կկարողանա անել դա:

Հավելենք, որ նվազագույն աշխատավարձը բարձրացնելուն զուգահեռ կառավարությունը պետք այնպես փոփոխի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը, որ այս բարեփոխումը չտարածվի պետական համակարգի՝ 68.000 դրամից բարձր աշխատավարձ ստացող աշխատողների վրա: Հակառակ պարագայում կբարձրանա նաև նրանց աշխատավարձը, ինչը բյուջեից կպահանջի բավականին մեծ` 35 մլրդ դրամ:

Ավելի ուշ Արմեն Սարգսյանը Parliamentmonitoring.am-ի տեղեկացրեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը կտարածվի պետական համակարգի շուրւջ 59 հազար և մասնավոր հատվածի շուրջ 178 հազար, ընդհանուր թվով՝ շուրջ 237 հազար աշխատողների վրա: Այսինքն, այսօր Հայաստանում կա մինչև 68.000 դրամ ստացող այդքան աշխատող: Իսկ պետական հատվածում նվազագույն աշխատավարձը 68.000 դրամ դարձնելը բյուջեից կպահանջի լրացուցիչ 9 մլրդ դրամ: Սակայն, ներկաները նկատեցին, որ այդ գումարի 23 տոկոսը եկամտահարկի տեսքով նորից բյուջե կվերադարձվի: Մասնավոր հատվածից գանձվող եկամտահարկը զգալիորեն կնվազեցնի այդ գումարը, և իրականում պետությունն այս բարեփոխման համար կհատկացնի 9 միլիարդից պակաս գումար:

Երկրորդ պայմանագիր` անորոշ ժամկետով

Հանձնաժողովը նույն նիստում դրական եզրակացություն տվեց աշխատողների իրավունքներին վերաբերող ևս մի օրենսդրական նախաձեռնության: «Իմ քայլի» պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Լուսինե Բադալյանը ներկայացրել էին «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» մի նախագիծ, որով առաջարկում էին նույն աշխատողի հետ երկրորդ պայմանագիրը կնքել ոչ թե նորից սահմանափակ ժամկետով, այլև անորոշ ժամկետով: «Եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է  կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկրորդ անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով»,- նշված է նախագծում:

Այդ պարտադիր պայմանը վերաբերելու է թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի գործատուներին: «Նախագծի ընդունմամբ վերացվում է պայմանագիրը շարունակ լուծել- կնքելու կամ երկարաձգելու արատավոր պրակտիկան` դրանք օրենքի ուժով դարձնելով անորոշ ժամկետով կնքված պայմանագրեր: Բացի այդ, նախագծով սահմանվում է, որ համատեղությամբ աշխատանքային պայմանագիրը ևս պետք է կնքել անորոշ ժամկետով: Այս նախագիծը միտված է պաշտպանելու աշխատողի իրավունքները, որ աշխատանքային պայմանագիրը նորից կնքելու-չկնքելու վտանգը կախված չլինի նրա գլխին: Իսկ մշտական աշխատանք ունենալու գիտակցումը նրա համար կլինի ավելի արդյունավետ աշխատելու մոտիվացիա»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը: